loader
< Վերադառնալ
img

14.10.2024

Ընկերներից շատերը բարեհաջող ամուսնացած են, իսկ դուք շարունակ պտտվում եք անհաջող հարաբերությունների փակ շրջանու՞մ: Նոր հարաբերությունները սկսում եք ոգևորությամբ ու լավագույն մտադրություններով, բայց ավարտում եք փաստելով հերթական սխալ ընտրությունը: Ձեր ընտրյալը՝ զուգընկերը կամ պոտենցիալ ամուսինը, ունի լուրջ կախվածություններ կամ բռնության հակում կամ էլ ամեն առումով ճիշտ ընտրություն է, պարզապես վաղուց կատարել է իր սեփական ընտրությունը ու ամուսնացած է: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց բոլոր սխալ ընտրությունների հետևանքը մեկն է՝ դուք դժբախտ եք, անտեսված ու չհարգված հարաբերություններում: Հարց է ծագում՝ ինչու են ձեզ ընտրել: Հիմնականում բավարարելու համար սեփական կարիքները, լինի դա արկածախնդրությունը, խնամված ու հոգ տարված լինելու պահանջը, սեփական հոգսերը ու խնդիրները ուրիշին հանձնելու ցանկությունը, բռնության հակումը ապահով ու առանց հետևանքների արտահայտելու հնարավորությունը: 

Իրականում ձեզ այս հարցը չպետք է շատ մտազբաղեցնի: Շատ ավելի էական է հասկանալ՝ ինչու եք դուք շարունակ հայտնվում նույն անցանկալի իրավիճակում: Ինչու՞ եք ընտրում տղամարդկանց, որոնք հանդես են գալիս բազում խնդիրներով, հիվանդագին հակումներով ու կախվածություններով, անհարգալից առաջարկներով: Սխալ ընտրությունների պատճառները տարբեր են:

Պատճառ # 1 Ծնողների հետքերով

Ոչ ոքի համար գատնիք չէ, որ աղջիկները ամուսին ընտրելիս շատ հաճախ են առաջնորդվում իրենց հայրերի կերպարով: Խոսքը ոչ թե հոր ու ամուսնու ակնհայտ ֆիզիկական կամ ներքին նմանության մասին է, այլ ավելի հաճախ պահվածքի ու վարքի այն օրինաչափությունների ու ընդունված նորմերի, որոնք մանկուց ընդօրինակվում ու յուրացվում են ենթագիտակցորեն, իսկ հետո մեխանիկորեն սեփականաշնորհվում: Ավելի պարզ ասած, տան մթնոլորտը, ծնողների շփումը միմյանց հետ ու յուրաքանչյուրի շփումը երեխայի հետ անջնջելի հետք են թողնում երեխայի վրա։ Ապագայում, որպես չափահաս, շփման այդ ձևը շատ հաճախ հակված է վերարտադրելու ավելի քան որևէ այլ պահվածք, որին ծանոթ չէ: Բռնությանը ու կախվածությանը ականատես եղած շատ աղջիկներ հաճախակի կրկնում են իրենց մայրերի ճակատագրերը ու վերարտադրում մանկուց ծանոթ սցենարները:

Պատճառ #2 Ինքնավստահության ու ինքնահարգանքի պակաս

Շատ աղջիկներ փորձում են արժանանալ սիրո կամ վաստակել այն ծանր հարաբերություններում՝ ցուցաբերելով համբերություն: Ոմանք էլ ներքուստ անգիտակցաբար իրենց անարժան են համարում լիարժեք հարաբերությունների համար ու ենթագիտակցորեն ընտրում ոչ ազատ տղամարդկանց, ում հետ չեն կարող ընտանիք կազմել: Անինքնավստահ կնոջը կարող է թվալ, որ իրեն երբեք չեն ընտրի իր տեսակի համար ու հարկավոր է սխրագործություններ գործել ու ապացուցել իր արժանի ու լավը լինելը տվյալ տղամարդու համար: Ոմանք էլ գիտակցաբար են ընտրում խնդիրներով անհատին՝ վստահ լինելով, որ իր պատկերացրած լավ ու կատարյալ տղամարդը իրեն չի ընտրի: Իսկ եթե ընտրի, ամուսնության առաջարկ չի անի:

Պատճառ # 3 Միայնակ լինելու վախը

Ապագայի հանդեպ անորոշությունը ու միայնակության վախը հաճախ դրդում են հափշտապության ու չմտածված քայլերի: Ֆինանսական անկախության ու ինքնուրույնության բացակայությունը միայն նպաստում է սխալ ընտրության կայացմանը ու վատ առաջարկների հետ հաշտմանը: Երբեմն անձնական կյանքում միայնակ լինելուց ու ֆինանսապես ինքնուրույն ապրելուց այնքան են խուսափում, որ մի անառողջ հարաբերությունից պարզապես անցնում են մյուսի:

Պատճառ # 4 Դիմացինին փոխելու հույսը

Ամենաանիրատեսական սպասումը, որ կիսում են շատ կանայք, վստահությունն է, որ կարող են փոխել տղամարդուն նրա հետ կենակցելուց կամ ամուսնանալուց հետո: Փոփոխություն ոչ միայն տեղի չի ունենում, այլ փոխվելու, ուրիշին հարմարվելու առաջարկը դառնում է կոնֆլիկտի ու վեճերի առիթ: Հուսախաբությունից խուսափելու համար արժե ընդունել այն միտքը, որ դուք ապրելու եք հենց այնպիսի տղամարդու հետ, ինչպիսին ակնհայտորեն տեսնում եք: Դեռ ավելին, այն բոլոր թերությունները, որ նկատում եք տղամարդու հետ շփվելիս, կրկնապատվում են ամուսնության ու համատեղ կենակցության ժամանակ: Որովհետև դուք տեսնում եք բացասականի մի հատվածը, բնավորության գծի սահմանափակ արտահայտում, իսկ կենցաղում ու առօրյա կյանքում բացասական բոլոր գծերը երևում են ամբողջ ուժով ու ամենօրյա հաճախականությամբ:

Պատճառ # 5 Ձախողում եք նկատել ու հակված եք հերքելու իրականությունը

Սիրահարվածությունը ու ռոմանտիկ մթնոլորտը հաճախ այնքան են մթագնում սթափ դատելու ու գնահատելու մեր կարողությունը, որ ոչ միայն չենք նկատում ակնհայտ արատները, այլև համառորեն հերքում ենք դրանց գոյությունը, երբ հարազատներից մեկը մեզ այն մատնացույց է անում: Խոսքը իհարկե ձեզ նախանձող ընկերների ու հարևանների մասին չէ, որ վատաբանում ու արժեզրկում են ձեր շուրջը գտնվող տղամարդկանց՝ չցանկանալով տեսնել ձեզ ավելի երջանիկ, քան իրենք են: Լսեք խորհուրդ ու կարծիք հարազատներից, ում վստահում եք, ում անկեղծության մեջ համոզված եք, ու առավել ևս, ում դատողությունը մինչ այդ պահը հարգել ու ընդունել եք: Կատարյալ ու անթերի մարդիկ գոյություն չունեն: Բայց պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ ու հերքել ակնհայտ արատավոր պահվածքի գոյությունը: Մի՛ արդարացրեք անընդունելին ու մի՛ ընդունեք այն վերաբերմունքը ձեր անձի նկատմամբ, որից հետո ձեզ զգում եք վիրավորված ու նսեմացված:

Կյանքում կան իրադարձություններ, որոնք դուրս են մեր վերահսկողության տիրույթից: Բայց անձնական կյանքում սխալ ընտրության համար ճակատագրին մեղադրելու փոխարեն պատասխանատվություն վերցրեք սեփական որոշումների համար ու հասկացեք դրանց պատճառը:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan1350
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Տոքսիկ մարդիկ ձեր շրջապատում. ինչպե՞ս ճանաչել ու ո՞նց վարվել։ Մաս երկրորդ

Տոքսիկ մարդկանց նկատում ենք աշխատավայրում կամ ընկերների ու բարեկամների մեջ: Ինչպե՞ս վարվել նման մարդկանց բացահայտելուց հետո...Ավելին

img

Փոխակերպելով տագնապի զգացումը. ինչպե՞ս հանգստանալ, երբ անհանգստանում ենք

Տագնապը բացասական սպասումների ֆիզիկական ու մենթալ վիճակն է: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անհանգստանում ու մտահոգվում ենք...Ավելին

առավել ընթերցվող