loader
< Վերադառնալ
img

04.10.2024

Տագնապը բացասական սպասումների ֆիզիկական ու մենթալ վիճակն է: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անհանգստանում ու մտահոգվում ենք: Տագնապը նորմալ արձագանք է սթրեսային իրավիճակներում: Ավելին, վախի ու տագնապի զգացումը մեզ անհրաժեշտ են եղել դարեր շարունակ վտանգավոր իրավիճակներում գոյատևելու համար: Բայց երբ տագնապը դառնում է մեր մշտական առօրյա ուղեկիցը, երբ պահպանվում է ակնհայտ վտանգի բացակայության դեպքում, այն վնասում է մեր առողջությունը ու էապես վատթարացնում կյանքի որակը:

Անհանգստության ու տագնապի զգացումը ունի արտահայտման հիմնական երկու ձև: Առաջինը կպչուն, անհանգստացնող մտքերն են, հնարավոր վտանգների մտովի պատկերացումն ու վերապրումը: Անհանգստության դրսևորման երկրորդ ձևը ֆիզիկական փոփոխություններն են՝ սրտի աշխատանքի արագացում, ընդհատվող շնչառություն, քրտնարտադրություն, քնի խախտում, անհանգիստ քայլվածք, կրկնվող շարժումներ, գլխացավեր: Տագնապի զգացումը ծնում է նաև խուճապի, անօգնականության ու անելանելիության զգացում: Կանայք ավելի հաճախ քան տղամարդիկ հակված են տրվելու տագնապի ու անհանգստության զգացումներին: Երբ ապրում ենք տագնապի սուր զգացում, խուճապի հարձակումներ, էլ ավելի ենք վախենում իրավիճակի անվերահսկելիությունից, վախենում ենք, որ այլևս չենք կառավարում մեր մարմինը: Ու մեր տագնապային մտքերին ու վախերին ավելանում է նաև նոր վախ՝ խուճապի հարձակումների վախը, երբ սրտի աշխատանքի ու շնչառության կտրուկ սրացումը սպառնում է մեր ֆիզիկական ու մենթալ առողջությանը: Մենք անհանգստանում ենք, որ անսպասելիորեն ու ամենաանհարմար իրավիճակում ակամայից կտրվենք տագնապային ապրումներին ու չենք վերահսկի մեր մարմինն ու միտքը:

Երբ տագնապը շատ է անհանգստացնում, դիմում են դեղորայքի կամ հոգեբանական խորհրդատվության: Բայց մինչ պրոֆեսիոնալ միջամտության անցնելը առաջարկում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կմեղմացնեն ձեր անհանգստությունը:

Վերափոխեք ձեր մտածելակերպը

Ինչպես միշտ, ամեն փոփոխություն սկսվում է մտքերից: Հաշտվեք ձեր մտքում անհանգստության հնարավոր արտահայտման հետ: Որքան շատ սարսափեք տագնապ երևույթից, այնքան շատ կավելացնեք վերջինիս կործանիչ ազդեցությունը ձեր կյանքում: Ձեր նպատակը ոչ թե տագնապի զգացումը բացառելն է ձեր կյանքից, այլ միայն այն պահելը այնպիսի չափով ու այնպիսի մակարդակում, որ չունենա բացասական ազդեցություն ձեր կյանքի վրա ու լինի վերահսկելի: Անհանգստության նպատակը ձեզ հուշելն է հնարավոր վտանգների մասին, որպեսզի դուք դիմեք միջոցների անհրաժեշտության դեպքում: Այն նաև շատ բան կարող է բացահայտել ձեր ներքին վախերի ու այն ամենի մասին, ինչ ձեզ համար թանկ է: Օգտագործեք անհանգստության զգացումը որպես հուշում, ինքնաճանաչողության հնարավորություն, վախերին առերեսվելու միջոց: Օգտագործեք այն, այլ ոչ թե խուսափեք դրանից:

Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը կարող եք վերահսկել

Անհանգստության զգացումի վատթարագույն բաղադրիչը վերահսկողության կորուստն է ու անօգնականության զգացումը: Այն մեղմացնելու նպատակով գտեք անհանգստացնող ցանկացած իրադարձության մեջ կառավարելի երևույթներ ու քայլեր ձեռնարկեք դրանց վրա ազդելու համար: Խուսափու՞մ եք հանդիպումից, նախապես պատրաստվեք, անհանգստացնող ելույթից ու հարցազրույցից առաջ մշակեք ձեր խոսքը, առողջության համար անհանգատանալու փոխարեն անցեք մշտական բժշկական զննումներ, երեխային սպառնացող վտանգների մասին մտահոգվելիս ապահովեք նրա տարրական անվտանգությունը՝ ըստ ծագած իրավիճակի: Ցանկացած վախ ու անհանգստություն ունի վերահսկելի ու կառավարելի բաղադրիչ: Կատարեք կանխարգելիչ բոլոր միջոցները:

Անցեք գործողության․ լուծումներ մշակեք

Անհանգստության զգացումը դրդում է պասիվ, ինքնամփոփ վարքագծի, երբ տագնապից կաթվածահար եղած անձը միայնակ է մնում իր մտքերի, վախերի ու անհանգստությունների հետ՝ անվերջ վերապրելով դրանք: Հետևելով վերոհիշյալ խորհրդին՝ վերահսկել այն ամենը, ինչ հնարավոր է, պատրաստակամ եղեք լուծումներ տեսնելու ու ստեղծելու: Քայլեր ձեռնարկեք փոխելու ու բարելավելու ձեր կյանքում ու կոնկրետ իրավիճակում այն ամենը, ինչ կնպաստի ձեր ներքին խաղաղությանը, լինի դա անհրաժեշտ զրույց ու ինքնաարտահայտում, թե արտաքին գործոնների փոփոխություն: Տագնապալից մտքերի հոսքին մի տրվեք, այլ գիտակցաբար ընտրեք ու համաձայնեք միայն դրական մտքերի հետ: Երբ գիտեք, որ արել եք այն ամենը, ինչ ձեր կարողության տիրույթում էր, գործողություններ եք ձեռնարկել նստելու ու անհանգստանալու փոխարեն, տագնապը վերափոխում եք ու ծառայեցնում ձեր կարիքներին:

Ստեղծեք ձեր ներքին խաղաղությունը

Ներքին խաղաղությունն ու անդորրը այն երանելի հանգրվանն են, որին ձգտում են տագնապից տառապող անձիք: Հակառակ տարածված կարծիքի՝ խաղաղությունը հնարավոր չէ գտնել որևէ վայրում բացի ինքներդ ձեզանից, ու հնարավոր չէ փոխանցել որևէ մեկին կամ ստանալ որևէ մեկից: Խաղաղությունը ներքին ապրում է, մտածելակերպ ու հոգեվիճակ: Որոշ մարդիկ փորձում են խաղաղության աղբյուր գտնել բնության մեջ գտնվելիս, այլք խաղաղվում են սիրելիների հետ շփման ու ինքնաարտահայտման ընթացքում: Շատերիս համար՝ որպես քրիստոնյաների, խաղաղությունը տրվում է հավատքի արդյունքում ու որպես հավատքի հետևանք:

Եվ վերջում առաջարկում ենք փոքրիկ հնարք , որ կարող եք օգտագործել տագնապի սուր զգացումը ու խուճապի անսպասելի հարձակումները մեղմելու համար: Այն կոչվում է տագնապի 333 կանոն: Կանոնի տրամաբանությունը այն է, որ անվերահսկելի խուճապի ու տագնապի ժամանակ փորձեք նկատել 3 իր, լսել 3 հնչյուն ու շոշափել 3 առարկա կամ մարմնի մաս: Այս թվացյալ անհեթեթ առաջարկի իմաստը ձեզ հնարավորինս շեղելն է ձեր իսկ զգայարանների՝ տեսողության, լսողության ու շոշափելիքի միջոցով: Այս մեթոդը օգնում է սևեռել ուշադրությունը այլ ուղղությամբ՝ ամրապնդելով շրջակա միջավայրի գիտակցված ընկալում, առանց որի անհնար է նվազեցնել չգիտակցված բացասական զգացումները: Այս կանոնը գործնականում հեշտությամբ կիրառվում է:

Տագնապը կարող է ձեզ ծառայել, եթե այն պահեք վերահսկելի մակարդակում՝ օգտագործելով որպես շարժառիթ ավելի պատրաստված լինելու տարբեր իրավիճակներում ու որպես հնարավորություն ճանաչելու սեփական վախերը:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan3120
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող