loader
< Վերադառնալ
img

19.09.2024

Տոքսիկ մարդկանց նկատում ենք աշխատավայրում կամ ընկերների ու բարեկամների մեջ: Նրանք բոլորը իրենց տարբեր դրսևորումներով ունեն մեկ ընդհանուր բան. նրանց հետ շփումից հետո սեփական անձի մասին կարծիքը վատթարանում է, ընդհանուր մտածողությունը ստանում բացասական ուղղվածություն: Ինչպե՞ս վարվել նման մարդկանց բացահայտելուց հետո:

Կենտրոնացեք լուծումների, այլ ոչ թե խնդրի վրա

Երբ անընդհատ հիշում ենք մեր տոքսիկ ծանոթներին, նրանց ասածներն ու արածները, դառնում ենք բացասական, նեգատիվ մտքերի աղբյուր ու սնվում հնչեցված տոքսիկ մեկնաբանություններով ու մտքերով: Անդադար մի վերապրեք տոքսիկ մարդկանց հետ ձեր հանդիպումները ու խոսակցությունները՝ վերհիշելով ամեն մանրուք ու նորից զգալով տհաճ զգացողությունների ողջ հոսքը: Դա փակուղի տանող ու նրանց բացասական ազդեցությունը ավելացնող ճանապարհ է: Փոխարենը մտածեք այդ ազդեցությունը նվազացնելու հնարավոր լուծումների մասին:

Կրճատեք շփումը

Նվազեցրեք այն ժամանակը, որը անցկացնում եք տոքսիկ մարդկանց հետ: Խուսափեք հանդիպելուց, երբ կա հարմար պատրվակ: Ոչ միայն մի՛ նախաձեռնեք հանդիպումներ ու շփում, այլ նաև հնարավորինս չեղարկեք եղած առաջարկները: Գործնական շփումը պահեք գործնական, մի՛ ընկերակցեք ու մի՛ մտերմացեք: Բարեկամների մեջ տոքսիկ մարդկանցից խուսափեք, որքանով որ դա հնարավոր է: Շատ ավելի հեշտ է կրճատել շփումը ծանոթների, ընկերների ու հեռու բարեկամների հետ:

Սահմաններ ֆիքսեք

Միշտ չէ, որ հնարավոր է խուսափել որոշ մարդկանց հետ շփումից, որքան էլ մեծ լինի ցանկությունը: Աշխատակիցների ու մոտ բարեկամների հետ գրեթե հնարավոր չէ այն ֆիզիկապես բացառել: Բայց միշտ էլ հնարավոր է ձեր ու նրանց միջև հեռավորություն ու պատնեշ ստեղծել էմոցիոնալ մակարդակում: Սահմանեք ձեր անձնական տարածությունը ու մի ներգրավվեք բոլոր շփումների մեջ: Ֆիզիկապես ներկա լինելով՝ եղե՛ք բացակա զգացմունքների մակարդակում: Տհաճ հարցերին մի պատասխանեք, պատասխանելիս արեք դա ուշացումով, տվեք հակիրճ, ոչինչ չասող պատասխաններ առանց մանրամասների: Հնարավորության դեպքում հարցին պատասխանեք հարցով: Մի ծիծաղեք վիրավորական կատակների վրա: Եթե վիրավորվել եք, առնվազն մի ձևացրեք, որ ասածը կատակ էր: Անգամ եթե չեք գնում առճակատման ագրեսիվ անձի հետ, մի խրախուսեք նրա պահվածքը: Տոքսիկ մարդիկ սնվում են կողքինների էներգիայով ու ուշադրությամբ: Զրկեք նրանց այդ հնարավորությունից: Ֆիզիկապես ներկա լինելով, տհաճ իրավիճակը չսրելով ու չտանելով ակնհայտ կոնֆլիկտի՝ կարողացեք ձեզ պաշտպանել՝ անտեսելով տոքսիկ պահվածքը, ցուցադրելով նվազագույն զգացմունքներ տոքսիկ անձի հանդեպ, չտրվելով  ինքնաարդարանալու սուր ցանկությանը: Նեգատիվ մտածելակերպը ու բոլորին անդադար քննադատելու ու մեղադրելու, վատաբանելու սովորությունը չի փոխվի, անգամ եթե ներկայացնեք արդարացնող լավագույն փաստարկները: Տոքսիկ մարդկանց հետ շփվելու կարևորագույն կանոններից է դադարեցնել նրանց դուր գալու, սեփական անձը լավագույն կողմից ներկայացնելու փորձերը:

Մի ակնկալեք փոփոխություն

Անհիմն հույսերը տանում են հիասթափության: Մի սպասեք, որ մի օր տոքսիկ անձը կգա ու ներողություն կխնդրի իր պահվածքի համար ու կսկսի կյանքը նոր էջից: Փոփոխությունը ենթադրում է պատասխանատվություն ու սխալների ընդունում, իսկ տոքսիկ մարդիկ չեն ընդունում իրենց սխալները, հակառակ դեպքում չէին լինի տոքսիկ: Դուք պատասխանատու չեք նրանց համար: Լավ խորհուրդը առավելագույնն է, որ կարող եք տալ, բայց այն ընդունելու համար պատրաստակամություն է պետք: Միաժամանակ դուք լիովին պատասխանատու եք սեփական անձի ու կյանքի համար: Ձեր արձագանքը ու պահվածքը տոքսիկ մարդկանց միջավայրում գտնվում է հենց ձեր տիրապետության տիրույթում: Դիտարկեք նրանց որպես գրգռող գործոն, որ ամրացնում է ձեր ներքին դիմադրողականությունը: Պահպանեք ինքնատիրապետումը ու դրական մտածելակերպը նույնիսկ նյարդայնացնող իրավիճակներում: 

Լիցքաթափվեք բացասականից

Եթե մի ամբողջ օր եք անցկացրել տոքսիկ միջավայրում, կարևոր է օգտվել բոլոր հնարավորություններից՝ վերականգնելու համար մենթալ առողջությունը: Ձեր շրջապատում գտեք կենցաղասեր ու բարյացակամ մարդկանց: Ընկերակցեք ու մտերմացեք այն անձանց հետ, որոնք ձեզ հետ կկիսվեն իրենց ուրախությամբ, հաջողություններով ու կյանքի հանդեպ դրական մոտեցումով: Կատակեք ու ծիծաղեք միասին: Լիցքաթափվեք նաև լավ ֆիլմերի ու գրքերի ուղեկցությամբ: Կյանքից վերցրեք դրականը, նկատեք այն ամենուրեք ու ստեղծեք, եթե չկա:

Տոքսիկ մարդկանց հայտնվելը ձեր կյանքում կարող է ձեր կամքից անկախ լինել: Բայց հենց ձեր որոշումն ու ընտրությունն է, թե ինչպիսի անդրադարձ դա կունենա ձեր կյանքի վրա:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan2748
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Ինչո՞ւ եք շարունակ ընտրում սխալ զուգընկերների

Ընկերներից շատերը բարեհաջող ամուսնացած են, իսկ դուք շարունակ պտտվում եք անհաջող հարաբերությունների փակ շրջանու՞մ...Ավելին

img

Փոխակերպելով տագնապի զգացումը. ինչպե՞ս հանգստանալ, երբ անհանգստանում ենք

Տագնապը բացասական սպասումների ֆիզիկական ու մենթալ վիճակն է: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անհանգստանում ու մտահոգվում ենք...Ավելին

առավել ընթերցվող