loader
< Վերադառնալ
img

06.02.2025

Սիրելիների հետ հարաբերությունները մեծագույն ուրախության աղբյուր են: Բայց նույնիսկ ամենաջերմ հարաբերություններում մենք նեղանում ենք մեր սիրելիներից, համարում, որ մեր հանդեպ սխալ են եղել ու ցավեցրել են մեզ խոսքով կամ պահվածքով: Ցավն ու հիասթափությունը, որ ապրում ենք, երբ տան անդամը, հարազատը, սիրելին չի արդարացնում մեր սպասումներն ու վստահությունը խոցում են մեր անձը ու փոխում նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքը կամ առնվազն կարծիքը: 

Ամեն հարաբերություն եզակի փոխազդեցություն է երկու անհատների միջև, որոնցից յուրաքանչյուրը իր համոզմունքների, կյանքի փորձի ու էմոցիոնալ խթանիչների պաշարով: Կյանքի տարբեր շրջանները նավարկելիս կարծիքների տարբերությունը անխուսափելի է, իսկ երբեմն հանգեցնում է բախումների ու կոնֆլիկտների: Երբ վիրավորանքները կուտակվում են, փոխըմբռնումը՝ բացակայում, կոնֆլիկտները երկարում են ու խնդիրները խորանում:

Բայց նույնիսկ դժվարագույն իրավիճակներում արձագանքելու ընտրությունը ձերն է: Հենց կրիտիկական պահերին է փորձվում ձեր հարաբերությունների իրական ուժը: Կա՛մ կոնֆլիկտը կկուտակվի՝ խորացնելով էմոցիոնալ հեռավորությունն ու դժգոհությունը, կա՛մ կծառայի որպես կամուրջ ավելի խորքային ըմբռնման ու ավելի ամուր կապվածության համար: Այն, թե ինչպես կկառավարեք ստեղծված իրավիճակը, ոչ միայն կարտացոլի ձեր էմոցիոնալ ապրումները, այլ նաև կձևավորի ձեր հարաբերությունները:

Այսպիսով, ի՞նչ անել, երբ սիրելիի խոսքից կամ արարքից ձեզ վիրավորված եք զգում:

Պարզաբանեք մինչև նեղանալը

Պատահում է, որ նեղանում ենք ենթադրյալ, այլ ոչ թե իրական վիրավորանքից: Երբեմն վիրավորական իմաստ ենք տեսնում այն պահելաձևում կամ խոսքի մեջ, որտեղ այն իրականում բացակայում է: Պարզաբանեք ձեր սիրելիներից՝ ինչ նկատի ունեին որևէ բան ասելուց կամ անելուց: Վստահ եղեք, որ ճիշտ եք ընկալել եղածը ու չկա թյուրըմբռնում:

Մի՛ թաքցրեք, որ վիրավորվել եք

Երբ արտաքուստ ձեզ պահում եք այնպես, կարծես ոչինչ չի եղել, իսկ ներքուստ ցավ եք ապրում, սխալ ազդակներ եք ուղղում ձեր հարազատներին: Նրանք կարող են ենթադրել, որ իսկապես ոչ մի անտեղի բան չեն արել կամ ասել: Կամ կարող են սովորել, որ ձեզ վատ վերաբերվելը նորմալ է ու ընդունելի: Հստակ խոսեք ձեր զգացմունքների մասին ու կիսվեք ձեր ապրումներով: Մատնացույց արեք այն խոսքը ու երևույթը, որ ձեզ ցավ է պատճառում ու անընդունելի է ձեզ համար:

Փորձեք հասկանալ դիմացինի շարժառիթը

Պատահում է, որ հարազատների ագրեսիվ խոսքի կամ դյուրագրգիռ վարքի աղբյուրը բնավ դուք չեք: Օրվա մեջ աշխատավայրում կուտակված բացասական էմոցիաները իրենց արտահայտումն են գտնում ավելի ապահով միջավայրում: Կամ երկարատև կուտակված դժգոհությունն ու անբավարարվածությունը հարաբերությունների որակով իրենց սուր պոռթկումն են գտնում խոսքի ու պահվածքի մեջ: Փորձեք գտնել ագրեսիայի ու դյուրագրգռության իրական պատճառը: Օգնեք հարազատներին լիցքաթափվել այն բացասականից, որ կուտակվել է ընտանիքից դուրս միջավայրում ու կիսվել ձեզ հետ մտահոգիչ հոգսերով: Իսկ եթե պատճառը հենց ձեր հարաբերություններն են ու դրանցում եղած չարդարացված սպասումները, բացահայտ խոսեք միմյանց կարիքների ու ակնկալիքների մասին: Չկա լուծում, քանի դեռ չկա բարձրաձայնված խնդիր:

Մի՛ մեղադրեք ինքներդ ձեզ

Իրավիճակին կողքից նայելու, դիմացինի աչքերով ընկալելու կարողությունը կարևոր է հնարավորինս անկողմնակալ մնալու համար: Բացի այդ, սիրելիներին հասկանալու ու ապրումները կիսելու կարողությունը առողջ հարաբերությունների գրավականներից է: Սակայն ինքնամեղադրանքն ու պարսավանքը լուծումներ չեն առաջարկում: Ավելին, երբ յուրաքանչյուր կոնֆլիկտի կամ տարաձայնության համար միայն ձեզ եք պատասխանատու համարում, միակողմանի մեղադրում հարաբերությունների ակնման մեջ, ինքնուրույն փորձում ամեն ինչ հարթեցնել, ավելի լավը դառնալ ու առիթ չտալ դառը խոսքի համար, դադարում եք հարաբերության մեջ գտնվել այլ անձի հետ ու ընկնում ինքնաքննադատության, ամոթանքի ու մեղադրանքի ճահիճի մեջ: Հարաբերությունների համար միշտ երկու հոգի են պատասխանատու, ու յուրաքանչյուրն ունի իր բաժին սխալը, երբ դրանք անկում են ապրում: Երբ սիրելիները ցավ են պատճառում, մտածեք՝ ինչ կարող եք հենց դուք անել ու ինչ կարող է միայն դիմացինը անել՝ վերականգնելու համար առողջ մթնոլորտը:

Ներե՛ք, բայց բացառեք ինքնաթողությունը

Հնարավոր չէ պատկերացնել տասնամյակների հարաբերություններ, որոնցում ոչ ոք չի սխալվում ու կարիք չունի ներված լինելու: Ներե՛ք առանց վրեժխնդրության մտադրության ու գնահատեք, երբ ձեզ սրտանց ներում են: Ներողամտությունը սակայն չի ներառում ինքնաթողություն: Ֆիքսեք ձեր հանդեպ հարգալից վերաբերմունքի սահմնանները ու մատնանշեք անընդունելի վարքը:

Երբ ցավ ենք ապրում այն մարդկանցից, ում սիրում ենք ու չենք ցանկանում կորցնել, անհրաժեշտ է կարևորել սեփական անձը և կարողանալ հաստատել շփման առողջ սահմաններ: Հարգալից, հավասարակշիռ ու հաստատակամ արտահայտվելու ունակությունը կարող է լավացնել անգամ խորացված խնդիրները ու կանխել նորերը:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan4136
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Դուստրեր, որ մեծացել են առանց հայրերի. բացակա հոր ազդեցությունը

Հայրեր-դուստրեր հարաբերությունները վճռորոշ դեր են խաղում աղջիկների էմոցիոնալ ու հոգեբանական զարգացման հարցում...Ավելին

img

Առաջին սիրային հանդիպում. ինչպե՞ս չսխալվել ընտրության մեջ

Հանդիպումները սոցիալական էքսպերիմենտներ են, փորձերի ու սխալների գործընթաց, որի ընթացքում ժամանակ ենք տրամադրում ճանաչելու ու գնահատելու պոտենցիալ զուգընկերոջը...Ավելին

առավել ընթերցվող