
15.02.2025
Մարդը սոցիալական կենդանի է: Այլ մարդկանց հետ շփումը նրա բարեկեցութան անբաժանելի մասն է: Ընկերական, գործնական և բազում այլ շփումների շարքում սիրային հանդիպումները, առհասարակ՝ զույգ գտնելու ցանկությունն ու պահանջը, ամենահիմնական մարդկային բնազդներից է և չափահասության շրջանի հիմնախնդիրը:
Հանդիպումները սոցիալական էքսպերիմենտներ են, փորձերի ու սխալների գործընթաց, որի ընթացքում ժամանակ ենք տրամադրում ճանաչելու ու գնահատելու պոտենցիալ զուգընկերոջը: Որոշակի ցանկալի որակներ, օրինակ՝ արտաքին գրավչությունը, տեսանելի են առաջին իսկ հայացքից: Իսկ որակական այլ հատկանիշներ ու բնավորության գծեր բացահայտելու համար ժամանակ է հարկավոր:
Առաջին սիրային հանդիպումները հուզիչ նախապատրաստության ու անգամ անհանգստության պատճառ են շատերի համար: Արդյոք ինձ կհավանե՞ն, արդյոք տեսքս բավարար գրավի՞չ է, արդյոք հետաքրքիր զրուցակի՞ց եմ: Անվստահությունից բացի մեզ տանջում է նաև առաջին հանդիպման անհայտությունը: Վախենում ենք հիասթափվել դիմացինի մեջ ու չուզենալ կրկնել հանդիպումը: Նման մտքերը բնական են: Բայց որպեսզի ռոմանտիկ երեկոն չզրկվի իր կախարդանքից ու հմայքից, հուզմունքը պետք է վայելել առանց անհանգստության ու լարվածության:
Առաջին սիրային հանդիպման գնալիս մտապահեք հետևյալը:
Զգացեք տարբերությունը ձեր ակնկալիքների ու իրականության միջև
Վայելեք սիրային հանդիպումը առանց վերջնական որոշում ընդունելու վճռականության: Որքան էլ խոստումնալից լինի շփումը ու անթերի առաջին տպավորությունը, դա ընդամենը ծանոթության սկիզբն է: Անհնար է բացահայտել անհատականության բոլոր շերտերը մի քանի ժամվա ընթացքում: Մի ակնկալեք ավելին, քան տեսնում եք դիմացինի պահվածքում ու մի ենթադրեք ավելին, քան լսում եք: Հաճախ զուգընկեր գտնելու ցանկությունը այնքան մեծ է, որ մեր ակնկալիքներն ու պատկերացումները ապագա կյանքի ու «կատարյալ կյանքի կեսի» վերաբերյալ պրոյեկտում, պատկերում ենք իրականության վրա, որտեղ այն գոյություն չունի: Դիմացինի մեջ տեսնում ենք այն, ինչը իրականում մեր մեջ է: Թույլ տվեք, որ ամեն ինչ գնա իր հունով: Վայելեք սիրային հանդիպումները առանց ապագան գծագրելու անհրաժեշտության: Մի բացառեք ո՛չ հիասթափությունը, ո՛չ շփման շուտափույթ ավարտը: Շփվեք առանց շտապողականության ու լարվածության: Թույլ տվեք, որ անձը, ում հետ շփվում եք, բացահայտի ինքն իրեն: Դա ընդամենը ժամանակի հարց է:
Ընդունեք այն, ինչ տեսնում եք
Երբ պահվածքի կամ խոսքի մեջ նորովի եք բացահայտում անծանոթ անձի, հավատացեք ու ընդունեք մարդկային այն տեսակը, որ ձեզ ցույց է տալիս: Սա հատկապես ճիշտ է, երբ անձը կտրուկ փոխում է իր պահվածքը վեճերի ու տարաձայնության ժամանակ կամ անսպասելի իրավիճակներում: Մի արդարացրեք բացասական երևույթները կամ արժեզրկեք դրականը: Հավատացեք, որ անձը ձեզ հետ լինելու է ոչ ավելի լավը, քան այդ պահին է: Մի հորինեք բացատրություններ անընդունելի վարքի համար ու մի ենթադրեք, որ կարող եք փոխել հստակ մտածելակերպ դիմացինի մեջ: Փորձեք կատարվածին նայել կողքից: Ի՞նչ կարծիք կկազմեիք, եթե նման վարք ցուցաբերեր ձեր մոտ ընկերուհու ընտրյալը: Հաճախ որպես խորհրդատու շատ ավելի անաչառ ու սթափ ենք դատում, քան երբ խոսքը վերաբերում է մեր անձնական կյանքին:
Հստակեցրեք ձեր կարմիր գծերը
Երբ ինքներս էլ չգիտենք՝ ինչն է ընդունելի վարք մեզ համար, իսկ ինչը չարժի հանդուրժել, հեշտ է հաշտվել բոլոր այն բացասական երևույթների հետ, որոնք ընթացքում միայն վատթարանալու են: Բնականաբար անթերի մարդիկ ու հարաբերություններ գոյություն չունեն: Անիմաստ է պայքարել յուրաքանչյուր փոքրիկ անհարմարության հետ, որ չի տեղավորվում մեր մտքում ստեղծված «իդեալական աշխարհում»: Նախապես հստակեցրեք սեփական անձի համար այն, ինչին կտրականապես դեմ եք, ու հաշտվեք երկրորդական նշանակության երևույթների հետ: Անընդունելի վարքագիծը նշմարեք որպես կարմիր գիծ, իսկ այն ամենի հետ, ինչ չի ներառում կարմիր գիծը, կարելի է աշխատել ու հարմարվել: Չէ՞ որ հարաբերություններ կառուցելը նաև սեփական հնարավոր փոփոխության ու հարմարվելու կարողության մասին է: Կարմիր գծերը կարևոր ուղեցույց են մեզ համար, երբ տարակուսում ենք սեփական ընտրության մեջ: Նրանք նպաստում են տարանջատելու դիմացինի թերությունները լուրջ արատներից: Կարմիր գծերի շնորհիվ է, որ պահպանում ենք սեփական ինքնահարգանքն ու կարևորագույն արժեքները առանց դառնալու բծախնդիր ու քմահաճ:
Պարզապես վայելեք երեկոն
Ինքնավստահ զգալու համար հիշեք ամբողջ երեկոյի ընթացքում, որ ոչինչ չեք կորցնում մի քանի լավ ժամ լավ վայրում անցկացնելով: Վայելեք միջավայրը ու հաճելի զրույցը: Անգամ եթե առաջին իսկ րոպեներից զգում եք, որ առաջին հանդիպումը կլինի վերջինը, պարզապես լավ ժամանակ անցկացրեք: Վայելեք այն ուշադրությունը, որով շրջապատված եք: Պատրաստվեք լավագույն տեսք ունենալու: Լավ տեսքը միայն նպաստում է լավ ինքնազգացողությանը ու ավելացնում ինքնավստահությունը: Եղեք հանգիստ ու անկաշկանդ: Մի մոռացեք հումոր մասին. այն թուլացնում է ցանկացած լարվածություն: Երջանկությունը այն փոքր ուրախությունն է, որ մեզ թույլ ենք տալիս նկատել ու վայելել:
Կյանքի կես ընտրելիս շփվում ենք, գնահատում, տպավորություններ հավաքում ու ընտրություն կատարում: Սա մեր կյանքի անբաժանելի մասն է՝ լի թե՛ հիասթափություններով, թե՛ աննախադեպ ուրախությամբ: Յուրաքանչյուր սիրային հանդիպում հնարավորություն է գտնելու կյանքի կեսին: Իսկ վատթարագույն դեպքում՝ ավելորդ առիթ ավելի լավ ճանաչելու սեփական անձը, հարկ եղած դեպքում՝ վերանայելու սեփական կարծիքը: Երկու դեպքում էլ վերաբերվեք նոր ծանոթություններին որպես արկածների, որ պարգևում է կյանքը:
Դուստրեր, որ մեծացել են առանց հայրերի. բացակա հոր ազդեցությունը
Հայրեր-դուստրեր հարաբերությունները վճռորոշ դեր են խաղում աղջիկների էմոցիոնալ ու հոգեբանական զարգացման հարցում...Ավելին
Մեկնաբանություններ