loader
< Վերադառնալ
img

27.02.2025

Հայրեր-դուստրեր հարաբերությունները վճռորոշ դեր են խաղում աղջիկների էմոցիոնալ ու հոգեբանական զարգացման հարցում: Ոչ պակաս կարևոր, քան մոր դերը, հայրերի տեղը առհասարակ զավակների ու հանձինս դուստրերի կյանքում դժվար է գերագնահատել: Այն անփոխարինելի է իր տեսակով ու ազդեցության կարևորությամբ համեմատելի թերևս միայն մոր ազդեցության ուժի հետ:

Սովորաբար շատ մեծ շեշտադրում է դրվում հայրեր-որդիներ հարաբերությունների վրա, բայց հայրեր-դուստրեր ամուր կապը փոխարինել չի լինի որևէ այլ կապով երիտասարդ աղջիկների առողջ զարգացման ու հասունացման փուլում:

Առողջ դուստրեր-հայրեր կապը անժխտելիորեն նպաստում է անվտանգության ստաբիլ զգացումի զարգացմանը աղջիկների մոտ: Այն խթանում է ինքնարժեքության բարձր զգացումի առաջացումը, ինչն էլ իր հերթին առողջ սահմանների գրավականներից է հարաբերությունների մեջ: Հաղորդակցման հմտությունների զարգացման ու էմոցիոնալ կարգավորման կարողության հարցում նույնպես հայրերի դերը անգնահատելի է:

Երբ հայրերը բացակա են

Հոր բացակայությունը ազդում է հետագա կյանքի ամեն ասպարեզի վրա՝ սկսած աշխատանքից, ֆինանսական ստաբիլությունից ու վերջացրած սիրային հարաբերություններով:

Դուստրերը, ում հայրերը բացակայել են կյանքից, ավելի քիչ սպասելիք ունեն տղամարդկանցից ու այն ամենից, ինչ տղամարդը կարող է առաջարկել հարաբերությունների մեջ: Հաճախ առանց հոր մեծացած կանայք հետագայում ձևավորում են խուսափող ու անհանգիստ կապվածության տեսակ տղամարդկանց հետ՝ անհանգստանալով հարաբերությունների ապագայի համար, ունենալով լքված լինելու վախ, խուսափելով լիովին վստահելուց տղամարդուն ու ոչ մի պարագայում չբացահայտելով սեփական խոցելիությունը:

Հայրը՝ որպես հակառակ սեռի առաջին ընկալում

Հայրերը աղջիկների համար հակառակ սեռի առաջին կոնտակտն են ու առաջին պատկերացումը, թե ինչպիսին է այն սեռը, որին մենք չենք պատկանում: Առողջ ընտանիքներում հայրերը դուստրերին փոխանցում են ապահովության ու անվտանգության զգացում՝ հանդես գալով որպես հիմնական մատակարար, պաշտպան ու խորհրդատու հատկապես արտաքին աշխարհի հետ շփումներում: Նրանք նաև այն առաջին հայելին ու արձագանքն են, որ փոխանցում են փոքրիկ աղջկան, թե ինչպես է վերջինս ընկալվում արտաքին աշխարհի կողմից: Զուր չէ, որ մանկուց շատ սիրված ու հորից հաճոյախոսություն ու գովասանք ստացած աղջիկները ավելի ինքնավստահ են թե՛ դեռահասության, թե՛ չափահասության շրջաններում:

Հայրերի բացակայության պատճառները շատ տարբեր են՝ ամուսնալուծությունից, վաղաժամ մահից, ընտանիքը լքելուց սկսած մինչև անգամ ֆիզիկապես ընտանիքում ներկա, բայց իրականում բացակա ու շփման համար անհասանելի հայրերի առկայություն:

Ու չնայած կյանքի հանգամանքները տարբեր են լինում, ու ամեն կին յուրովի է արձագանքում հարազատների վերաբերմունքին՝ դրսևորելով ուրույն բնավորություն, կան առանձնահատկություններ, որ բնորոշ են կանանց մեծամասնությանը, ովքեր ունեցել են մանկություն, որում բացակայել են հայրերը: 

  • Ցածր ինքնագնահատական ու պայմանական ինքնարժեքության զգացում

Ինքնարժեքության անպայմանական զգացումը առաջանում է հատկապես փոքր հասակում անպայմանական սիրո հետևանքով, երբ քեզ սիրում ու փայփայում են առանց փոխարենը պայման դնելու կամ որևէ բան պահանջելու: Իսկ երբ ծնողներից մեկը կամովին լքում է երեխային ու դադարեցնում շփումը, փոքրիկին հեշտ է հավատալ, որ առաջացած իրավիճակում հենց ինքն է մեղավոր ու պետք է արժանանալ ու վաստակել ծնողի, իսկ հետագայում նաև այլ մարդկանց սերը: Այստեղից կարող է զարգանալ մարդկանց մշտապես հաճոյանալու, չնեղացնելու, չհիասթափեցնելու սովորությունը:

  • Գերզգոնություն ու անհանգստություն

Փոքր տարիքում լքված լինելու փորձը արմատապես ոչնչացնում է ապահովության ու ստաբիլության զգացումը: Այն ենթագիտակցորեն փոխանցվում է դեռահասության ու անգամ հասունության շրջան՝ առաջացնելով չգիտակցված վախեր, անհանգստություններ, նյարդային պահվածք, բացասական նորությունների ու իրադարձությունների մշտական ակնկալիք: Իսկ ակնկալիքները՝ դրական թե բացասական, հատկություն ունեն իրականանալու: 

  • Վաղաժամ ներգրավում ռոմանտիկ հարաբերությունների մեջ

Հաճախ երիտասարդ աղջիկները հուսահատության աստիճանի չափ ձգտում են սեր, գովասանք ու հավանություն գտնել հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ: Համարելով իրենց մերժված հայրերի կողմից՝ երբեմն փորձում են անել ամենը, որ այլ տղամարդկանց ուշադրությունն ու հավանությունը գրավեն: Սիրվելու ու դուր գալու ցանկությունը կարող է ավելի սուր արտահայտվել, քան իրենց հասակակիցների մոտ, որ մեծացել են երկու ծնողների հետ միասին: Ցավոք դա նաև հանգեցնում է տարբեր անցանկալի իրավիճակների. վաղ տարիքում ռոմանտիկ հարաբերությունների մեջ են ներգրավվում, զուգընկերոջը հոր կերպարի հետ ասոցացնում ու ամուսնու մեջ հայր գտնելու անհրաժեշտություն ունենում, ամուսնացած տղամարդու հետ կապի մեջ են մտնում ու փորձում նրան դրդել լքել ընտանիքը՝ գիտակցաբար թե ոչ կրկնելով մանկության սցենարները, երբ իրենք էին լքված ընտանիքի դերում:

  • Հաստատակամ լինելու ձախողում կամ ագրեսիայի դրսևորում

Մերժված լինելու վախը կարող է հանգեցնել հաստատակամ լինելու, սեփական շահերը պաշտպանելու ու ոչ ասելու անկարողությանը: Դիմացինին տխրեցնելու, նրա հավանությունից զրկվելու, շփումը դադարեցնելու վախերը դրդում են ասել ու անել այն, ինչ ուզում են ձեզանից լսել ու տեսնել: Պատահում է և հակառակը. արթնանում է ինքնապաշտպանական ռեակցիա, ու անձը իրեն շատ ագրեսիվ է պահում ու ինքն է նախաձեռնում բաժանում ու հարաբերության խզում անգամ անտեղի հանգամանքներում: Այս պարագայում էլ անհատը ագրեսիայի օգնությամբ փորձում է կանխել հնարավոր ցավը կամ մերժումը, կամ այլ անցանկալի իրավիճակ՝ նախընտրելով ինքը հանդես գալ մերժողի ու լքողի դերում, քանի դեռ նույնը չեն արել իր հանդեպ:

  • Տարատեսակ կախվածությունների առաջացում

Տարատեսակ կախվածությունները՝ ծխախոտից, ալկոհոլից, թմրանյութերից, անգամ անառողջ սնունդի օգտագործումը կամ չափազանց խիստ դիետաները, օգտագործվում են որպես հանգստացնող մեխանիզմներ: Ուտելիքի կամ այլ նյութերի միջոցով ցանկացած տրավմատիկ իրավիճակում հայտնված անձինք փորձում են հաղթահարել այն ու մեղմել ցավը՝ միայն էլ ավելի խորացնելով ու ավելացնելով առկա խնդիրները: 

Բացակա հոր պարագայում լավ գաղափար է շփվել հոր կերպար ներկայացնող այլ հարազատի հետ, օրինակ՝ պապիկի, քեռու, հորեղբոր, հատկապես մանկության ու դեռահասության շրջանում: Հույժ կարևոր է, որ նման հարազատը լինի վստահելի ու իր կարողության սահմաններում ցանկանա ու ի վիճակի լինի գոնե մասամբ փոխանցել այն բազային անվտանգության, ապահովության ու ինքնարժեքության զգացումները, որ անհրաժեշտ են աղջիկների առողջ զարգացման համար:

Եթե արդեն չափահասության շրջանում եք ու դեռ զգում եք բացակա հոր ազդեցությունը, իմացեք, որ նման դժվարության առերեսվում ու հաղթահարում են բազում աղջիկներ: Կփորձեք այն հաղթահարել ինքնուրույն, թե կդիմեք մասնագետի՝ հոգեբանի օգնությանը, վստահ եղեք՝ անգամ տարիների կարծրացած խնդիրը լուծելի է: Սկիզբի համար մտապահեք ու մի՛ մոռացեք՝ դուք մեղավոր կամ պատասխանատու չեք ծնողների վարքի համար, դուք ոչ մի պարագայում չէիք կարող եղածը կանխել կամ կանգնեցնել, ու, իհարկե, այն ինչ եղել է տարիներ առաջ, չի բնութագրում ձեզ ու չի կարող նվազեցնել ձեր արժանապատվությունը կամ ինքնարժեքությունը:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan4093
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Առաջին սիրային հանդիպում. ինչպե՞ս չսխալվել ընտրության մեջ

Հանդիպումները սոցիալական էքսպերիմենտներ են, փորձերի ու սխալների գործընթաց, որի ընթացքում ժամանակ ենք տրամադրում ճանաչելու ու գնահատելու պոտենցիալ զուգընկերոջը...Ավելին

առավել ընթերցվող