
20.11.2025
Մեր որոշումները ազդում են բոլորի վրա
Մեր որոշումները՝ մեր պատասխանատվությունն են
Նույնիսկ, եթե որոշում չենք կայացնում, այն նույնպես ՈՐՈՇՈՒՄ Է։
Որոշումների կայացման արդյունավետությունը կախված է ոչ միայն դրանց բովանդակությունից, այլև ժամանակից և արագությունից։
Շատ կարևոր է հասկանալ՝ երբ է պետք որոշումը կայացնել անմիջապես, իսկ երբ՝ ժամանակ տրամադրել քննարկումների ու փաստերի հավաքման համար։
Արագ որոշումներ՝ լինում են իրավիճակներ, երբ ժամանակը սահմանափակ է, ռիսկերը մեծ են, և անհրաժեշտ է գործել արագ։ Օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում կամ երբ ուշացումը կարող է բերել ավելի մեծ կորուստների։
Մտածված որոշումներ՝ կան դեպքեր, երբ ճիշտ է կանգ առնել, հավաքել տվյալներ, լսել թիմի կարծիքները և միայն հետո կայացնել որոշումը։ Սա հատկապես կարևոր է երկարաժամկետ ռազմավարական հարցերում, որտեղ հետևանքները խորն են ու բազմաշերտ։
Հավասարակշռությունը կարևոր է՝ ղեկավարի հմտությունը հենց այն է, որ կարողանա տարբերել այս երկու իրավիճակները և ընտրել համապատասխան մոտեցումը։
OODA Loop (Observe–Orient–Decide–Act)
Որոշումների կայացման մոդել է, որը մշակվել է ամերիկացի ռազմավարական մտածող Ջոն Բոյդի կողմից։ Այն կիրառվում է ինչպես ռազմական, այնպես էլ բիզնես, առաջնորդության և անձնական զարգացման ոլորտներում։
Դիտիր (Observe)
Սկզբում անհրաժեշտ է հավաքել հնարավորինս շատ տեղեկատվություն արտաքին միջավայրի և ներքին իրավիճակի մասին։ Սա ներառում է՝ իրադարձությունների, փոփոխությունների, սպառնալիքների և հնարավորությունների դիտարկում: Տվյալների, փաստերի և ազդակների վերլուծություն։
Ուղղորդվիր (Orient)
Սա ամենակարևոր և բարդ փուլերից մեկն է։ Այստեղ վերլուծում ենք դիտարկված տեղեկատվությունը՝ հաշվի առնելով փորձը, արժեքները, մշակույթը և նախորդ գիտելիքները։ Հարցերը՝
- Ինչպե՞ս է այս իրավիճակը համադրվում իմ պատկերացումների հետ։
- Ի՞նչ նախադրյալներ ունեմ, որոնք կարող են խեղաթյուրել իրականությունը։
Սա այն պահն է, երբ որոշվում է, թե ինչ է իրականում տեղի ունենում։
Որոշիր (Decide)
Հիմք ընդունելով կատարված վերլուծությունը՝ ընտրում ենք լավագույն տարբերակը։ Հարցերը՝
- Ո՞րն է իմ հաջորդ քայլը։
- Ի՞նչ ռազմավարություն է ամենահարմար այս իրավիճակում։
Գործիր (Act)
Իրականացնում ենք ընտրված գործողությունը և այս փուլը վերջնականը չէ։ Գործողության արդյունքները նորից դիտարկվում են, և ցիկլը սկսվում է նորից։
Ինչո՞ւ է OODA ցիկլը կարևոր։
- Օգնում է արագ և ճկուն որոշումներ կայացնել փոփոխվող միջավայրում
- Կոտրում է ավտոմատ արձագանքների շղթան և զարգացնում է գիտակցված մտածողություն
- Հարմար է ինչպես անհատական, այնպես էլ թիմային որոշումների համար
Վեց մտածողության գլխարկներ/Six Thinking Hats
Edward de Bono-ի մշակած այս մեթոդը օգնում է մարդկանց մտածել ավելի կառուցվածքային, բազմակողմանի և ստեղծագործ ձևով։ Այն հատկապես օգտակար է թիմային քննարկումների, խնդիրների լուծման և որոշումների կայացման ժամանակ։ Մեթոդի հիմքում վեց «գլխարկ» են՝ յուրաքանչյուրը ներկայացնում է մտածողության տարբեր տեսակ։
Սպիտակ
Փաստեր, տվյալներ, չեզոքություն։ Վերլուծում ենք միայն այն, ինչ գիտենք։
Կարմիր
Զգացմունքներ, ինտուիցիա։ Ի՞նչ ենք զգում տվյալ իրավիճակի վերաբերյալ։
Սև
Քննադատություն, ռիսկեր։ Ի՞նչը կարող է սխալ լինել։ Ի՞նչ վտանգներ կան։
Դեղին
Հույս, դրական կողմեր։ Ի՞նչ օգուտներ կամ հնարավորություններ կան։
Կանաչ
Ստեղծագործություն, նոր գաղափարներ։ Ինչպե՞ս կարելի է մտածել այլ կերպ։
Կապույտ
Կառավարում, կազմակերպում։ Ո՞վ է ղեկավարում մտածողության գործընթացը։ Ինչպե՞ս ենք շարունակում։
Ինչո՞ւ է մեթոդը օգտակար
Օգնում է խուսափել միայն մեկ տեսակի մտածողությունից (օրինակ՝ միայն քննադատական կամ միայն զգացմունքային)
Ստեղծում է հավասարակշռված քննարկում, որտեղ բոլոր տեսակետները լսվում են
Հարմար է ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանքում
Ինչպե՞ս կիրառել
Քննարկման ընթացքում մասնակիցները «դնում են» համապատասխան գլխարկը՝ ըստ մտածողության տեսակի։ Օրինակ՝
Սկզբում բոլորը «դնում են» սպիտակ գլխարկը՝ հավաքելով փաստեր
Հետո՝ կարմիր՝ արտահայտելով զգացմունքները
Այնուհետև՝ սև և դեղին՝ վերլուծելով ռիսկերը և հնարավորությունները
Կանաչ՝ նոր գաղափարների համար
Կապույտ՝ ամբողջ գործընթացը համակարգելու համար
Vroom-Yetton Decision Model/Վրում–Յետտոնի մոդել
Մոդելը մշակվել է Victor Vroom-ի և Philip Yetton-ի կողմից՝ օգնելու ղեկավարներին ընտրել, թե ինչ չափով պետք է ներգրավեն թիմը որոշումների կայացման գործընթացում։ Այն հիմնված է այն գաղափարի վրա, որ որոշումների արդյունավետությունը կախված է իրավիճակից։
Մոդելի հիմնական գաղափարը՝ ոչ բոլոր որոշումները պահանջում են նույն մոտեցումը։ Երբեմն ղեկավարը պետք է որոշի միայնակ, իսկ երբեմն՝ ներգրավի ամբողջ թիմը։ Vroom–Yetton մոդելը առաջարկում է 5 տարբեր որոշման ոճ՝ կախված իրավիճակից.
Autocratic I (AI)
Ղեկավարը որոշում է միայնակ՝ առանց թիմի ներգրավման
Autocratic II (AII)
Ղեկավարը հավաքում է որոշ տվյալներ թիմից, բայց որոշումը կայացնում է ինքնուրույն
Consultative I (CI)
Ղեկավարը առանձին-առանձին խորհրդակցում է թիմի անդամների հետ, հետո որոշում է
Consultative II (CII)
Ղեկավարը քննարկում է հարցը ամբողջ թիմի հետ, բայց վերջնական որոշումը կայացնում է ինքնուրույն
Group-based (GII)
Որոշումը կայացվում է խմբային քննարկման արդյունքում՝ թիմի մասնակցությամբ
Ինչո՞ւ է օգտակար՝
Օգնում է ընտրել ճիշտ մոտեցում՝ ըստ իրավիճակի բարդության, ժամանակի սահմանափակումների և թիմի փորձի։ Նպատակ ունի բարձրացնել որոշման որակը և թիմի ներգրավվածությունը
Կանխում է չափազանց ավտորիտար կամ չափազանց դանդաղ որոշումների գործընթացը:
Ինչպե՞ս կիրառել
Մոդելը առաջարկում է մի շարք հարցեր, որոնք պետք է տալ՝ որոշելու համար, թե որ ոճն է ամենահարմար տվյալ իրավիճակում.
- Որոշումը տեխնիկակա՞ն է, թե՞ մարդկային գործոններ ունի։
- Թիմը ունի՞ բավարար փորձ և տեղեկացվածություն։
- Թիմի ներգրավումը կբարձրացնի՞ ընդունվածության մակարդակը։
- Ժամանակ կա՞ խմբային քննարկման համար։
PDCA ցիկլ (Պլանավորել–Կատարել–Ստուգել–Գործել)
PDCA-ն շարունակական բարելավման մոդել է, որը կիրառվում է բիզնեսում, կառավարման համակարգերում, նախագծերի իրականացման և որակի վերահսկման մեջ։ Այն օգնում է կազմակերպություններին և անհատներին կայացնել ավելի արդյունավետ որոշումներ և բարելավել գործընթացները՝ փուլ առ փուլ։
Պլանավորել
Նպատակների սահմանում, խնդիրների վերլուծություն և գործողությունների պլանավորում։
Հարց՝ «Ինչ ենք ուզում բարելավել և ինչպես»։
Կատարել
Նախագծված պլանի իրականացում փոքր մասշտաբով կամ փորձնական տարբերակով։
Օրինակ՝ նոր գործընթացի փորձարկում։
Ստուգել
Արդյունքների վերլուծություն, համեմատում պլանավորվածի հետ։
Հարց՝ Ի՞նչ աշխատեց, ի՞նչ՝ ոչ։
Գործել
Հիմք ընդունելով ստուգման փուլը՝ կայացնել որոշում՝
կամ ներդնել փոփոխությունը լայնորեն, կամ վերանայել պլանը։
Դեկարտի քառակուսի
Ի՞ՆՉ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ՍԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ
Ի՞ՆՉ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ՍԱ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ
Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ՍԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ
Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ՍԱ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ
Դեկարտի քառակուսու օգտագործման դրական կողմերը
Հոլիստիկ մոտեցում` Բոլոր հնարավոր արդյունքները հաշվի առնելով, մենք ապահովում եք որոշման ամբողջական և բազմակողմանի գնահատում։
Ավելի քիչ անհանգստություն` Որոշումը բաժանելով տարբեր մասերի՝ հնարավոր է նվազեցնել անհանգստությունը և գործընթացը դարձնել ավելի հասանելի։
Ավելի շատ հստակություն` Այս գործիքը օգնում է հստակեցնել մեր մտքերը և ընդգծել կարևոր գործոնները, որոնք կարող էինք բաց թողնել։
Տեղեկացված ընտրություն` Հնարավոր հետևանքների խորքային ընկալմամբ, ավելի հավանական է, որ մենք կայացնեք տեղեկացված և հավասարակշռված որոշումներ։
Որոշումների կայացումը հանդիսանում է կառավարման և առաջնորդության հիմնասյուներից մեկը։ Յուրաքանչյուր որոշում՝ հիմնված վերլուծության, պատասխանատվության և նպատակային մտածողության վրա, ուղղակիորեն ազդում է կազմակերպության զարգացման և հաջողության վրա։
Որոշում կայացնելը պարզապես ընտրություն չէ, այն պատասխանատվություն է, որը ձևավորում է մեր ապագան։ Ամեն որոշում՝ մեծ թե փոքր, մեր արժեքների արտացոլումն է։
«Որոշման պահին լավագույնը, ինչ կարող ես անել, ճիշտ որոշումն է, հաջորդ լավագույնը՝ սխալ որոշումն է, իսկ ամենավատը՝ ոչինչ չանելն է»:
Թեոդոր Ռուզվելտ
Մեկնաբանություններ