
20.08.2024
Կախվածությունն անկարողությունն է դադարեցնել այն վարքը, որ ունի բացասական ազդեցություն, հոգեբանական կամ ֆիզիկական վնաս: Կախվածություն ունեցող անձը օգտագործում է նյութեր կամ դրսևորում է վարք, որի պարգևատրող էֆեկտը ապահովում է այնպիսի ազդեցիկ խթաններ, որոնք դրդում են կրկնել գործողությունը անկախ վերջինիս կործանիչ հետևանքներից: Թմրամոլությունը, արբեցողությունը, խաղամոլությունը այն կախվածություններն են, որոնք փոխում են ոչ միայն կախվածություն ունեցող անձի, այլ նաև նրա հարազատների կյանքը:
Այն իրավիճակը, որում հայտվում են ընտանիքի անդամները հաճախ անելանելի է թվում: Ընտանիքների անդորրը քանդվում է, վստահությունը խզվում է, վեճերը, կոնֆլիկտները դառնում ամենօրյա երևույթ: Կանայք, ում ամուսինները բռնել են կախվածության ուղին, իրենց զգում են թակարդի մեջ: Փորձելով փրկել ընտանիքը, պաշտպանել երեխաներին՝ նրանք իրենց վրա են վերցնում հոգեբանական ու ֆինանսական պատասխանատվությունը ընտանիքի համար: Կախվածությունները անխուսափելիորեն հանգեցնում են ֆինանսական լուրջ խնդիրների, աշխատանքից հեռացման, պարտքերի կուտակման:
Պատճառները, որոնք հանգեցնում են կախվածության, շատ են՝ գետետիկ հակում, հոգեբանական գործոններ՝ սթրես, տրավմաներ, կորուստներ, շրջակա միջավայրի վատ ազդեցություն: Բայց անկախ պատճառից՝ կախվածությունը պետք է բուժվի, ու որքան հնարավոր է շուտ: Առաջին քայլը կախվածությունը որպես ախտորոշում ճանաչելն է, ընդունելը, որ ունեք հստակ հիվանդություն, որը պետք է մասնագիտական բուժում ստանա: Պրոֆեսիոնալ բուժման տարբերակները, խորհրդատվությունները, դեղորայքի ընդունումն ու ապրելաոճի փոփոխումը երկարատև ու դժվարանցանելի գործընթացներ են: Բայց երբ կան սատարող ու սիրող հարազատներ, պայքարը վերաիմաստավորվում է: Երբ կա մեկը, ով հավատում է քեզ, երբ դու դադարել ես, պարտավորված ես զգում հաջողել:
Այնուամենայնիվ, անգամ սիրող հարազատների ներկայությունը ու լավագույն բուժումը չի երաշխավորում կախվածության վերջնական հաղթահարում: Կախվածության հանդեպ հակումը շատ ու շատ հաճախ հիշեցնել է տալիս ավարտված բուժումից հետո էլ: Վերջնական հաղթահարումն ու բուժումը ամենից առաջ երաշխավորվում է կախվածություն ունեցող անձի վճռականությամբ ու կամային պատրաստակամությամբ:
Աջակցող կանայք այս իրավիճակում չեն կարող փոխել իրենց ամուսիններին կամ իրավիճակը, որքան էլ մեծ լինի ցասումը: Քանի դեռ չկա կախվածություն ունեցող անձի փոփոխվելու որոշում, բուժվելու կարիքի ընդունում ու առավել ևս սեփական հիվանդության ճանաչում ու ձերբազատվելու ցանկություն, չկա հնարավորություն նրան օգնելու: Ու անգամ երբ թմրամոլը, հարբեցողը կամ խաղամոլը իսկապես փորձում են փոխել վարքագիծը ու դիմում են պրոֆեսիոնալ օգնության, նրանց կողքին մնալն ու սատարելը ունի քայքայիչ ազդեցություն ձեր առողջության վրա: Ամեն օր խոստումներ անող ու դրանք խախտող, անճանաչելիորեն փոփոխվող ու ցավի մեջ գտնվող ամուսնուն տեսնելը ծանր, իսկ հաճախ անհնարին բեռ է կրելու համար: Ու հենց կանայք հաճախ կարիք են ունենում օգնության սիրելիներին օգնելու ճանապարհին: Ի՞նչ կարելի է անել, եթե որոշել եք մնալ ձեր սիրելիի կողքին:
Նախևառաջ ընդունեք ձեր զգացմունքները՝ զայրույթը, ցավը, անարդարության ու անօգնականության զգացումը, ամոթի ու մեղավորության զգացումը: Իհարկե արդարացիորեն զայրացած եք ձեր սիրելիի վրա, որովհետև հենց իր վարքն է (անգամ եթե ոչ լիովին գիտակցված) հասցրել ձեր ընտանիքը այս իրավիճակին: Ընդունեք ցավը ձեր սիրելիի հանդեպ ու ձեր երեխաների հանդեպ, որ ստիպված են անցնել կյանքի նման շրջան: Այստեղ իհարկե ներկա է նաև անարդարության զգացումը, որ նման խնդիր հենց ձեզ է բաժին ընկել ու անօգնականության զգացումը, քանի որ դուք անձամբ չեք կարող որևէ գործողությամբ արմատապես փոխել իրավիճակը, ձեր ամուսնուն կամ պաշտպանել երեխաներին ու ընտանիքի համբավը: Մի՛ տրվեք մեղավորությանը ու ինքնաքննադատությանը, քանի որ ամուսիններից որևէ մեկի կախվածության պատճառը չի կարող լինել այլ անձի պահվածքը: Չափահաս անձիք իրենք են կրում պատասխանատվություն իրենց ընտրության համար, որքան էլ հարմար լինի արդարացնել սեփական սխալները՝ մեղադրելով ուրիշներին: Ու որքան էլ բնական է ծանոթների ու ընկերների առաջ ամոթի զգացումը ընտանիքում կախվածություն ունեցող անձի պատճառով, փորձեք մտովի առանձնացնել ձեր անձը ուրիշների կարծիքից ձեր մասին: Դուք շատ ավելին եք քան այն, ինչ ձեզ հետ պատահել է: Թույլ մի տվեք, որ խղճան ձեզ կամ ձեր երեխաներին: Համարեք ձեզ դժվար պայմաններում գոյատևած անձ, այլ ոչ թե իրավիճակի զոհ:
Կենտրոնացեք խնդրի, այլ ոչ թե անձի վրա: Առանձնացրեք ձեր ամուսնու անձը խնդրից, վարքը՝ բնավորությունից: Կախվածության ազդեցության տակ արվող գործողությունը ձեր ամուսնու բնավորությունը չէ, այլ հիվանդության արտացոլանքը: Անիմաստ է փնտրել մեղավորներ․ ձեր ուշադրությունը կենտրոնացրեք բուժման արդյունավետության վրա: Հիշեցրե՛ք ինքներդ ձեզ ու ձեր ամուսնուն՝ այն մարդուն, ում ժամանակին ընտրել եք:
Հոգ տարեք ձեր առողջության մասին: Ձեր առողջությունը զգալիորեն կտուժի հարազատի կախվածության պատճառով: Հոգ տարեք ձեր մասին, քանի դեռ շատ ուշ չէ: Հետևեք ձեր սննդակարգին, հանգստի ռեժիմին, խնամեք ինքներդ ձեզ նախևառաջ, որ ի վիճակի լինեք օգնել սիրելիին: Սեփական անձի մասին հոգ տանելը պարտականություն է ինքներդ ձեր, ձեր ամուսնու ու երախաների հանդեպ, քանի որ առողջ կնոջ ու մոր կարիք ընտանիքը ունի առավել քան երբևէ:
Նախապես մտածեք բռնության հնարավորության մասին: Քանի որ բռնությունը շատ հաճախ դառնում է կախվածություն ունեցող անձի անբաժանելի վարքագիծ, նախապես մտածեք սեփական անձը ու երեխաներին պաշտպանելու տարբերակների մասին:
Կախվածություն ունեցող անձը կործանում է ոչ միայն իր, այլ նաև հարազատների կյանքը: Շատ ըմբռնելի ու հասկանալի է այն կանանց որոշումը, որոնք, գտնվելով անելանելի վիճակում, դիմում են ամուսնալուծության՝ փախչելով հարբեցողի, թմրամոլի կամ խաղամոլի բռնությունից: Իսկ կանանց, որոնք այնուամենայնիվ որոշում են մնալ ու սատարել ամուսիններին բուժման ու առողջացման գործընթացում, կարող ենք միայն ցանկանալ, որ նաև իրենց օգնության շնորհիվ ևս մեկ անձ կարողանա վերջնականապես ազատվել կախվածության ճանկերից:
Սեր ամուսնալուծությունից հետո. ինչպե՞ս գտնել նոր կյանքի կեսի
Ամուսնալուծությունը լավագույն դեպքում սթրեսային իրադարձություն է, իսկ վատագույն դեպքում՝ կործանարար հետևանքներ թողնող ճակատագրական ու շրջադարձային կետ մարդու կյանքում...Ավելին
Անհասանելի աղջկա դերում․ ե՞րբ է անհասանելիությունը գրավիչ տղամարդկանց համար
Բոլորս էլ ականատես ենք եղել բազում դեպքերի, երբ անհասանելի կինը ավելի ցանկալի է թվացել։ Միևնույն ժամանակ շատ տղամարդիկ պնդում են, որ «անհասանելի երևալու խաղը» շատ վանող է իրենց համար...Ավելին
Մեկնաբանություններ