
10.06.2025
Ռոմանտիկ հարաբերություններում հակառակ սեռի աչքերում դժվարհասանելի երևալու մարտավարությունը նորամուծություն չէ։ Այն առկա է եղել բազում մշակույթներում ու հանդիպել է շատ հայտնի, պատմական ու ոչ այնքան հայտնի հարաբերություններում։ Բազում հետազոտություններ ուսումնասիրել են վարքի նման դրսևորումը հարաբերություններում հոգեբանության տեսանկյունից ու դրա երկարաժամկետ ու կարճաժամկետ ազդեցությունը։
Բոլորս էլ ականատես ենք եղել բազում դեպքերի, երբ անհասանելի կինը ավելի ցանկալի է թվացել։ Միևնույն ժամանակ շատ տղամարդիկ պնդում են, որ «անհասանելի երևալու խաղը» շատ վանող է իրենց համար։ Շատ հաճախ աղջկան հասնելու համար անհրաժեշտ ջանքերը համարվում են ոչ համապատասխան, չափազանց շատ համեմատած այն ամենին, ինչ առաջարկում են պոտենցիալ հարաբերությունները։
Ի՞նչն է գրավում շատերին անհասանելիության մեջ։ Արդյոք այն ազդեցի՞կ է բոլոր տեսակի հարաբերությունների համար։ Տարբեր տղամարդիկ տարբեր ձևով են արձագանքում նման վարքին։
Այսպիսով, ի՞նչ բացատրություններ կարելի է գտնել անհասանելի երևալու կամ իսկապես լինելու մարտավարության արդյունավետության մեջ։
Սակավության սկզբունքը
Մարդիկ հակված են ավելի շատ արժևորել այն ամենը, ինչ սակավ է, եզակի, հազվադեպ, դժվար հասանելի։ Մենք հաճախ ենթադրում ենք, որ դժվարհասանելիությունը կապված է անձի ավելի մեծ արժեք կամ ավելի շատ այլընտրանք ունենալու հետ։
Սեփական ջանքերի արդարացում
Երբ հակառակ սեռի ներկայացուցիչը մեզ դուր է գալիս, բայց ակնհայտորեն ցույց չի տալիս, որ գրավչությունը փոխադարձ է, մեզ մնում է երկու բան․ կա՛մ ընդունել, որ մենք բավարար լավը չենք նրան դուր գալու համար, կա՛մ ավելի շատ ջանք գործադրենք հավանած անձի համակրանքին արժանանալու համար։ Բայց ընդունել սեփական անձի մասին բացասական կարծիք մենք սովոր չենք, ու դա մեծ տհաճություն է պատճառում՝ խորապես նվազեցնելով ինքնագնահատակը։ Մնում է կամ փոխել կարծիքը հավանած անձի մասին՝ նրան այլևս չհամարելով գրավիչ, կամ փորձել նրա ուշադրությունը սևեռել սեփական անձի վրա ու փոխադարձ զգացում առաջացնել․ այսինքն՝ հանգեցնել, որ տվյալ անձը՝ որպես ավելի արժանի մեկը, քան շրջապատի այլ անձինք, ավելի շատ ջանք է պահանջում վայելելու համար նրա ընկերակցությունը։ Այսինքն՝ մենք ինքներս այդ անձին վերագրում ենք մեծ արժեք՝ արդարացնելու համար սեփական ջանքերը։ Իհարկե հանդիպում է և հակառակ էֆեկտը, երբ անհասանելի թվացող աձին պիտակավորում ենք ու վարկաբեկում՝ բացատրելու համար նրա անտարբերությունը մեր անձի նկատմամբ։
Անորոշության տարրը
Երբ հարաբերություններում առկա է անորոշություն, անհայտություն, գաղտնիություն, դա ավելացնում է հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ։ Երբ դիմացինը տեղ է թողնում կասկածանքների համար, ակնհայտորեն չի արտահայտում իր դիրքորոշումը, ներգրավում ձեզ լրացուցիչ ակտիվության մեջ, իր պահվածքով ավել քայլեր պահանջում ձեզանից, ինտրիգը ինտենսիվանում է։ Արկածասիրությունը ու խաղի տարրը, հնարավոր վերելքները ու անկումները շփման մեջ ավելացնում են ոգևորությունն ու հետաքրքրվածությունը։ Ի վերջո, անհերքելի է, որ թեթև «սիրային հետապնդումը», եթե իհարկե չի վերածվում մոլուցքի ու կախվածության, միայն կայծ է ավելացնում ու «համեմում» հարաբերությունները։
Երկարաժամկետ vs կարճաժամկետ հետաքրքրություն
Անհասանելի լինելու մարտավարությունը կամ պարզապես սեփական անձը ներկայացնելու, դիրքորոշելու ձեր նախընտրած ու ձեր անհատականությունը բնորոշող այս ոճը, երբ դուք շատ ընտրողաբար եք հակառակ սեռի նկատմամբ ու պահանջկոտ ձեր անձի հանդեպ վարվելաձևի մեջ, կարող է տալ հակառակ արդյունքը։ Եվ սա կվերաբերի կարճաժամկետ
հարաբերություններ փնտրող,պարզապես ժամանցին ձգտող տղամարդկանց, ովքեր չեն պատրաստվում որևէ կերպ դժվարացնել իրենց անհոգ առօրյան ու միշտ կգտնեն անձի, ով հեշտությամբ կհամաձայնի իրենց առաջարկած հարաբերությունների ֆորմատին։ Նրանք ապագայի պլաններ չունեն, ու ջանքի ու լարվածության բացակայությունը, ակնհայտ փոխադարձ համակրանքը ծանոթության նախապայման են։ Ձեր անհասանելիությունը տվյալ դեպքում երկկողմանի «ֆիլտր» է։ Ձեզ չեն ընտրի՝ նախընտրությունը տալով ավելի հասանելի, նախաձեռնող ու ջանք, լարվածություն չպահանջող աղջիկներին։ Ու դուք կիմանաք, որ ազատվել եք թեկնածուից, որ պատրաստակամություն չուներ երկարաժամկետ, լուրջ հարաբերությունների համար։
Որպեսզի ձեզ չընկալեն վերահսկելու մարտավարություններ ու մանիպուլյացիաներ մշակող, արհեստականորեն արգելքներ ստեղծող ոչ անկեղծ անձի, կարևոր է մտապահել հետևյալը՝
- Դժվարհասանելի վարքագիծը յուրովի սթրես-թեստ է՝ փորձարկելու դիմացինի պատրաստակամության չափը ժամանակ ու եռանդ ներդնելու, տրամադրվածության լրջությունը ապացուցելու, ձեր կողքին գտնվելու համար։ Բայց պարտադիր կգտնվեն տղամարդիկ, որոնք իրենց կզգան մանիպուլյացիայի առարկա, չեն հրապուրվի որսորդի դերով ու ձեր պահվածքը կդիտարկեն որպես վերահսկելու, սեփական պայմանները թելադրելու փորձ։
- Ցուցաբերեք հետաքրքրություն ու ջերմություն շփման մեջ։ Մենք հավանում ենք նրանց, ում կարծում ենք հավանում է կամ կհավանի մեզ։ Բայց ջերմ վերաբերմունքը մի վերածեք մշտական հասանելիության։
- Պարգևատրեք ձեզ համար ցանկալի վարքը։ Հայելանման եղեք դիմացինի նկատմամբ։ Եթե ջանք ու եռանդ չեն խնայում ձեզ դուր գալու համար, ցույց տվեք, որ գնահատում եք արվածը։ Երբ նկատում եք սառնություն հարաբերություններում կամ անցանկալի վարքի դրսևորում, հասկացրեք մեղմորեն առանց հիստերիայի, բայց հաստատակամ, որ դա ձեզ դուր չի եկել։ Եթե ձեր կարծիքը հաշվի չեն առնի, մի վախեցեք ինքներդ ավելացնել հեռավորությունը շփման մեջ, մինչև որ կգաք վերջնական եզրահանգման։ Այն, ինչ չենք կարող կորցնել, հակված ենք թերագնհատել ու չարժևորել։
- Տղամարդուն նախաձեռնելու տեղ թողեք։ Հնարավություն տվեք գործածելու հնարամտություն ու վաստակելու ձեր լավ կարծիքը իր մասին։ Քաջալերեք ձեզ դուր գալու փորձը, միևնույն ժամանակ մի թաքցրեք, երբ հավանել եք որևէ դրսևորում կամ պահվածք։ Հուշեք՝ ինչ եք ուզում, բայց գործողության նախաձեռնությունը հանձնեք տղամարդուն․ թող իրեն զգա իրավիճակի վերահսկողը ու ձեր լավ զգացողության պատասխանատուն։
- Եթե ուզում ենք ընկալվել որպես կին, որ իսկապես արժանի է շատ ջանքերի, այլ ոչ թե պարզապես անհասանելիության թվացյալ մթնոլորտ է ստեղծում իր անձի շուրջը, դարձեք այդ կինը։ Իհարկե ասելը միշտ ավելի հեշտ է, քան անելը։ Բայց շատ կարող է պահանջել, ով շատ առաջարկում է։
Հաշվի առեք, որ դժվարհասանելի լինելը ենթադրում է առաջարկների քանակի նվազում, փոխարենը եղած առաջարկը կլինի ավելի կողմնորոշված, լուրջ հարաբերություններին պատրաստակամ ու հենց ձեր ընկերակցությանը ձգտող անձից։ Պարզապես համոզվեք, որ ձեր դժվարհասանելիությունը չի ընկալվում որպես մանիպուլյացիայի ու պայման թելադրելու փորձ։ Փոխարենը այն ընդգծում է ձեր դիրքորոշումը որպես հարաբերություններում անկախ, չխնդրող կողմի, որ ընտրողաբար է մոտենում ռոմանտիկ առաջարկներին, ու միշտ ունի այլընտրանք, անգամ երբ այդ այլընտրանքը տվյալ ժամանակահատվածում ոչ ոքի չընտրելն է։ Ոչինչ այդքան չի նվազեցնում կնոջ գրավչությունը, որքան հուսահատությամբ, ամեն գնով հարաբերությունների ձգտելը ու դրանք պահպանելու մշտապես միակողմանի փորձը։
Սեր ամուսնալուծությունից հետո. ինչպե՞ս գտնել նոր կյանքի կեսի
Ամուսնալուծությունը լավագույն դեպքում սթրեսային իրադարձություն է, իսկ վատագույն դեպքում՝ կործանարար հետևանքներ թողնող ճակատագրական ու շրջադարձային կետ մարդու կյանքում...Ավելին
Մեկնաբանություններ