loader
< Վերադառնալ
img

27.05.2025

Ամուսնալուծությունը լավագույն դեպքում սթրեսային իրադարձություն է, իսկ վատագույն դեպքում՝ կործանարար հետևանքներ թողնող ճակատագրական ու շրջադարձային կետ մարդու կյանքում։ Ամբողջական   ընտանիքներ են հայտնվում անդառնալի փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Ծագում է ֆինանսական միջոցների, էմոցիոնալ կապվածության, սոցիալ նոր հարաբերությունների ու կարգավիճակի հետ առնչվող անհանգստություն կամ առնվազն վերաիմաստավորում։

Ամուսնության ավարտը ստիպում է մեզ վերանայել մեր արժեքները, կյանքի տեսլականը ու սեփական ես-ը։ Հաճախ բաժանումից հետո լցվում ենք դառնությամբ ու դժգոհությամբ, հաճախ նյարդայնանում ենք երջանիկ զույգեր տեսնելիս՝ կասկածի տակ դնելով նրանց երջանկության իսկությունը, փորձում միանգամից լցնել էմոցիոնալ դատարկությունը նոր հարաբերություններով։

Որքա՞ն ժամանակ է պետք ամուսնալուծությունից վերականգնվելու համար։

Յուրաքանչյուր անձ յուրովի է վերականգնվում ամուսնության տապալումից հետո։ Սովորաբար ամուսնալուծություն նախաձեռնած կողմին ավելի քիչ ժամանակ է պետք գալիս, քանի որ այդ որոշումը բազմիցս վերանայվել է իր կողմից մինչ վերջնական ընդունվելը ու բարձրաձայնվելը։ Ամունալուծված լինելու հանգամանքի հետ նախաձեռնած կողմը հասցրել է որոշակի չափով հաշտվել ու համարել, որ ստեղծված իրավիճակում դա առնվազն իր անձի համար լավագույն լուծումն է։ Մինչդեռ ամուսնալուծություն չպահանջող ու ամուսնությունը պահպանել ձգտող կողմը կարող է երկար գտնվել դեպրեսիվ վիճակում՝ չհաշտվելով նոր իրականության հետ։ Երբ առկա են եղել անհավատարմություն, դավաճանություն, ֆիզիկական բռնություն, անցումային վիճակը ավելի երկար է տևում և ավելի շատ ժամանակ է հարկավոր լինում ապաքինվելու ու վերականգնվելու համար։ Ամուսնական տարիները ու երեխաների առկայությունը ավելի երկար ժամանակ են պահանջում բաժանումը վերապրելու ու հաղթահարելու համար։ Որքան երկար է տևել ամուսնությունը, այդքան ավելի դժվար է հաշտվել դրա ավարտի հետ։

Նոր կյանքի սկիզբ, սիրո նոր պահանջմունք

Նոր սեր գտնելու համար պետք է ոչ միայն հավատալ, որ աշխարհում դեռ կա մեկը հատուկ ձեզ համար, այլ նաև, որ դուք արժանի եք այդ սիրուն և առհասարակ երջանիկ լինելու։ «Ի՞նչը սխալ ընթացավ նախորդ ամուսնության մեջ, ինչու՞ այն տապալվեց, ինչպե՞ս չնկատեցի ակնհայտը»։ Նման հարցերը հետամուսնալուծական շրջանի անբաժանելի ուղեկիցներն են։ Ու կարևոր է գտնել դրանց պատասխանները նոր հարաբերություններ սկսելուց առաջ։ Նախևառաջ դա ազնիվ է այն անձնավորության հանդեպ, ում հետ պատրաստվում եք հանդիպել։ Յուրաքանչյուր անձ կուզենա իմանալ ամուսնալուծված կողմի նախորդ ամուսնության տապալման իրական պատճառը ու հենց ձեր պատասխանատվության չափը։ Քանի որ ցավոք գրեթե չկան կողմեր, որոնք չունեն իրենց մեղքի բաժինը, երբ ընտանիքը քանդվում է։ Պարզապես մի կողմը հաճախ ավելի շատ է սխալներ գործել, քան մյուսը։ Ու անգամ ոչինչ չանելը, լռելը, դիմանալը իրենց հերթին վատ հետևանքներ են ունենում։ Բացի դիմացինի հետ ազնիվ ու անկեղծ լինելու անհրաժեշտությունից՝ հույժ կարևոր է ազնիվ ու պատասխանատու լինել սեփական անձի ու արված գործողությունների նկատմամբ։ Չգիտակցված սխալը կրկնվող սխալն է։ Մինչև չհասկանաք նախկին ամուսնության թույլ կողմերը, բացթողումները, դատապարտված եք տապալելու նաև նոր հարաբերությունները։ Եթե անգամ ձեր միակ սխալը սխալ ընտրություն անելու մեջ է եղել, հասկացեք՝ ինչն է դրդել ընտրելու մեկին, ում հետ ի վերջո դժբախտ եք եղել։ Ու եթե մի անգամ սխալվել եք նման կարևոր հարցում, ի՞նչ անել հաջորդ անգամ հնարավորինս չեզոքացնելու համար սխալ ընտրության ռիսկը։ Ամեն ինչում մեղադրել ճակատագրին ու բախտին առնվազն կառուցողական չէ։

Մինչև նոր հարաբերությունների մեջ ընկղմվելը համոզվեք, որ՝

ֆիզիկական ու մենթալ առողջությունը վերականգնված է։

Փորձեք երջանիկ լինել անգամ առանց զուգընկերոջ կամ ամուսնու։ Եթե ձեր կյանքը, աշխատանքը, առօրյան, երեխան, սեփական անձի հետ անցկացված ժամանակը ձեզ համար դժգոհության ու անբավարարվածության աղբյուր են, ոչ ոք ձեզ չի երջանկացնի ու լուծի այն բոլոր խնդիրները, որ ունեք։ Ով դժբախտ է միայնության մեջ, դժբախտ է նաև հարաբերություններում։ Ընկերը կամ ամուսինը չեն լրացնի ձեր կյանքի բացերը, ոչ էլ դժբախտությունը կվերածեն երջանկության երկարաժամկետ հեռանկարում։ Նոր հարաբերություններում փնտրեք այն անձին, ում հետ կկիսեք ձեր ուրախությունն ու կյանքից բավարարվածությունը, այլ ոչ թե միայնությունը լրացնելու կամ խնդիրներ լուծելու միջոց։

Չունեք զգացմունքներ նախկին ամուսնու հանդեպ

Ակնհայտ է, որ եթե սերը նախկին ամուսնու հանդեպ չի մարել, ապա նոր հարաբերությունների համար դա անառողջ սկիզբ է։ Միաժամանակ ատելությունը ու վրեժխնդիր լինելու ցանկությունը նույնպես շատ մեծ խոչընդոտ են երջանիկ լինելու ճանապարհին։ Նոր հարաբերություններում կենտրոնացեք նոր անձի վրա։ Մի փորձեք լրացնել նախկինի բացը նոր զուգընկերոջով կամ որևէ բան ապացուցել նրան և կամ նրա ընտանիքին։ Ազնիվ եղեք ամուսնալուծության հանդեպ ու պատրաստ նոր հարաբերությունների համար։ Վաղուց ժամանակն է հասունանալու, պատասխանատվություն կրելու ու ապրելու սեփական անձի հստակ արժեհամակարգով, այլ ոչ թե այլ անձանց սպասումները արդարացնելու կամ որևէ մեկին նմանակելու համար։

Հաշվի եք առել երեխաների շահերը

Երեխաների առկայությունը դժվարացնում է անցումային շրջանը․ սեփական անձի ապրումների վրա կենտրոնանալուց զատ պետք է օգնեք ձեր փոքրիկին հաղթահարել իր համար ոչ պակաս դժվար այս իրադարձությունը։ Երեխաների նոր կյանքին ադապտացիայի, հարմարվելու համար պատասխանատու եք դուք։ Ու իրենց շահերը պաշտպանողը նույնպես դուք եք։ Նոր հարաբերություններ սկսելուց առաջ հաշվի առեք ձեր երեխաների արձագանքը։ Մի շտապեք ծանոթացնել նոր ընտրյալի հետ, քանի դեռ ինքներդ վերջնականապես վստահ չեք ձեր ընտրության մեջ։ Տվեք երեխաներին բավարար ժամանակ ընդունելու նոր իրականությունը։ Ծնողների բաժանումը առանց այն էլ սթրեսային իրադարձություն է, եղեք երեխայի կողքին այդ դժվար պահին։ Մի ավելացրեք նոր մտահոգություն ձեր նոր հարաբերություններով։ Սպասեք, մինչև որ երեխան հոգեպես պատրաստ լինի։ Եթե նոր ընտրյալի ու ձեր երեխայի հարաբերությունները կտրականապես չեն ստացվում, դա մտահոգվելու ու ընտրությունը վերանայելու պատճառ է։ Իսկ ավելի հաճախ դա ազդակ է, որ հենց ձեր ու երեխայի հարաբերությունները ճեղք են տվել ու ավելի շատ ուշադրության կարիք ունեն։

Կողմնորոշվել եք կարևորագույն հարցերում

Հստակեցրեք՝ ինչ եք ուզում տեսնել նոր հարաբերություններում ու ինչի հետ չեք հաշտվի․ մի անտեսեք նախորդ ամուսնության ու հարաբերությունների դրական ու բացասական փորձը։ Վերանայեք սեփական ընտրությունների դրդապատճառները։ Վերագնահատեք այն ամենը, ինչը ունի փոփոխման կարիք կյանքի նոր փուլում։

Սոցիալական գնահատում

Այս նոր ժամանակակից տերմինը, վերաբերում է սեփական անձի մեր ընկալմանը ու դրանից բխող սպասումներին։ Այլ կերպ ասած, եթե կարծում եք, որ առաջարկելու շատ բան ունեք հարաբերությունների կամ երկրորդ ամուսնության մեջ, դուք նույնպես շատ եք ակնկալում ստանալ նոր պոտենցիալ ընտրյալից։ Իսկ եթե հավաստիացած եք, որ ձեր առավելությունների մեծ մասը վատնվել է առաջին ամուսնության ընթացքում, ու հիմա ավելի վատ թեկնածու եք, քան նախկինում, ձեր սպասումների շեմը նույնպես նվազում է։ Կարող է համաձայնվեք հանդիպել մի անձի հետ, ում տարիներ առաջ չէիք էլ դիտարկի։ Այստեղ կարևոր են երկու գործոն միաժամանակ։ Առաջինը՝ լինել ինքնավստահ ու դուրս գալ տուժածի կերպարից, վստահել սեփական ուժերին ու հավատալ, որ արժանի եք լավագույնին։ Երկրորդ գործոնը՝ սեփական անձը ու դիմացինին սթափ ու օբյեկտիվ գնահատելու կարողությունն է։ Սեփական արտաքինին, ընտանեկան ու ընկերական կապերին, ֆինանսական եկամուտին, առողջությանը, ձեռքբերումներին ու անհաջողություններին, առավելություններին ու թերություններին առանց նվազեցնելու ու ավելացնելու գնահատական տալու պատրաստակամությունը, ինչը վկայում է ձեր հասունության ու կայացման մասին։

Նոր հարաբերությունների մեջ ընկղմվելուց առաջ որոշակի ժամանակ անցկացրեք ինքներդ ձեզ հետ։ Հասկացեք սեփական անձի փոխված պահանջմունքներն ու կարիքները։ Որակապես այլ հարաբերություններ ունենալու համար, ձեր անձնային որակներն ու բնութագրերը չեն կարող մնալ նույնը։ Հարաբերություններում նոր վերաբերմունք ստանալու, որակապես այլ կյանք ու ընտանիք ունենալու ու կազմելու համար, փոփոխությունը սկսեք սեփական անձից։

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan2620
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող