loader
< Վերադառնալ
img

21.01.2026

Մետաճանաչողությունը սեփական մտածողության գործընթացների գիտակցումն ու կարգավորումն է։

Այն կարողություն է «մտածել մտածելու մասին»։ Ոչ թե այն, թե ի՞նչ ես մտածում, այլ՝ ինչպե՞ս ես մտածում։ Դա այն պահն է, երբ ուղեղդ մի պահ կանգ է առնում և հարցնում է՝ «արդյո՞ք այս միտքը իսկապես օգնում է ինձ»։

Մարդկանց մեծ մասը ապրում է իրենց մտքերի ներսում։ Մետաճանաչող մարդիկ ունակ են դիտարկել իրենց մտքերը՝ առանց դրանց մեջ խճճվելու։

Երկու մարդ կարող են հավասարապես խելացի լինել, բայց այն մեկը, ով ունի ավելի զարգացած մետաճանաչողություն, իր ինտելեկտն ավելի արդյունավետ է օգտագործում։

Մետաճանաչողությունը վերաբերում է սեփական մտավոր գործընթացները դիտարկելու, հասկանալու և վերահսկելու կարողությանը։

Մետաճանաչողության երկու հիմնական բաղադրիչներն են՝

Մետաճանաչող գիտելիք՝ սեփական մտավոր ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև արդյունավետ ռազմավարությունների մասին պատկերացում։

Օրինակ՝ գիտակցել, որ ավելի լավ ես հիշում, երբ գրի ես առնում։

Մետաճանաչող կարգավորում՝ մտածողության և ուսուցման պլանավորման, վերահսկման և գնահատման ունակություն։

Օրինակ՝ հասկանալ, որ ընթացիկ մոտեցումը չի աշխատում, և փոխել այն՝ ավելի արդյունավետի։

Նյարդագիտությունը մետաճանաչողությունը կապում է՝

  • Ավելի լավ որոշումների,
  • Արագ սովորելու,
  • Կրկնվող սխալների նվազման,
  • Զգացմունքների վերահսկման հետ։

Այն օգնում է նկատել՝

  • Ես արձագանքում եմ զգացմունքային
  • Այս ռազմավարությունը չի գործում
  • Պետք է դադար վերցնեմ

Ինչու՞ է այն կարևոր՝

  • Բարելավում է ուսուցումն ու որոշումների կայացումը՝ օգնում է դառնալ ավելի արդյունավետ սովորող և առաջնորդ։
  • Կառուցում է ինքնագիտակցություն` մենք սկսում ենք նկատել մեր կողմնակալությունները, ենթադրությունները և մտավոր սովորությունները։
  • Աջակցում է աճին՝ երբ սկսում ենք մտածել մեր մտածելու մասին, կարող ենք կասկածի տակ առնել անօգուտ սովորությունները և փոխարինել դրանք ավելի օգտակարներով։

Մետաճանաչողությունը օգնում է մեզ դառնալ մեր մտքերի հեղինակը, ոչ թե պարզապես ընթերցողը։

Աղմկոտ աշխարհում մետակոգնիցիան մեր ներքին կողմնացույցն է։

Մետաճանաչողությունը պարզապես հասկացություն չէ, այն հմտություն է, որը կարելի է զարգացնել։

Ահա երեք լավագույն տարբերակ՝ այն կիրառելու համար․

Դադար տուր և բարձրաձայնիր քո միտքը

Օրվա ընթացքում մի քանի անգամ կանգ առ և քեզ հարցրու՝ «Ի՞նչ եմ հիմա մտածում»։ Երբ անվանում ես քո միտքը (օրինակ՝ «Ես ենթադրում եմ վատագույնը», «Ես ինձ համեմատում եմ ուրիշների հետ»), ստեղծվում է տարածություն քո և այդ մտքի միջև։ Այդ տարածությունն է տալիս ընտրելու ազատություն։

Մտքերդ գրի առ

Օրվա վերջում գրի առ այն պահերը, երբ քո մտածողությունը քեզ օգնեց կամ խանգարեց։ Ի՞նչ օրինաչափություններ ես նկատում։ Ի՞նչն էր առաջացնում քո ռեակցիաները։ Սա զարգացնում է ինքնագիտակցություն և օգնում է բացահայտել կրկնվող մտավոր սովորությունները։

Օգտագործիր «Արդյոք սա օգտակա՞ր է» ֆիլտրը

Երբ նկատում ես, որ մտքերդ պտտվում են տեղում կամ քեզ խանգարում են, հարցրու՝ «Այս միտքը ինձ օգո՞ւմ է առաջ շարժվել»։ Եթե ոչ, մեղմորեն փոխիր ուշադրությանդ ուղղությունը։ Այս պարզ հարցը տալիս է ընտրելու պարզություն:

Մետաճանաչողությունը և առաջնորդությունը

Մետաճանաչողությունը օգնում է առաջնորդին գիտակցել ոչ միայն ի՞նչ է մտածում, այլ՝ ինչպե՞ս է մտածում։ 

Առաջնորդության մշակույթում սա նշանակում է՝

Մտավոր սովորությունների ճանաչում․ Առաջնորդը նկատում է, երբ ընկնում է վերահսկման, խուսափման կամ ենթադրությունների մեջ՝ և կարող է ընտրել այլ ուղի։

Մտածելու տարածքի ստեղծում․ Թիմը արտացոլում է առաջնորդի ինքնագիտակցությունը։ Երբ առաջնորդները ժամանակ են հատկացնում խորհելու համար, նրանք օրինակ են ծառայում գիտակցված և նպատակային գործողությունների։

Որակյալ որոշումների կայացում․ Երբ առաջնորդը հարցականի տակ է դնում իր մտածողության ձևերը, նա կայացնում է ավելի պարզ և հիմնավորված որոշումներ։

Մետաճանաչողությունը ինքնառաջնորդման հիմքն է։

Այն թույլ է տալիս կանգ առնել, խորհել և գիտակցված ընտրել արձագանքը։

Մետաճանաչողությունը առաջնորդությունը տեղափոխում է ռեակտիվ անդրադարձից, ավտոպիլոտից՝ ազդեցության դաշտ։

Մետաճանաչողությունը օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես ենք սովորում, որոշումներ կայացնում և խնդիրներ լուծում, և հնարավորություն է տալիս հարմարեցնել մեր ռազմավարությունը՝ ավելի լավ արդյունքների հասնելու համար։ Այդ ինքնագիտակցությունը փոխում է ամեն ինչ։

Մետաճանաչողությունը առաջնորդության գերուժն է։

Երբ սկսում ենք դիտարկել մեր մտքերը, սկսում ենք առաջնորդել այն՝ փոխարենը նրա կողմից առաջնորդվելու։

Մարիանա Էդիլյան

cYerevan770
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

26 հմտություններ 2026-ի համար

1. Ուշադրության կենտրոնացում և կառավարում: Ով կարողանում է պահել ուշադրությունը, հաղթում է արագությամբ և որակով...Ավելին

img

10+1 հարց 2025-ի վերջում 2026-ի համար

1․ Ի՞նչ սովորություններն էին ինձ օգտակար այս տարի, իսկ որոնք՝ խանգարող...Ավելին

առավել ընթերցվող