loader
< Վերադառնալ
imgԼուսանկարը՝ Արա Շահումյանի

23.04.2024

Երբևէ կպատկերացնեի՞ք, որ հնարավոր է Մարս հասնել․․․մեքենայով, Արարատի հայացքի տակ` Երևանից անցնելով մոտ 65 կմ։ Այս ամենն իրականություն դարձավ «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելության ընթացքում։ 

Հենց «երևակայական Մարսի» կամ Արմաշ գյուղի «Մարսյան կայանում» էլ բարձր պատրաստվածությամբ անալոգային վեց տիեզերագնաց և գիտնականներ մեկուսացան մոտ մեկ ամիս ու տարբեր մարսագնացներով, ռոբոտատեխնիկայով իրականացրին 13 գիտափորձ։ Նման փորձարկումներն անհրաժեշտ են, որ օգնեն մարդուն դեպի Մարս առաջին իրական թռիչքին։ 

Փորձարկումներից, օրինակ՝ «Genes4Mars»-ի ընթացքում որոնել ու մոնիտորինգի են ենթարկել տիեզերագնացների առողջության և կատարողականության կենսամարկերները։ Մեկ այլ գիտափորձի՝ «GeoPrep»-ի ընթացքում դաշտային վերլուծությունների և վերադարձի համար առաջնահերթ աստղաերկրաբանական նմուշ են նախապատրաստել, իսկ «Hort³Space»-ի ընթացքում փորձարկել են, թե ինչպես կաճեն մշակաբույսերը տիեզերքում։

Այս ուսումնասիրություններին զուգահեռ Վիեննայի Ավստրիական տիեզերական ֆորումի շենքում՝ պայմանական Երկրում, աշխատում էին թռիչքի կառավարման և պլանավորման, գիտության հեռավար աջակցության և մեդիա թիմերը՝ հայ ինժեներների հետ։ 

«Այսօր այստեղ գտնվելը դեպի Մարս ապագա թռիչք տանող փոքր քայլերից մեկն է, և մենք առաջինը չենք, որ տիեզերքը Հայաստան ենք բերել․ այն հայկական նորարարական մշակույթի մասն է եղել դեռ տասնամյակներ առաջ։ Ինչպիսին էլ դեպի Մարս տանող ճանապարհը լինի, բոլորը կհիշեն, որ առաջին կարևորագույն քայլերից մեկն արվել է հենց այստեղ՝ Արմաշում։ Մեզ համար պատիվ էր գործակցել երիտասարդ հայ մասնագետների և ուսանողների խմբի հետ, որոնք վերապատրաստվել և Առաքելության աջակցման կենտրոնի մասն են կազմել»,-տիեզերքով հետաքրքրված մարդկանց պատմեց Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրենը։ Գերնոտ Գրյոմերը նաև նկատեց, որ Հայաստան-Ավստրիա ամուր գործակցությունը բազմաթիվ ընկերներ ձեռք բերելու ու գիտությունից բացի նաև դիվանագիտական, մշակութային, զբոսաշրջային սերտ կապեր ամրապնդելու քայլ էր։ 

«Մեր երազանքն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես տիեզերական ծրագրեր իրականացնող երկիր։ Եվ այս առումով սա շատ կարևոր նախաձեռնություն էր։ Հայաստանի համար կարևոր է ինտեգրվել եվրոպական, համաշխարհային գիտական շրջանակներում և խոսել մեր տիեզերական հավակնությունների մասին։ Մեր նպատակն էր մի օր դառնալ ոլորտի խոշորագույն ծրագրերի մի օղակը։ Այսօր համաշխարհային տիեզերական նախագծերում ներգրավված են բազմաթիվ հայազգի մասնագետներ»,-ասաց Հայաստանում «AMADEE-24» առաքելության հյուրընկալող խմբի ներկայացուցիչ Մհեր Մեհրաբյանը: 

Հայաստանյան Մարսն արդյոք զբոսաշրջային հետաքրքիր հասցե կդառնա՞․ այս հարցին պատասխանեց առաքելության հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանը․ «Այս նախագիծը հեշտ չէր, բայց իրականանալի էր։ Եվ սա առաջին քայլն է դեպի էլ ավելի խոշոր ու նշանակալի իրադարձություններ։ Առաքելության ավարտից հետո Մարսի անալոգային կայանն Արմաշում շարունակելու է գործել, և մենք նախապատրաստվելու ենք նոր մասշտաբային ծրագրերի»։ Ասլանյանը նաև նշեց, որ ըստ էության, սա գիտական միջոցառում է, Մարսը միայն պատրվակ է գիտական փորձառություններ անելու ու հետ բերելու դրանք Երկիր մոլորակ։ Այս պահին այս ծրագիրը ոչ թե Մարսում ապրելու, այլ գիտական նորարարությունների մասին է։ 

Իսկ Կարմիր մոլորակի մասի գիտական նորարարական հետազոտությունների համար անհրաժեշտ էր ոչ միայն ծանր սկաֆանդրներով ուսումնասիրություններ անել տեղանքում, այլև մոտ մեկ ամիս շարունակ տիեզերական սննդակարգով ապրել, որի թե՛ որակից, թե՛ համից տիեզերագնացները շատ գոհ էին ու կարևորը՝ կուշտ, պատմում է տիեզերագնացների համար անհատական սննդակարգեր կազմած սպորտի վարպետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Ավագյանը․ «Խաղողի ու ծիրանի յուղից, դեղձից, սալորաչրից, մեր հայկական մրգերից ստացել էինք աղեստամոքսային տրակտի ֆունկցիաները կարգավորող պրոբիոտիկներ, պրեբիոտիկներ ու մետաբիոտիկներ։ Իսկ օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սպիտակուցների պակասը լրացրել ենք բուսական ծագման հատուկ սնկերով»։ 

Անալոգային տիեզերագնացների խմբից իսպանացի աստղաֆիզիկոս Ինիգո Մունյոզ Էլորսան պատմեց, որ հետազոտությունների մեկ ամիսն իր համար շատ հետաքրքիր բացահայտումներով էր անցել․ «Մարսի լանդշաֆտի հետ համեմատելով՝ տարբերություններից մեկը, որ կարելի էր նկատել բարձր ժայռոտ սարահարթի վրա այն էր, որ մեր կայանից դուրս էինք գալիս ու աչքներիս առաջ բացվում էր Արարատ լեռն իր գեղեցիկ տեսարանով։ Հենց Արարատը տեսնում էինք այդ ժամանակ էինք վերհիշում, որ իսկապես, ոչ թե Մարսում ենք, այլ դեռ պատրաստվում ենք Մարս հասնել»։ 

Անալոգային տիեզերագնացների հետ շփվելու համար առաքելության թե՛ բացման, թե՛ ամփոփիչ միջոցառումները մարդաշատ էին։ Amadee-24-ի ավարտին անձնակազմի հրամանատար Անիկա Մեհլիսն ասաց, որ ամբողջ անձնակազմն ահռելի թիմային աշխատանք է արել․ «Գերագույն հաճույք է կրկին տեսնել բոլորիդ ժպտադեմ։ Անձնակազմը կփաստի, որ մեզ համար մեծ պատիվ էր առաքելության շրջանակում հյուրընկալվել այստեղ, գիտափորձեր անել ու բացահայտել նաև Հայաստանը»։ 

Առաքելության ամփոփիչ միջոցառմանը տիեզերք հասնելու երազանքով եկած հյուրերն արդեն «Երկրում» դիմավորեցին անալոգային տիեզերագնացներին, զրուցեցին նրանց հետ՝ փորձելով մտապահել այս օրը, որ գուցե 20-30 տարի անց, երբ մարդիկ իսկապես Մարս հասնեն, հիշեն, որ իրենք մասնակցել են առանց տոմս Մարս հասնելու ու վերադառնալու առաջին քայլերին։ Իսկ Amadee-24-ը Հայաստանում ամփոփվեց բյուրեղի տեսքով․ ի նշան արդյունավետ գործակցության՝ Ավստրիական տիեզերական ֆորումը Հայաստանում կթողնի աշխարհի տարբեր ծայրերից բերված ժայռակտորների և մարսյան երկնաքերի միաձուլումից ստեղծված բյուրեղապատ հուշանվերը։ 

Հ․Գ․ Առաքելությանը մասնակցեցին տիեզերական հետազոտական տարբեր հաստատություններից և գործակալություններից ներկայացուցիչներ, ավելի քան 250 գիտնական՝ 26 երկրից։ Տիեզերական տեխնոլոգիաների անալոգային հետազոտությունների ոլորտում «AMADEE-24»-ն այս տարի հյուրընկալեցին ու կազմակերպեցին «Հայկական աերոտիեզերական գործակալություն»-ն ու «Հայկական տիեզերական ֆորում»-ը, իսկ կառավարումն իրականացնում էր «Ավստրիական տիեզերական ֆորում»-ը։ Ծրագիրն իրականացվել է Արարատի համայնաքապետարանի և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն էր GTB Holding-ը, ռազմավարական գործընկերներն էին՝ Արեն Մեհրաբյան հիմնադրամը, Engined AM-ը, Instigate-ը և «Իրական դպրոց»-ը, ՍԱՍՏԻԿ-ը, Լիգան, տեխնոլոգիական գործընկերներն էին՝ Team Telecom Armenia-ն, VEGA-ն, PROFAL-ը։ Գործընկերների թվում էին նաև Shell-ը, ՍասՏեքստ-ը և Դիլին։

Լիլիթ Հարությունյան

cYerevan2919
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Դրոնը կարող է լինել նաև HR-ական

Արդեն իսկ ստեղծվել են մի քանի HR-ական ստարտափ ընկերություններ, որոնցից է HR Drone ընկերությունը։ Այն աշխատանքի փնտրման և աշխատակցի հայտնաբերման ծրագրային հավելված է...Ավելին

առավել ընթերցվող