
12.12.2023
Բարև Ձեզ, շնորհավորում ենք Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի (ասոցիացիայի) նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Բարև Ձեզ, շնորհակալ եմ։ Իրականում այս տարի մենք ունենք 13 անդամից բաղկացած համալրված խորհուրդ։ Մեր գործող խորհրդին, որը մեծամասնությամբ շարունակելու է մեր մասնագիտական համայնքին ծառայելու իր հանձնառությունը, ավելացել են չորս նոր անդամներ, որոնք նոր արյուն և էներգիա են բերել։ Մենք արդեն հանդիպել և մի քանի ժամ քննարկել ենք մոտակա երկու տարիների պլանները։ Անելիքներ շատ կան՝ սկսած հայերենով մասնագիտական բովանդակության ստեղծումից մինչև տարբեր միջոցառումներ, և ամենակարևորը ներքին աուդիտի գործառույթի կարևորության արժևորում՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը ձգտում է միջազգային համայնքին ավելի խորը ինտեգրում և թափանցիկ ու հաշվետու կառավարում ունենալ։
Խնդրում ենք ներկայացրեք թե ինչ զարգացումներ են եղել մասնագիտության առումով։
ՆԱԻ-Հայաստան հասարական կազմակերպությունը գրանցվել է 2013 թվականին 31 հիմնադիրների ջանքերով, այն մասնագետների ասոցիացիա է։ Այսօր մենք ունենք 140-ից ավելի ակտիվ անդամներ, որոնցից 39-ն ունեն որակավորված ներքին աուդիտորի միջազգային որակավորում՝ CIA, և այս թիվն աճում է, ինչ ուրախալի է։
Իսկ ի՞նչ զարգացումներ են եղել ոլորտում վերջին տարիներին։
Ներքին աուդիտը նեղ մասնագիտական ոլորտ է ընկալվում, թեև կորպորատիվ կառավարումը (նաև հանրային կառավարումը) խիստ կարևոր են երկրի զարգացման տեսանկյունից։ Ամբողջ աշխարհում ներքին աուդիտը զարգանում է մի քանի հիմնական ուղղությամբ՝ ֆինանսական համակարգ, հանրային հատված (պետական և տեղական կառավարման մարմիններ), հանրային ընկերություններ (ԲԲԸ-ներ)։
Բանկային/ֆինանսական համակարգ
Բանկերի և ապահովագարական ընկերությունների նկատմամբ ներքին աուդիտի պահանջը գործում է դեռևս 2005 թվականից։ Ինչպես նշել էի իմ նախորդ հոդվածում միջազգային ստանդարտներով աշխատելու պահանջ դեռևս չկա, ինչի արդյունքում ներքին աուդիտը հաճախ տեխնիկական մակարդակի վրա է մնացել։ Ուրախալի է, որ ունենք բանկեր, որոնք հետևում են միջազգային ստանդարտներին և նույնիսկ որակի արտաքին գնահատում են անցել, սակայն համակարգային իմաստով որակի ապահովման համար ավելի առարկայական ջանքեր են պետք։ Այստեղ կարևոր նշանակություն ունի մեր հայկական ընկերությունների սեփականության կառուցվածքը, որից բխում է Խորհրդի կառուցվածքը և հաշվետվողականությունը։ Կարևոր առանձնահատկություն է, որ բանկերի շահառուները միայն բաժնետերերը չեն, այլ նաև ավանդատուները, որոնք ներկայացված չեն կառավարման մարմիններում, փոխարենը ռիսկերը զսպում է կարգավորող մարմինը՝ Կենտրոնական բանկը։ Հենց այս պատճառով է կարևոր կարգավորող մարմնի կողմից բարձր ստանդարտների սահմանումը։
Հանրային/պետական հատված
2013 թվականից ներքին աուդիտ ներդրվել է նաև հանրային հատվածում՝ «Ներքին աուդիտի մասին» օրենքի հիման վրա։ 2019թ կառավարությունը հանկարծակի որոշեց արտապատվիրակել ներքին աուդիտը մասնավոր հատվածին, որտեղ բավարար որակյալ առաջարկ չկար ներքին աուդիտի միջազգային ստանդարտների համապատասխան ներքին աուդիտ իրականացնելու՝ հատկապես գործառնական աուդիտի մասով։ Պետական մրցույթների կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ այդ որակն առ այսօր չի ձևավորվում։ Որոշ պետական մարմիններում, որոնք կարողացան պահել ներքին աուդիտի ստորաբաժանումը, որոշակի առաջընթաց կա, սակայն համակարգային առումով ցավոք ոլորտը չի։ Հաջորդ տարի Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտը ներկայացնում է ներքին աուդիտի ամբողջությամբ նորացված ստանդարտները, որոնց հայերեն թարգմանության մասով լիազոր մարմինն իմ տեղեկություններով քայլեր չի ձեռնարկել, թեև հանրային հատվածի ներքին աուդիտի օրենսդրությունը ժամանակին մշակվել է միջազգային ստանդարտների հիման վրա՝ միջազգային կառույցների օժանդակությամբ։
Հանրային (նշանակության) ընկերություններ
Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը պահանջում է, որպեսզի ԲԲԸ-ներն ունենան Աուդիտի կոմիտե, սակայն ներքին աուդիտի պահանջ չի սահմանում (թեև կա վերստուգողի պահանջ, որի գործառույթը որևէ ստանդարտով չի կարգավորվում և չի փոխարինում ներքին աուդիտին)։ Հանրային նշանակության ընկերությունների համար ևս չկա ներքին աուդիտի պահանջն։ Ուրախալի է, որ հեռահաղորդակցման ոլորտի բոլոր 3 ընկերություններում կան ներքին աուդիտի ստորաբաժանումներ։ Այդուհանդերձ, որակի մասով միակ հնարավոր երաշխիքը դա միջազգային ստանդարտների ներդրումն է, որոնց պարտադիր պահանջ է հինգ տարին մեկ որակի արտաքին գնահատումը։
Այստեղ կարևոր է անդրադառնալ մի հանգամանքի, որը հաճախ ուշադրությունից դուրս է մնում։ Ուժեղ ներքին աուդիտ առանց Աուդիտի կոմիտեի (կամ Խորհրդի կողմից այդ ուղղությունը բավարար ծածկելու) հնարավոր չէ։ Վերոնշյալ երեք ուղղություններում էլ այս հարցը բաց է։ Միայն մի քանի բանկերում կան Աուդիտի կոմիտեներ։ Հանրային հատվածում, որտեղ խորհուրդներ որպես այդպիսին չկան, սա առավել քան լուրջ խնդիր է, և անկախ Աուդիտի կոմիտեն միայն կարող է այդ բացը փակել։
Ամփոփելով նշեմ, որ կորպորատիվ կառավարման և ներքին աուդիտի մշակույթի առումով մենք դեռևս գտնվում ենք հասունության նախնական մակարդակներում, և էական առաջընթաց ունենալու համար պետությունն ի դեմս ֆինանսների նախարարության (հանրային հատվածի համար), Կենտրոնական բանկի (ֆինանսական համակարգի և հաշվետու թողարկողների համար) և Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (իր դաշտում գտնվող հանրային նշանակության ընկերությունների համար) կարող է լուրջ դրական դեր ունենալ։
Արա Չալաբյանը Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահն է, Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է ֆինանսներ, կառավարչական հաշվապահություն և աուդիտ (2018թ․ դասավանդման գերազանցության մրցանակ), Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետ է ներքին աուդիտի գնահատման գծով, 18 տարի աշխատել է Կենտրոնական Բանկում, 2010-2020թթ եղել է ԿԲ գլխավոր աուդիտորը, 2020-2022թթ Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենը։ Անդամակցում է Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիային (ACCA), Ներքին աուդիտորների ինստիտուտին (IIA) և Տեղեկատվական համակարգերի հսկողության և աուդիտի ասոցիացիային (ISACA) և ունի որակավորված հաշվապահի (ACCA), որակավորված ներքին աուդիտորի (CIA - 2014թ աշխարհում լավագույն 10 արդյունքով 10,000-ից) և որակավորված ռիսկերի կառավարման մասնագետի (CRMA, CRISC) միջազգային որակավորումներ։ Հոդվածներ է հրապարակել banks.am, Internal Auditor (2018թ․ մրցանակի արժանացած), Внутренний Аудитор պարբերականներում։
Մեկնաբանություններ