
14.04.2024
Դարեր շարունակ հայ կինը եղել է ու շարունակում է մնալ ընտանիքի ու հասարակության ողնաշարը: Ծնված օրվանից ի վեր՝ կինը ստանձնել է բազում դերեր՝ դստեր, քրոջ, կնոջ, հարսի, մոր, տատիկի: Սոցիալական դերերից բացի կինը կատարում է բազում պարտականություններ թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Կանայք զարմանալիորեն համատեղում են խոհարարի, տան տնտեսուհու, խնջույքներ կազմակերպողի, վարորդի, դայակի, դաստիարակի, դասապատրաստողի, հոգեբանի, բժշկի պարտականությունները՝ չմոռանալով խնամել տան կենդանիներին, կազմակերպել տան բոլոր անդամների հանգիստը և ապահովել տան խաղաղ մթնոլորտը: Այս ամենը, իհարկե, ակնկալվում է կատարել հիմնական աշխատանքին զուգահեռ՝ անցնելով հերթական վերապատրաստման փուլը, ձգտելով կարիերայի առաջխաղացմանը կամ աշխատելով մեկից ավելի գործատուների մոտ: Եվ իհարկե չմոռանանք, որ այս ամենի ընթացքում արտաքինը պետք է ոչ միայն չտուժի, այլև պահպանվի այնպես, կարծես կինը ո՛չ աշխատում է, ո՛չ էլ երեխա ունենում: Ու եթե տղամարդիկ աշխատանքային ծանր օրվանից հետո ակնկալում են հանգիստ երեկո, ապա կանայք տուն գալուն պես անցնում են այն հիմնական աշխատանքին, որ չունի ո՛չ արձակուրդ, ո՛չ հանգստյան օրեր, չի վարձատրվում ու հաճախ անցնում է աննկատ:
Իր ամբողջ կյանքի ընթացքում հայ կինը փորձում է հասնել կատարելության իր ստանձնած բոլոր դերերում: Սկսելով որպես սիրող ու նվիրված դուստր ու քույր՝ դառնում հավատարիմ ու սատարող կին, անձնվեր ու հոգատար մայր: Ու հասարակության սպասումները, որ կինը պետք է իր բոլոր պարտականություններում հաջողի ու երբեք չթերանա, քայքայող ազդեցություն են ունենում վերջինիս մենթալ առողջության վրա: Արհեստականորեն ստեղծվում է միֆ կնոջ մասին, որ կարող է ամեն ինչ, որ կատարյալ մայր ու կին է, անփոխարինելի մասնագետ, շատ աշխատում ու չի հոգնում, գիշերը չի քնում, բայց չի սպառվում, երեխաներ է ունենում, բայց տարիների ընթացքում մնում նույն գեղեցկուհին: Ու կինը փորձում է իսկապես համապատասխանել այդ գոյություն չունեցող կերպարին՝ արդարացնելով բոլորի սպասումները ու կատարելության հասցնելով իր բոլոր սոցիալական դերերը:
Բայց հույժ կարևոր է այս ամենի մեջ պահպանել սեփական մենթալ ու ֆիզիկական առողջությունը:
Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որ կօգնեն պահպանել հավասարակշռությունն աշխատավայրի, երեխաների խնամքի, տան հոգսերի ու ձեր անձնական կյանքի միջև:
Փորձեք գտնել աշխատանք ճկուն գրաֆիկով: Դիտարկեք հեռավար աշխատանքը, կես դրույքով կամ լրացուցիչ ազատ օրով աշխատանքը: Սա կարող է զուտ ժամանակավոր բնույթ կրել, մինչև ձեր երեխաները մեծանան կամ ձեր տան զբաղվածությունը թեթևանա:
Ներգրավեք բոլորին՝ պրոֆեսիոնալ օգնականներից մինչև բարեկամներ: Հստակեցրեք օրեր տատիկների կամ այլ բարեկամների համար, երբ կարող եք երեխաներին նրանց հետ թողնել: Հարմար տարբերակ է կիսել երեխայի խնամքը մոտ ընկերուհու հետ՝ երբ ընդհանուր երեխաներին հերթով խնամում եք: Ներգրավեք նաև մեծահասակ երեխաներին: Ցանկացած օգնություն կթեթևացնի ձեր հոգսը: Մի փորձեք ամեն ինչ անել ինքնուրույն՝ ակնկալելով, որ ավելի մեծ գովասանքի կարժանանաք: Խուսափեք գերհոգնածությունից․ այն կործանիչ է թե՛ ձեզ, թե՛ ձեր երեխաների համար:
Արդյունավետության առաջին գրավականներից է կազմակերպվածությունը ու կարգապահությունը: Նախապես պլանավորեք ձեր տան պարտականությունները, երեխաների ամենօրյա զբաղվածությունը, ընտանեկան միջոցառումները շաբաթվա կտրվածքով: Կազմեք ժամանակացույց ընտանիքի բոլոր անդամների համար ու հնարավորինս մի շեղվեք:
Անգամ ամենածանր օրերին գոնե կես ժամ հատկացրեք ինքներդ ձեզ: Նվիրեք այդ ժամանակը սիրելի գրքի ընթերցմանը, արտաքինի խնամքին կամ ֆիզիկական ակտիվությանը: Վերջինս կնպաստի առողջության ամրապնդմանը, արտաքինի և ինքնազգացողության բարելավմանը: Աննշան հանգիստն անգամ թարմություն ու էներգիա է հաղորդում ավելի արդյունավետ աշխատանքի համար:
Ինքներդ ձեզ խիստ մի՛ դատեք, երբ թերանում եք: Կատարյալ մասնագետներ ու մայրեր չկան: Եթե չեք հասցնում համատեղել բոլոր պարտականությունները, անտեսե՛ք կենցաղային հոգսերը: Առողջ ու երջանիկ մայրիկը, որ որակյալ ժամանակ է անցկացնում երեխայի հետ, ավելի կարևոր է, քան մաքուր տունը կամ արդուկած հագուստը:
Կին լինելը մարտահրավեր է, որ ստանձնում ենք ամեն օր: Պարտականությունների անվերջանալի հոսքի մեջ առաջնահերթությունը տվեք այն ոլորտին, որ ինքներդ եք ամենակարևորը համարում ձեր կյանքում: Ժամանակը սահմանափակ ռեսուրս է. մի՛ վատնեք այն՝ արդարացնելով ուրիշների սպասումներն ու պատկերացումները կատարյալ կնոջ մասին:
Սեր ամուսնալուծությունից հետո. ինչպե՞ս գտնել նոր կյանքի կեսի
Ամուսնալուծությունը լավագույն դեպքում սթրեսային իրադարձություն է, իսկ վատագույն դեպքում՝ կործանարար հետևանքներ թողնող ճակատագրական ու շրջադարձային կետ մարդու կյանքում...Ավելին
Մեկնաբանություններ