loader
< Վերադառնալ
img

08.09.2025

Անհավատարմությունը տարածված երևույթ է, որ առկա է եղել մարդկային հարաբերություններում անհիշելի ժամանակներից ի վեր։ Անհավատարմությունից բխող բացասական երևույթներից է ամուսնական կապերի լուծումը, վեճերը, հոգեբանական տրավմաները։ Այս երևույթն ու թեման որքան որ հետաքրքրող, ինտրիգային է շատերի համար, նույնքան հուսահատեցնող է և զգայուն։ Ամուսնացած տղամարդկանցից շատերն են ներգրավված դավաճանության մեջ՝ առաջացնելով շփոթմունք, հուզական ցնցում ու խորը հիասթափություն իրենց կանանց մոտ։ Ու նման պահվածքը վերաբերում է անգամ թվացյալ երջանիկ, սիրող ու սիրված ամուսիններին՝ առաջացնելով դարեր շարունակ հնչող հիմնահարցը՝ «ինչու՞ են ամուսնացած տղամարդիկ դավաճանում»։

Հարաբերությունների կոնտեքստում դավաճանությունը սահմանվում է որպես գաղտնի պահվող, ինտիմ հարաբերակցություն այլ անձի հետ, ով ձեր ամուսինը, կինը կամ զուգընկերը չի։ Գաղտնիությունը ու եղածը թաքուն պահելու միտումը առանցքային դեր են խաղում։ Այս միտումը իհարկե բխում այն ընկալումից, անգամ եթե չխոստովանված, որ տեղի ունեցող երևույթը անընդունելի է, ամոթալի և ցավ պատճառող այն անձի հանդեպ, ում դավաճանել են։

Կա տարածված կարծիք, որ տղամարդիկ բնազդաբար ձգտում են թողնել հնարավորինս շատ սերունդ, տարածել սեփական գեները ու դրա լավագույն միջոցը առավելագույնս շատ կապերն են։ Իսկ ի տարբերություն կանացի դավաճանության, տղամարդիկ կարող են անհավատարիմ լինել անգամ, եթե երջանիկ են ամուսնության մեջ։ Ու որոշ դեպքերում սեփական կնոջ հանդեպ սերը ու արտամուսնական կապերը փոխկապակցված չեն։ 

Դավաճանության յուրաքանչյուր դեպք անհատական է ու տարբերվող, բայց միևնույն ժամանակ իրենց կանանց դավաճանած շատ տղամարդիկ կարող են ունենալ միանման պատճառաբանություն։ Դիտարկենք ամենատարածված պատճառները։

1Դժգոհություն ամուսնական հարաբերություններից

Ամուսնական կյանքը միշտ չէ, որ հնարավորություն է ընձեռում իրագործելու մեր սպասումները կամ բավարարելու մեր բոլոր պահանջմունքները։ Ավելին՝ կենցաղային հոգսերը, երեխաների խնամքը, կնոջ գերզբաղվածությունը տունը ու աշխատավայրում հաճախ թողնում է ամուսնուն անտեսված, մղված երկրորդային դերի։ Էմոցիոնալ, ֆիզիկական, զգացմունքային ցանկությունների ու սպասումների անբավարարվածությունը ծնում է դժգոհություն ու փորձեր այդ ցանկությունները իրագործելու տանից դուրս։

2Արկածների ու փոփոխության հետապնդում

Ստաբիլ, կանխատեսելի ու խաղաղ տան անդորրը բոլորի մոտ չէ, որ գոհունակություն է առաջացնում։ Շատ տղամարդիկ ձանձրույթից, նորը փորձելու միտումից ելնելով փորձում են հագեցնել սեփական հետաքրքրասիրությունը, արկածներով լցնել առօրյան, ստանալ ու սպառել նոր ծանոթություններ ու տպավորություններ։ Հաճախ ոչ թե նոր զուգընկեր են փնտրում, այլ սեփական անձի պահվածքն ու ինքնազգացողությունն են վերապրում ու վերածնում։ Ոչ թե այլ կնոջ են սիրահետում, այլ իրենց անձի այդ դրսևորումն են սիրում, փնտրում ու արտահայտում, որ արկածների ու զվարճանքների մեջ է։

3․ Արգելված քաղցր պտուղը

Մայրիկից թաքուն քաղրավենիք ուտելը ինքնին ոգևորիչ է, անգամ եթե քացրավենիքը առանձնահատուկ համեղ չէ։ Օրինական ու բարոյական հասանելիությունից դուրս գտնվող իրի կամ անձի ձեռքբերումը ցանկալի ու ոգևորիչ է թվում ոմանց համար։ Որքան էլ պարզունակ հնչա, հարաբերությունների անընդունելիությունն ու գաղտնիությունը հավելյալ հմայք կարող են հաղորդել այնտեղ, որտեղ վերջիններիս բացակայության դեպքում կլիներ անտարբերություն։

4․ Եսասիրության սնուցում

Շատ տղամարդիկ վստահ են, որ ունեն ավել իրավունքներ, քան իրենց կանայք։ Ժամանակ առ ժամանակ դավաճանելը չի համարվում իրենց աչքերում վիրավորական կամ ցավեցնող։ Նրանք պարզապես համարում են, որ դա տղամարդ լինելու բաղկացուցիչ մասն է՝ խմելու, ծխելու ու ձկնորսության հետ միասին։ Եսասիրությունից դրդված հավատացած են, որ յուրաքանչյուր ցանկություն պետք է անմիջապես իրականացվի ու յուրաքանչյուր պահանջմունք բավարարվի՝ առանց հաշվի առնելու կնոջ կարիքներն ու ցանկությունները։ Նաև կա վստահություն, որ դավաճանությունը կմնա անհետևանք։ Շատերը կարդարացնեն իրենց պահվածքը՝ ընդգծելով, որ հոգատար ու պատասխանատու հայրեր ու ամուսիններ են։ Իսկ կողքից սիրավեպերը չեն սպառնում ընտանիքի անդորրին, այլ զուտ լիցքաթափվելու համար են։ Ու համոզմունքը, որ կինը կընդունի, կների ու չի դիմի ամուսնալուծության նպաստում է նման պահվածքի հետագա դրսևորմանը։

5․ Շրջապատող միջավայրի բացասական ազդեցությունը

Ընկերների ու անմիջական շրջապատի ազդեցությունը այս հարցում առանցքային է։ Թե՛ լավ, թե՛ վատ օրինակը վարակիչ է։ Իսկ երբեմն դավաճանել չուզեցող անհատը դիմում է այդ քայլին ընկերների ճնշման ներքո, կոնֆորմիզմից ելնելով, չուզենալով տարբերվել մեծամասնությունից, ում համար ամուսնական հավատարմությունը արժեք չէ։ Հաճախ խրախճանքի երեկոները, ալկոհոլի ազդեցությունը, չվերահսկվող պահվածքը նպաստում են նաև արտամուսնական կապերի ու ծանոթությունների, որտեղ անձերից մեկը կամ մի քանիսը նախաձեռնող կողմ են, մնացածը՝ ընկերակցող։

6. Դավաճանությունը որպես ինքնահաստատման միջոց

Այլ կանանց ուշադրությունը վերահաստատում է տղամարդու վստահությունը սեփական գրավչության մեջ։ Ու մեծամասնությունը կարիք ունեն այդ վերահաստատման, արժևորման ու գնահատման հնարավորինս շատ կանանցից ու հնարավորինս հաճախ։ Անխոս նման կարիքը կապված է ցածր ինքնագնահատականի ու սեփական կնոջ մասին ոչ բավարար բարձր կարծիքի հետ։ Հակառակ դեպքում, ակնհայտորեն, սեփական կնոջ նվիրումն ու հիացմունքը բավարար կլիներ։ Բայց կա ակնհայտ կամ թաքնված համոզմունք, որ այլ կանանց, մի գուցե ավելի գեղեցիկ կամ երիտասարդ, համակրանքը ավելի մեծ կշիռ ունի։ 

Ինչն էլ լինի դավաճանության պատճառաբանությունը՝ դա եղածը քողարկելու փորձ է, այլ ոչ թե արդարացում։ Հավատարմությունն ընտրություն է, որ անում ենք ամեն օր։ Այն պահանջում է հասունություն, պատասխանատվություն ու հարգանք տրված խոստումների ու արված ընտրության նկատմամբ։

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan3983
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող