loader
< Վերադառնալ
img

12.02.2024

Ասում են՝ սիրահարները կարիք չունեն հատուկ օրերի իրենց սերն արտահայտելու համար: Սիրո խոստովանության համար հստակ ամսաթվեր պետք չեն: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից՝ միշտ էլ կարելի է հավելյալ անգամ հիշեցնել սիրելիին ձեր զգացմունքների մասին: Չէ՞ որ, ցանկացած տոն, առհասարակ, հնարավորություն է շեշտելու ու կարևորելու այն երևույթը, որին որ տվյալ տոնը նվիրված է: Ե՞րբ եք նշում սիրո ձեր տոնը՝ Սուրբ Սարգսի՞ն նվիրված տոնակատարության ժամանակ, թե՞ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին: Իսկ, մի՞գուցե, Սուրբ Սարգսի տոնից սկսած մինչև Սբ. Վալենտինի օրվա ավարտը՝ հատուկ ժամանակահատված է: Ժամանակահատված՝ առավել ռոմանտիկ պահվածք ցուցաբերելու համար, շրջան՝ նվիրված սիրահարներին:

Անկախ այն փաստից, թե՝ ե՞րբ եք նշում սիրո ձեր տոնը, ունե՞ք հատուկ ամսաթիվ, թե՞ առանց առիթի եք արտահայտում ու տոնում սիրո մեծ պարգևը, բաց մի՛ տողեք ձեր զգացմունքները ջերմացնելու հնարավորությունը: Հետևյալ խորհուրդները ո՛չ միայն կտաքացնեն ձեր էմոցիաները, այլ նաև՝ կամրապնդեն հարաբերությունները ու կխորացնեն փոխադարձ կապը: Սա արդի անհրաժեշտություն է ո՛չ միայն ժամադրվող սիրահարների ու նորապսակների համար, այլ նաև՝ միասին մի ամբողջ կյանք անցած զույգերի համար, որ տարիների ընթացքում կորցնում են զգացմունքների կայծը ու էմոցիոնալ կապը: Այսպիսով՝

Խորհուրդ # 1

Պահպանե՛ք ձեր տեսադաշտում սիրելիի/ամուսնու/կնոջ նկարը:

Դա կարող է լինել հաջողված նկար շրջանակի մեջ(զույգով, ընտանեկան, անձնական), որ դրված է սեղանին, փոքրիկ լուսանկար ձեր դրամապանակի մեջ, կամ ուրախ ֆոտոշարք հեռախոսի էկրանին: Օրվա մեջ սիրելիներին նայելը խորացնում է էմոցիոնալ կապվածությունը: Դուք էլ նվիրե՛ք ձեր նկարներից սիրելիին: Թող այն հիշեցնի ձեր մասին: Սա նաև հրաշալի նվեր է սիրահարների օրվա առթիվ:

Խորհուրդ # 2

Վերահաստատեք ձեր նվիրումը: Հիշեցրեք սիրելիին՝ ինչու՞ եք շարունակում ընտրել հենց նրան:

Տարիների ընթացքում կենցաղային հոգսերը, աշխատանքը, երեխաների կարիքները երբեմն ամուսիններին վերածում են գոյատևել փորձող կենակիցների: Ու այս առօրյա կենցաղում հեշտ է մոռանալ առաջնային նվիրումի մասին՝ այն լավագույնի մասին, որ տեսաք ձեր ապագա կյանքի կեսի մեջ,այն լավագույնի մասին, որ դրդեց ձեզ ընտրել՝ ում որ ընտրեցիք: Սիրահարների օրը, ու տարվա հաջորդ օրերին, ինքներդ վերհիշեք ու հիշեցրե՛ք ձեր ամուսիններին՝ ինչու ընտրեցիք ու շարունակում եք ընտրել նրանց:

Խորհուրդ # 3

Կատարելագործվե՛ք ու աշխատե՛ք ձեր թերությունների վրա: Դարձե՛ք սեփական անձի ավելի լավ տարբերակը:

Լավագույն նվերներից, որ կարելի է ստանալ ամուսնության մեջ՝ դիմացինի պատրաստակամությունն է ավելի լավը դառնալ, ընդունել սեփական թերությունները ու փորձել շտկել դրանք: 

Խորհուրդ # 4

Նկատեք, գնահատե՛ք ցանկացած օգնություն ու լավ վերաբերմունք. արտահայտեք ձեր երախտագիտությունը:

Ժամանակի ընթացքում ավելի հակված ենք նյարդայնանալ կողակցի չարածներից ու բացթողումներից, քան ՝ նկատել ու գնահատել արվածը: Երբ կողակցի դրական պահվածքի/կենցաղային օգնության/քաղցր խոսքի համար շնորհակալ ենք լինում՝ ոգևորում ու մոտիվացնում ենք նրան ՝ էլ ավելի շատ ջանք գործադրելու: Շնորհակալության զգացումը շնորհակալ լինելու նորանոր առիթներ է ծնում:

Խորհուրդ # 5

Ուրախ ժամանց պլանավորեք միասին: Կարևոր է, որ հարաբերությունները մնան ոգևորող ու հետաքրքիր երկու կողմի համար էլ: Ձանձրույթը ավելի շատ հարաբերություն է կործանում, քան կոնֆլիկտները:

Ուրախության ու հետաքրքրության անգամ փոքրիկ չափաբաժինը կարող է վառ պահել զգացմունքային կայծը: Նոր ժամանցի տարբերակ մտածեք: Դա կարող է լինել համատեղ ճամփորդություն նոր ուղղությամբ, մեկ օր սպա-կենտրոնում/լողավազանում, նոր ֆիլմի/գրքի քննարկում, ռոմանտիկ ընթրիք նոր ֆորմատով: 

Սիրահարների օրը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որ դեռ սիրահարված են՝ իրենց նոր գտած զուգընկերոջը, կամ՝ տարիների կողակցին: Ընտրեք այս օրվա համար ձեր սեփական, միայն ձեր զույգի համար նշանակալից ամսաթիվը, կամ էլ, միացեք արդեն վաղուց տարածում ստացած տոնակատարություններին: Սիրո տոնը նշե՛ք ձեր սիրելիների հետ ու սիրելիների համար՝ նրանց հավելյալ սեր խոստովանելու ու նվիրելու համար: Սիրո խոստովանությունն ավելորդ չի լինում:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan2876
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող