
26.06.2024
Յուրաքանչյուր կին ունի իր ուրույն մոտեցումն ամուսնությանը, որը պայմանավորված է իր բնավորությամբ, համոզմունքներով ու սեփական ծնողների փորձով: Դժվար է սահմանել կնոջ դերը ընտանիքում մեկ բնորոշիչ հատկանիշով: Կնոջ պահվածքը հաճախ տարատեսակ է, իսկ այն խթանող գործոնները՝ էլ ավելի բազմազան: Այնումենայնիվ, կան վարքի կրկնվող հիմնական ձևեր ու դերեր ամուսնության մեջ, որ բնորոշ են կանանց մեծամասնությանը:
Ավանդական տանտիկինը
Առանց այս կանանց տները չեն լցվում մտերմիկ մթնոլորտով, չեն բուրում համեղ ու երբեք չեն ունենում անհրաժեշտ հարմարավետությունը: Տնային տնտեսուհիները հրաշալի խոհարարներ են ու տան դիզայներներ. ախորժելի ընթրիքներն ու տան ոճային ձևավորումներն ապահովված են: Նրանք հոգ են տանում տան բոլոր անդամների մասին ու շատ ուշադիր ու տեղյակ են բոլորի կարիքներից: Առանց ավանդական տանտիկնոջ դու քեզ չես զգա ինչպես տանը: Իրենց տունը դարձնում են ամուսնու ու երեխաների սիրված վայրը:
Ավանդական տանտիկինները իրենց հերթին լինում են շատ երեխայակենտրոն՝ ուշիուշով հետևելով երեխաների սննդակարգին, ակադեմիական հաջողություններին, ֆիզիկական ներգրավվածությանը կամ մայրական բնազդով լցվում ամուսնու հանդեպ: Վերջինիս պարագայում ամուսինները իրենց զգում են գերխնամված ու որպես կանոն շատ գոհ: Ո՞վ դեմ կլինի, երբ իրեն խնամում են, փայփայում, կազմակերպում հանգիստը, հիշեցնում վիտամիններ ընդունելու մասին, հարկ եղած ժամանակ համոզում դիմել բժիշկի: Այստեղ կարևոր է, որ նման պահվածքը չընդունվի ինչպես պարտադիր մի վերաբերմունք ու միշտ ակնկալվի տղամարդու կողմից առանց գնահատվելու: Իսկ կանայք պետք է հետևեն, որ իրենց զգացմունքները ամուսինների հանդեպ չմարեն անդադար վերջիններիս հանդեպ մայրական պատասխանատվություն կրելու ընթացքում: Ավանդական տանտիկինների համար կարևոր է չկորցնել սեփական անձը կամ անտեսել արտաքինը կատարյալ կին ու մայր դառնալու ընթացքում:
Կարիերա կառուցող կամ բիզնես-լեդի
Լինի դա սեփական բիզնես թե կարիերայի կառուցում, ձգտող ու նպատակասլաց կանանց այս տեսակը միշտ աշխատում է անձնական աճի, որակավորման, կրթության բարելավման, առաջընթացի վրա ու գրանցում նկատելի արդյունքներ: Վաստակելով ամուսիններին հավասար, իսկ երբեմն նաև ավել՝ այս կանայք իրենց շոշափելի ներդրումն ունեն ընտանիքի նյութական ապահովության հարցում: Երեխաների համար նրանք հաջողության հասած կնոջ հրաշալի օրինակ են, ամուսինների համար՝ թև-թիկունք: Այս կանանց ընտրած կենսակերպի հնարավոր թերություններից է ոչ լիակատար ներկայությունը երեխաների կյանքում:
Աշխարհիկ կինը
Ակտիվ սոցիալական կյանքով ապրող, միշտ նորաոճ ու շատ խնամված այս կանայք փարթիների ու ժամանցի վայրերի, բյութի-լաբերի ու սպաների մշտական այցելուներ են: Ունեն մեծ շրջապատ ու միշտ սպասված հյուր են: Ընտանիքին ներկայանում են միշտ կենսուրախ, գեղեցիկ ու արկածասեր: Երեխաների համար երջանիկ կնոջ կերպար են, որ բնավ չի մոռացել իր սեփական անձի մասին ամուսնությունից հետո ու շարունակում է մնալ սիրված ու գեղեցիկ կին ամուսնու աչքերում: Հնարավոր թերություններից կարող է լինել եսակենտրոն պահվածքը ու երեխաների հետ քիչ և կամ անորակ ժամանցը: Վերջինս գիտակցված ընտրություն է, այլ ոչ թե հանգամանք, որի հետ ստիպված են հաշտվել, ինչպես որ աշխատող կանանց պարագայում է:
Կին հրամանատար
Կանայք, որ ամուսիններին հանձնարարականներ են տալիս, ընտրում նրանց շրջապատը, միանձնյա կառավարում ընտանեկան բյուջեն, տան ղեկավարներն են: Նման դեր կարող են իրենց վրա վերցնել թե՛ տան տիկինները և թե՛ բիզնես-լեդիները: Տան առաջատարի դերը նրանք կատարում են շատ բնական, քանզի այն արտահայտում է իրենց ներքին ուժեղ ես-ը, այն նաև բնական է ընդունվում իրենց ամուսինների կողմից: Հակառակ դեպքում իրենց ամուսինները ուրիշ ընտրություն արած կլինեին: Նման տեսակի կանայք ունեն հստակ արտահայտված բնավորության գծեր, որ անհնար է չնկատել մինչև ամուսնանալը: Ու նման տեսակի կանայք, որպես կանոն, ընտրում են տղամարդկանց, ում հետ կարող են լինել ներդաշնակ՝ առանց փոխվելու: Երեխաների համար նրանք ուժեղ, առաջատար կնոջ կերպար են, որ անթաքույց կամ գաղտնի տան գլուխն է: Ակնհայտ թերություն է տղամարդու կողմից ավանդական դերի հանձնումը հատկապես երեխաների աչքերում:
Ամուսնու ստվերը
Կնոջ այս կերպարը ամբողջությամբ կենտրոնացած է իր ամուսնու շուրջ: Բոլոր հարցերը, սկսած երեխաների դաստիարակությունից ու վերջացրած ընտանիքի ֆինանսական ու էմոցիոնալ կարգավիճակից, միանձնյա կառավարվում են ամուսնու կողմից: Այս կինը չի ուզում լինել տան տնտեսուհի, բայց դառնում է, եթե ամուսինն է ասում: Չի ուզում աշխատել, բայց աշխատում է հենց այն ոլորտում, որ ամուսինն է ընտրում իր համար: Որպես կանոն իր արտաքինի վրա ափսոսում է գումար վատնել: Փորձում է միշտ օգտակար լինել, նեղություն չտալ անգամ իր ներկայությամբ, չունի ուրույն դեր կամ առավել ևս տեսլական ու կարծիք ընտանիքի ու երեխաների հետ կապված: Կամ պարզապես սովոր չէ այն արտահայտելու, քանի որ միևնույն է հաշվի չեն առնի: Նման կանայք ցավոք անտեսված են ընտանիքում: Երեխաների աչքերում լավագույն դեպքում «զոհ» կնոջ կերպարում են:
Սուպեր կինը
Այս կնոջ անթերի կերպարը հաճախ նախանձի առարկա է դառնում այլ կանանց համար: Պերֆեկցիոնիստ այս կանայք ձգտում են միշտ ավելիին ու ամեն օր անում անհնարինը: Զարմանալիորեն կարողանում են համատեղել իրենց աշխատանքը, տան հոգսը, երեխաների խնամքը ու կրթությունը, իսկ օրվա վերջում մնալ գեղեցիկ ու խնամված, կարծես թե ոչինչ չեն արել: Բարեկամները կփաստեն, որ հրաշալի խոհարարներ են, աշխատակիցները՝ կգովեն որպես մասնագետ, երեխաների համար անփոխարինելի սիրող մայրեր են, ամուսինների համար շարունակում են մնալ գրավիչ ու սիրված: Հարկ եղած ժամանակ և՛ աներկբա աջակցում ու հնազանդվում են ամուսիններին, և՛ խորհուրդներ տալիս ու վերցնում նախաձեռնությունը իրենց ձեռքը: Սուպեր կինը պետք է խուսափի գերհոգնածությունից, քանզի ամեն ինչ հասցնելը միշտ չէ, որ պայմանավորված է երկաթե կարգապահությամբ և ժամանակի ճիշտ կառավարմամբ: Հաճախ դրա գինը հանգստի ու քնի պակասն է:
Կնոջ ո՞ր տեսակն է ձերը: Միգուցե այն մի քանի տեսակի համակցություն է:
Մեկնաբանություններ