
18.10.2025
Ձեր երեխան շոկոլադով ծածկել է սփռոցը, ծածկոցը ու անգամ պատերը, թռչկոտում է բազմոցի ծայրին՝ վտանգելով ինքն իրեն, հարվածում է փոքր քրոջը կամ եղբորը խաղալիքի համար․ ահա և դուք գոռում եք թոքերի ամբողջ ուժով։ Նման իրավիճակը ծանոթ է ծնողների ճնշող մեծամասնությանը, եթե ոչ բոլորին։
Գոռալը ծնողի նախապես ընտրած դաստիարակչական ռազմավարությունը չէ։ Այն էմոցիոնալ արձագանք է, երբ փորձում ենք երեխայի ուշադրությունը գրավել ու ստիպել անել այն, ինչ նա չի արել մինչև մեր գոռալը։ Ի՞նչ ենք զգում այդ պահին։ Զայրույթ, հոգնածություն, անհամբերություն, անկարողություն տիրապետելու իրավիճակին ու գոռալու արդյունքում վրդովմունք մեր երեխայի հանդեպ, որ ստիպեց մեզ անել այն, ինչ իրականում մենք ինքներս սովորաբար ճիշտ չենք համարում։ Գոռալը հաճախ ուղեկցվում է նաև մեղավորության զգացումով ու առաջացնում զղջում, որ չկարողացանք սեփական անձը զսպել հերթական անգամ։
Գոռալու հետևանքները
Շատ նյարդաբանական ու ֆիզիոլոգիական հետազոտություններ փաստում են գոռալու բացասական ազդեցության մասին։ Երեխան երկարաժամկետ կտրվածքում սկսում է թույլ արձագանքել գոռալուն՝ սովորելով դրան ու ընկալելով որպես շփման միջոց։ Գոռալով ու առհասարակ բարձր նյարդային տոնայնությամբ շփվելը դառնում է հետագայում նաև նրա շփման ձևը շրջակա միջավայրի հետ։ Գոռալով դուք բացասական ազդեցություն եք ունենում ձեր երեխայի վրա՝ զրկելով նրան հանգիստ, խաղաղ մտածելու հնարավորությունից ու էմոցիաների, զգացումների կառավարման հաջող մոդել ու օրինակ ունենալու հնարավորությունից։ Դուք փոխանցում եք գոռալու սովորությունը սերնդեսերունդ․ գոռում եք, որովհետև ձեզ հետ էլ են հավանաբար գոռալով խոսել, ու ձեր երեխան կրկնում է շփման այս բացասական ձևը իր երեխայի հետ։ Գոռալուց նաև ստեղծվում է արատավոր շրջան․ գոռում եք, որ ձեզ լսեն ու կատարեն ձեր ասածը, բայց չեն լսում ու չեն կատարում, դրա հետևանքով էլ ավելի բարձր եք գոռում ամեն հաջորդ անգամ։ Գոռալը տպավորություն է թողնում միայն կարճաժամկետ։ Իսկ երբ բարձր տոնայնությամբ խոսելը դառնում է ամենօրյա սովորություն, այն առհասարակ զրկվում է ուշադրություն գրավելու կարողությունից ու պարզապես փոխանցվում երեխաներին վարակի պես, դառնում նրանց շփման մշտական օրինաչափությունը ևս։ Իսկ եթե գոռալուց նկատում եք, թե ինչպես է ձեր երեխան վախենում, ճնշվում ձեր գոռոցից՝ չիմանալով, թե ինչ սպասել ձեզանից հաջորդիվ, ուրեմն գոռալով շատ ավելի մեծ վնաս եք հասցրել ձեր զավակին, քան պարզապես վատ վարվեցողության ու էմոցիոնալ թույլ վերահսկողություն ունեցող անձի օրինակ լինելուց։ Ստեղծել եք սարսափի ու անապահովության պայթյունավտանգ մթնոլորտ, որում ձեր երեխան փորձում է գոյատևել անկանխատեսելի ու անվստահելի մեծահասակի հետ, ով չի կարողանում գծել պահվածքի անվտանգ ու ապահով հստակ սահմաններ։
Իսկ ե՞րբ է գոռալը ընդունելի։
Գոռալը կարող է ընդունելի լինել, երբ տեղի է ունենում շատ հազվադեպ, բացառիկ դեպքերում, օրինակ՝ ձեր երեխայի որևէ խաղին մասնակցելու ժամանակ նրան երկրպագելիս ու ոգևորիչ արտահայտություններ հնչեցնելիս։ Կամ արտասովոր լավ նորություններ, անակնկալներ ստանալիս ուրախության ճիչ արձակելիս։ Կամ արտառոց պայմաններում՝ ձեր երեխայի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը կանխելու համար նրա ուշադրությունը անհապաղ գրավելու նպատակով բղավելիս։
Եվ այսպես, ինչպե՞ս ազատվել գոռալու բացասական սովորությունից։
1․ Ճանաչեք ձեր հուզական գրգռիչները։ Տարբեր մարդիկ լրիվ նույն իրականության մեջ տարբեր կերպ են արձագանքում։ Այն, ինչ մեկ անձ հեշտությամբ կլուծի, մեկ այլ անձի կդրդի գոռալ ու զայրանալ։ Եթե երեխայի պահվածքը ձեզ նյարդայնացնում է այնքան, որ չեք տիրապետում իրավիճակին ու հունից դուրս եք գալիս, համոզվեք՝ ինչ ներքին գրգրիչ է ուղղորդում ձեր վարքը՝ հոգնածություն, ամենը կառավարելու մոլուցք, կատարելության ձգտում (պերֆեկցիոնիզմ)։
2․ Կանխելը ավելի հեշտ է։ Երբ զգում եք, որ արդեն շատ հոգնած եք եկել աշխատավայրից կամ օրվա վերջ տան գործերը ուժասպառ են ձեզ թողել, ու ձեզ ընդամենը թեթև առիթ է պետք երեխաների կողմից լիաթոք գոռալու համար, խուսափեք երեխայի հետ երկար շփումից։ Հիմնականում մենք գոռալու պահին ունենք որևէ պատճառ կամ չբավարարված պահանջմունք՝ սնվելու, հանգստանալու, ամուսնու հետ շփման, ինչի հետևանքով մեր անբավարարված զգացումը ծնում է զայրույթ, բորբոքում, որ թափում ենք երեխայի վրա։ Ճանաչեք, իսկ հետո փորձեք բավարարել ձեր պահանջմունքները մինչև երեխայի հետ շփվելը։ Կամ տրամադրեք ձեր անձը խաղաղ շփման երեխայի հետ՝ խոստանալով պարգևատրել հանգստով մի փոքր ուշ։
3․ Հրաժարվեք ամենը կառավարելու մոլուցքից։ Դուք չեք կարող կառավարել ամենը ու ամենքին։ Բայց կարող եք կառավարել սեփական վարքագիծը։ Պարտադիր չէ վերահսկել երեխայի ամեն քայլը, յուրաքանչյուր անհնազանդության արտահայտում տանել կոնֆլիկտի։ Մենք հաճախ գոռում ենք ստիպելու համար երեխային անել մեր ուզածը։ Կենտրոնացեք միայն ամենակարևորի վրա։ Այն ամենը, ինչ վտանգավոր չէ փոքրիկների առողջությանը ու խիստ կարևոր չէ ուսումնական ու առողջական առօրյայի համար, կարելի է անտեսել։ Շատ հարցեր զիջեք ու թույլ տվեք երեխային կառավարել ու վերահսկել ինքնուրույն՝ ինչով խաղալ, ինչ գույնի հագուստ կրել, ինչպես հարդարել մազերը ։ Հարգեք երեխայի ինքնուրույն ընտրելու ու ինքնուրույն լինելու իրավունքը, հատկապես, երբ այդ ընտրությունը չի համընկնում ձերի հետ։
4․ Դուք վերահսկում եք միայն ձեր պահվածքը։ Երբ երեխան գոռում է, տրվում զայրույթի կամ ընկնում հիստերիայի մեջ, մենք շտապում ենք նրան լռեցնել, դադարեցնել նրա վարքը ու էմոցիաների արտահայտումը` գոռալով նրա վրա։ Այնինչ պետք է առաջին հերթին վերահսկել սեփական վարքը ու էմոցիաները։ Հավասարակշիռ ծնողը նա չէ, ում երեխան չի գոռում երբեք ու չի զայրանում, այլ այն ծնողն է, որ պահպանում է սեփական հավասարակշռությունն ու հանգիստ տոնայնությունը անգամ ամենասուր իրավիճակներում՝ փոխանցելով այն երեխային։
5․ Մի կորցրեք ու վերականգնեք կապը։ Հաճախ երեխաները չլսելու են տալիս սենյակից սենյակ փոխանցվող մեսիջները։ Ֆիզիկական մոտ ներկայությունը, անմիջական կոնտակտը կարող են շատ օգտակար լինել այս պահին։ Անվերջ նույն խնդրանքը/պահանջը հնչեցնելու փոխարեն մոտեցեք երեխային, գրկեք, համբուրեք, կրկնեք ասելիքը՝ նայելով աչքերի մեջ հանգիստ տոնայնությամբ։ Անհնար է վերահսկել, ուղղորդել դեռահասին կամ փոքրահասակին, եթե չկա դրական կոնտակտ, վստահություն, մտերմություն։ Ստեղծեք ամուր, սիրալիր փոխհարաբերություն մինչև ուղղորդելն ու խնդրանքներ հնչեցնելը։
6. Որքան էլ անտրամաբանական հնչի՝ փոխարինեք գոռոցը շշուկով։ Երբ բղավելու ցանկությունը հատկապես սուր է, անցեք շշուկի․ այն ավելի շուտ ուշադրություն կգրավի։ Խոսեք պարզ, հստակ ու շատ ցածր։ Թող երեխաները լռեն, որպեսզի կարողանան լսել ձեզ։
7․ Ձեր սպասումները իրատեսական թողեք։ Երեխաները իրենց պահում են երեխայի նման՝ ակտիվ են, հետաքրքրասեր, զգայուն, չարաճճի։ Դեռահասները ուզում են ինքնահաստատվել։ Մանկահասակները լացում են։ Պետք չէ ակնկալել հասուն անձի անթերի պահվածք երեխաներից, որոնց նյարդային համակարգը դեռ չի ամրացել։ Մենք դադարում ենք վրդովվել ու բղավել, երբ գիտակցում ենք, որ մեր երեխայի պահվածքը նորմալ է ու սպասելի իր տարիքի համար։
Յուրաքանչյուրս ունի ընդամենը մի քանի տարի ստեղծելու համար մանկական հուշեր մեր զավակի համար ու նրա հետ։ Եվ թե ինչպիսին կհիշվեք դուք երեխայի մոտ, արդյունքն ու հետևանքն է ձեր վարվեցողության։ Ու չի բացառվում, որ տարիներ անց երեխան ինքն իր հետ կխոսի, սփոփի, քաջալերի, ուղղորդի կամ մերժի ու քննադատի հենց ձեր ձայնով ու ձեր բառերով։
Մեկնաբանություններ