
22.01.2025
Մարդկանց մեծամասնությունը ձգտում է ավելի ինքնավստահ լինել, ավելի շատ հավատալ սեփական ուժերին, կարողություններին, դատողություններին և առավել ևս ավելի ինքնավստահ անհատի, թե՛ տղամարդու, թե՛ կնոջ, տպավորություն թողնել շրջապատող մարդկանց մոտ: Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիան սահմանում է ինքնավստահությունը որպես «հավատք, որ տվյալ անձը ի վիճակի է հաջողությամբ կատարել որևէ առաջադրանքի պահանջները»:
Ինքնավստահ անձինք ավելի հեշտ են ձեռք բերում դիմացինի վստահությունը, ավելի լավ առաջին տպավորություն են թողնում, ավելի լավ են դիմադրում արտաքին ճնշմանը, հաղթահարում անձնական ու մասնագիտական մարտահրավերներ: Ինքնավստահությունը նաև ինքնին շատ գրավիչ գիծ է:
Հետաքրքրական է, որ նույն անձը կարող է շատ ինքնավստահ լինել մի ոլորտում ու անիքնավստահ այլ ոլորտներում: Ինքնավստահությունը մեծ կապ ունի տվյալ հարցում ձեռքբերած փորձի, գիտելիքի ու ցուցաբերած արդյունքների հետ:
Ինքնավստահությունը բնածին ու անփոփոխ չէ: Այն կարելի է ձեռք բերել, զարգացնել ու կորցնել կյանքի ընթացքում:
Եվ այսպիսով, ի՞նչ հստակ քայլեր կարելի է կատարել ինքնավստահությունը զարգացնելու համար:
Հոգ տարեք ձեր արտաքինի ու առողջության մասին
Դժվար է լավ կարծիք ունենալ սեփական անձի մասին, եթե այն անտեսված է: Երբ խնամում եք ձեր արտաքինը, վարում առողջ ապրելակերպ, դուք հոգ եք տանում ոչ միայն ձեր մարմնի մասին, այլ նաև էապես լավացնում ներքին ինքնազգացողությունը: Հետևեք ձեր սննդակարգին, մարզվեք, բավարար քնեք: Խնամված ու առողջ տեսքը կարևոր է ցանկացած տարիքում՝ դեռահասությունից մինչև խոր ծերություն: Երբ դուք ժամանակ եք գտնում առողջության ու արտաքինի համար, դուք նաև ցույց եք տալիս, որ կարևորում եք սեփական անձը, իսկ դա պարտադիր պայման է, եթե ակնկալում եք, որ կողքինները նույնպես այն կարևորեն:
Գործածեք դրական ինքնախոսություն
Հաճախ մենք մեր վատթարագույն քննադատներն ենք: Անինքնավստահությունից ելնելով այնքան շատ բացասական մտքեր ենք ունենում սեփական անձի ու կարողությունների մասին, որ հաճախ խեղդում ենք դեռ չծնված երազանքներն ու հնարավորությունները՝ բացառելով ցանկացած հաջողություն: Անվստահությունը սեփական անձի կարողության նկատմամբ շատ է արտահայտվում բացասական ինքնախոսության մեջ: Կտրե՛ք քայքայիչ մտքերի շղթան՝ փոխարինելով յուրաքանչյուր բացասական միտք դրականով: Սկսեք մտովի գովել սեփական անձը ու հավատալ նախաձեռնությունների հաջող ավարտին: Գործածեք խելամիտ հաճոյախոսություն:
Արեք այն, ինչ լավ է ստացվում
Սպորտի սիրահա՞ր եք կամ հմուտ խոհարա՞ր: Կամ լավագույնս դրսևորում եք ձեզ հենց աշխատավայրում նախընտրած մասնագիտության մեջ: Հաճախակի արեք այն, ինչ լավ է ստացվում: Դա նաև սովորաբար այն ոլորտն է, որ սիրում ենք: Գրանցեք լավ արդյունքներ, հպարտացեք դրանցով: Երբ ունենք նկատելի արդյունք որևէ գործունեության մեջ, դա ոչ միայն բարձրացնում է մեր ինքնագնահատականը, այլ նաև ընդհանուր գոհունակությունը կյանքի որակով:
Առերեսվեք սեփական վախերին
Վախը տապալելու աշխատանքային հանձնարարականը կամ մերժված լինելը առաջին իսկ հանդիպման ժամանակ ծագում է մեծամասնության մոտ: Պարզապես ինքնավստահ մարդիկ վախից պարալիզացվելու փոխարեն այն հաղթահարում են գործողությամբ: Առավելագույնս պատրաստվեք՝ նախապես մշակելով ձեր խոսքը, պահվածքը և տեսքը: Արեք առավել, քան ձեզ հանձնարարել են: Ունեցեք հնարավոր հարցերի պատասխաններ: Լավագույնս ներկայացրեք կատարված հանձնարարականը ու սեփական անձը՝ ընդգծելով ուժեղ կողմերը: Մտածեք հնարավոր քննադատությանը պատասխանելու մասին: Եվ ի վերջո, թուլացեք: Ոչ մի իրադարձություն ինքնին այնքան վախենալու չէ, որքան վախը, որ մեզ ստիպում է հրաժարվել կյանքի հնարավորություններից: Վատթարագույն դեպքում լավ փորձ ձեռք կբերեք:
Ընտրեք ձեր շրջապատը
Խուսափեք մարդկանցից, որ անինքնավստահ են, պարտվողի ու զոհի մտածելակերպ ունեն: Ինքնավստահությունը ինչպես նաև անինքնավստահությունը, կարող են շատ վարակիչ լինել: Փորձելով արդարացնել սեփական ձախողումներն ու անգործությունը՝ նրանք ձեզ համոզելու են, որ նույնպես «չեք կարող, արդեն ուշ է, իմաստ չունի» ու նմանատիպ բացասական պնդումներով ետ պահեն ձեզ ձեր երազանքներից: Հավատացեք, որ կարող եք դառնալ սեփական անձի ավելի լավ, ավելի ինքնավստահ տարբերակը ու անտեսեք այդ մտքին հակասող բոլոր պնդումները:
Բոլորն էլ ունենում են ինքնավստահության անկումներ ու վերելքներ կյանքի ընթացքում:
Բայց «ոչ ոք չի կարող ձեզ ստիպել նվազ կամ անարժան զգալ առանց ձեր իսկ համաձայնության»:
American Psychological Association. Self-confidence.
Eleanor Roosevelt
Մեկնաբանություններ