
08.07.2024
Ամուսնությունից խուսափելու թրենդը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է տարածվում տղամարդկանց շրջանում: Այս հարցը ձեզ կհետաքրքրի հատկապես, եթե ձեր ընկերը/զուգընկերը սիրահարված է ձեզ, տարիներ է անցկացրել ձեզ հետ, բայց միևնույն է, չի շտապում ամուսնանալ: Ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում տղամարդկանց, որոնք երեսունհինգ տարեկան են ու ավել, ու դեռ չեն գտել իրենց կեսին կամ չեն էլ փնտրում: Այս երևույթի մասին խոսում են նաև փաստեր. 2023 թ. ավելի քիչ ամուսնություններ են գրանցվել, քան 2022թ.-ին: Իհարկե, այս փաստի համար պատասխանատու են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Բայց հաշվի առնելով, որ Հայաստանում տղամարդիկ, համեմատած կանանց հետ, ավելի շատ են լինում հարաբերությունների ու ամուսնության առաջարկների նախաձեռնող՝ այս հոդվածում կքննարկենք հնարավոր պատճառները, որ հանգեցնում են հենց ամուրի տղամարդկանց քանակի ավելացմանը: Եվ այսպիսով, ինչու՞ տղամարդիկ այլևս չեն ամուսնանում:
Ֆինանսական ստաբիլություն
Շատ տղամարդիկ հետաձգում են ամուսնությունը՝ ցանկանալով հասնել ֆինանսապես ավելի կայուն վիճակի: Ձգտելով ավելի ամրանալ՝ ձեռք բերել տուն, մեքենա կամ ստաբիլ եկամուտ, տղամարդիկ հետաձգում են ամուսնությունը մինչև երեսուն տարեկան ու ավել: Իսկ տարիների հետ ամուրի կյանքը արդեն դառնում է կենսակերպ: Այնուամենայնիվ, ֆինանսական պատճառով ամուսնությունը հետաձգող տղամարդիկ ամենահավանական թեկնածուներն են ամուրիների շարքում, քանի որ իրենց զսպող հանգամանքը լուծելի է և զուտ ժամանակի հարց է:
Համատեղ բնակություն
Շատ տղամարդիկ համատեղ բնակվում են իրենց զուգընկերուհիների հետ, բայց չեն շտապում պաշտոնապես գրանցել հարաբերությունները, չեն կողմնորոշվում նաև արդյոք ուզու՞մ են ընտանիք կազմել տվյալ զուգընկերուհու հետ և ունենալ զավակներ նրանից: Տարիների համատեղ կյանքը վերածվում է սովորության, ու նրանք այդպես էլ մնում են չամուսնացած, առանց ընտանիքի, բայց երկարատև հարաբերությունների մեջ առանց հստակեցնելու իրենց ու տվյալ կնոջ համար՝ ինչ ապագա ունեն իրենք: Համատեղ կենցաղում տղամարդիկ ստանում են հոգատարություն ու սեր, իսկ կրած պատասխանատվությունը նվազագույն է:
Ամուսնալուծությունների բարձր աճ
Աշխարհում առհասարակ, ու մասնավորապես Հայաստանում, ամուսնությունների թիվը տարեցտարի աճում է: Շատ տղամարդիկ չեն հավատում, որ կկարողանան մի ամբողջ կյանք ապրել նույն կնոջ հետ: Հաճախ ունենալով ամուսնական կյանքի մասին կատարյալ, ոչ ռեալիստական պատկերացումներ՝ կարծում են, որ ամուսնության ինստիտուտը իրեն չի արդարացնում: Հիասթափության վախը ու ամուսնության մեջ դժբախտ լինելու հավանականությունը սպանում է ցանկացած ցանկություն՝ փորձելու իրենց երջանկությունը: Հաճախ նման մտածելակերպի տեր մարդիկ գալիս են ամուսնալուծված ընտանիքներից, որտեղ չեն տեսել երջանիկ ամուսնական զույգի մոդել, ու ամուսնությունը ասոցացնում են միայն վեճերի, անցանկալի զիջումների ու ձանձրալի կենցաղի հետ:
Ազատության քաղցրություն
Ամուրիներից շատերը գաղափարապես կողմ են ընտանիք կազմելուն, կուզենան կյանքի ինչ-որ շրջանում վերջապես ամուսնանալ, ու անգամ շատ երեխայասեր են: Բայց մտովի համաձայնվելը ամուսնության անհրաժեշտության հետ, դեռ չի դրդում որևէ քայլի, անգամ երբ մոտենում են քառասուն տարեկանի շեմին: Ամուրի կյանքի սիրահարները շատ են փայփայում իրենց անկախությունը, ազատությունը, ոչ միայն հարաբերություններում կանանց հետ, այլ առհասարակ՝ ամենօրյա որոշումների մեջ բացարձակապես սեփական անձով առաջնորդվելը, միայն սեփական կարիքները հոգալը: Ամուրի կյանքի առավելությունները չափից ավելի քաղցր են նրանց համար, որպեսզի հրաժարվեն դրանցից ցանկացած այլ բան ձեռք բերելու դիմաց: Շատերս նրանց կհամարենք եսակենտրոն, բայց նրանցից շատերը իրենց երջանիկ են զգում՝ ապրելով այն կյանքը, որը իրենց միայն ուրախություն է պարգևում: Արդյոք նրանք իրենց միայնակ չե՞ն զգում: Վստահաբար զգում են ժամանակ առ ժամանակ, բայց ոչ այնքան շատ, որ պատրաստ լինեն կրել պատասխանատվություն ոչ միայն իրենց, այլև ուրիշի համար:
Մերժված լինելու վախ
Ամուրիներ կան, որոնք ընկերներին հայտնի են իրենց անհասանելի բարձր ստանդարտներով ու պատկերացումներով ապագա կնոջ մասին: Նրանք չեն հավանում ոչ ոքի, որովհետև յուրաքանչյուրի մոտ գտնում են որևէ թերություն, որ բավարար է վերջինիս մերժելու համար: Խոսքս, իհարկե, այն տղամարդկանց մասին չէ, որ երկար ու մանրամասն ընտրության արդյունքում ամուսնանաում են իրենց շրջապատի ակնհայտորեն լավագույն աղջկա հետ: Մերժված լինելու վախը անգիտակցաբար ուղորդում է այն ամուրիներին, որոնք բացարձակապես բոլոր ծանոթ աղջիկներին ոչ բավարար լավն են համարում ամուսնության համար: Հակառակ սեռի ներկայացուցիչներին պիտակավորելու սովորության ներքո հաճախ թաքնված է սեփական անձի թերի զգացումն ու մերժված լինելու վախը:
Հեղինակավոր ուսումնասիրությունները փաստում են, որ ամուսնացած տղամարդիկ, ընտանիքի հայրերը և ամուսինները ավելի երկար են ապրում, ավելի երջանիկ են իրենց զգում ու ավելի մեծ ֆինանսական հաջողություն են գրանցում, քան երբևէ չամուսնացած տղամարդիկ: Ո՞վ կարող է ավելի լավ հոգ տանել ամուսնու առողջության մասին, երջանկացնել ու մոտիվացնել նրան, ուրախանալ նորանոր ձեռքբերումներով, քան սեփական կինը: Հիշե՛ք այս փաստարկը, երբ հաջորդ անգամ ծանոթ ամուրիների հետ խոսեք ամուսնական կյանքի առավելությունների մասին։
https://www.health.harvard.edu/mens-health/marriage-and-mens-health
https://armstat.am/
Մեկնաբանություններ