
23.12.2024
Ձեռքբերովի կամ սովորած անօգնականությունը առաջանում է, երբ անհատը շարունակաբար հայտնվում է բացասական, անվերահսկելի իրավիճակներում ու դադարում է հանգամանքները փոխելու փորձերը, անգամ երբ ունի նման հնարավորություն: Անձը այնքան է սովորում ու հաշտվում իր անօգնականության հետ, որ դադարում է հսկել անգամ այն իրավիճակները, որոնք լիովին գտնվում են իր վերահսկողության ու պատասխանատվության ներքո: Անհաջող իրադարձությունների շարքը կարող է ծնել անհատի մոտ անկարողության այնպիսի խորը զգացում, որ անգամ երբ իրականությունը փոխվում է, անձը մնում է պասիվ, անտարբեր ու չի վերցնում պատասխանատվություն իր կյանքի համար: Ձեռքբերովի անօգնականությունը հանգեցնում է մոտիվացիայի բացակայության, ցածր ինքնագնահատականի, անտարբերության, հուլության (ապատիա):
Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ կյանքում ունենում ենք դժվարագույն շրջաններ, երբ պայքարը ստեղծված իրավիճակում հիասթափեցնում է ու ունենք աջակցության կարիք: Սակայն ձեռքբերովի անօգնականության ախտանիշները ունեն տևական ներկայություն: Դրանց շարքին են դասվում՝
- որոշումներ ընդունելուց խուսափելը,
- բացասական տրամադրվածությունը,
- շուտ նահանջելը, հանձնվելը,
- անկարողությունը,
- ապրելու չիրականացված սպասելիքները,
- ջանքեր գործածելու պակասը,
- ցածր մոտիվացիան,
- պասիվ դիրքորոշումը,
- ցածր ինքնագնահատականը,
- նոր փորձ անելու մերժումը։
Ձեռքբերովի անօգնականությունը նաև բացասական ազդեցություն է ունենում հարաբերությունների վրա: Անօգնականության զգացումով տառապող անձինք կարող են բախվել հետևյալ իրավիճակներին։
Հաղորդակցության խափանում
Չկարողանալով արտահայտել սեփական կարիքները ու զգացումները՝ անօգնականություն ձեռք բերած անհատները ակամայից տանում են հարաբերությունները լարվածության ու չբարձրաձայնվող դժգոհություններ կուտակում թե՛ իրենց մեջ, թե՛ դիմացինի:
Էմոցիոնալ հեռավորության առաջացում
Հաղորդակցության խափանումն էլ իր հերթին բերում է զգացմունքային հեռացման, մեկուսացման: Փորձելով պաշտպանվել հնարավոր ցավից՝ անհատները կտրվում են զգացմունքային դաշտից, հեռանում հարազատներից կամ ներկա գտնվում միայն ֆիզիկապես: Չկիսվելով անձնական մտքերով ու չսատարելով հարազատներին՝ նրանք ստեղծում են արհեստական օտարացում, որ հնարավոր չէ հաղթահարել մեկ օրում կամ միակողմանի ջանքերով:
Նախաձեռնության բացակայություն
Երբ հարաբերություններում բոլոր որոշումներն ու առաջարկները մի կողմն է արտահայտում, իսկ մյուսը մշտապես պասիվ, անտարբեր դերում է, տուժում են երկուսն էլ: Առաջանում է դերակատարման անհավասարակշռություն, խախտվում է տալու ու ստանալու ներդաշնակությունը, վերանում է զույգի կամ ընտանիքի անդամների միջև թիմային ոգին:
Բացասական փակ շղթա
Երբ վստահ ես, որ ոչինչ չես կարող անել ու չես էլ անում, հարաբերությունները անխուսափելիորեն վատթարանում են: Դա էլ իր հերթին հաստատում է նախնական վախերը, որ ամեն ինչ վատ կավարտվի ինչպես միշտ: Ստեղծվում է փակ շղթա, երբ ձեր գործողությունը կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայությունը բերում է ձախողման, իսկ հերթական ձախողումն էլ կրկին հավաստիացնում է, որ անկարող եք փոխել իրականությունը:
Ձեռքբերովի անօգնականությունը երեխաների մոտ կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սկսած մանկական բռնությունից, որ ծնում է անպաշտպան ու անօգնական լինելու զգացում, ու վերջացրած անտեսող, չարձագանքող ծնողներով, որ ստեղծում են իրավիճակներ, որոնցում երեխայի կարիքները չեն բավարարվում, ու նա հավատացած է, որ իրենից ոչինչ կախված չէ: Տարածված պատճառներից է նաև ակադեմիական ցածր արդյունավետությունը, երբ հաջողելու փորձերը իրենց չեն արդարացնում: Դրան գումարվում է մեծահասակների քաջալերման պակաս, արդյունքների խիստ գնահատում, սուր մրցակցություն: Փոքրիկները շարունակաբար ստանում են ցածր գնահատականներ ու համոզվում, որ չեն կարող փոխել իրավիճակը, քանի որ անգամ գործած ջանքերի պարագայում չեն հասնում տենչալի արդյունքի: Դա էլ հանգեցնում է մոտիվացիայի անկմանը ու անտարբերությանը ակադեմիական ոլորտի նկատմամբ:
Ոչ պակաս, եթե ոչ ավել, քան անտարբեր ու բացակա ծնողները, գերխնամող մայրերը ու հայրերը նպաստում են անօգնականության զգացումի առաջացմանը: Այս պարագայում էլ ծնողը կամ խնամողը, գերկատարելով իր առաքելությունը, զրկում է փոքրիկին ինքնուրույնությունից ու նախաձեռնությունից: Երեխան մեծանում է անկարող կատարելու տարրական անհրաժեշտ կենցաղային գործողություններ՝ պարզապես զրկված լինելով դրանք կատարելու փորձելու հնարավորությունից: Ու բնականաբար կարծրանում է ներքին համոզմունք, որ պետք է սպասել մինչև քո փոխարեն կատարեն ինչի կարիքը, որ ունես, քանի որ սովոր ես անօգնական լինելու անփոփոխ դերին:
Իսկ ինչպե՞ս հաղթահարել ու ձերբազատվել այս բացասական սովորությունից:
Դրական տրամադրվածություն
Դրական մտածելակերպը սկիզբն է ցանկացած բացասական երևույթից ազատվելու գործում: Հատկապես, որ անօգնականության զգացումը շատ մեծ կապ ունի իրականությունը ընկալելու ու բացատրելու, եղած իրադարձությունները մեկնաբանելու հետ: Ու երբ ձեր ընկալումը դրական է, դուք չեք ընկնի բացասական մտքերի, մերժողականության ու հուսահատության գիրկը: Դրական մտքերը դրական քայլերի ծնողներն են: Անօգնականության զգացումը վերապրելիս փոխարինեք առաջացած յուրաքանչյուր նեգատիվ, բացասական միտք երկու-երեք դրականով: Սկզբում դա կանեք ստիպողաբար ու կարծես թե արհեստականորեն, բայց որոշ ժամանակ անց կունենաք փոխված դրական մտածելակերպ:
Երախտագիտության գործածում
Ոչինչ այդքան արդյունավետ չի փոխում բացասական մտքերի ընթացքը, որքան շնորհակալ լինելու հատկությունը: Օրհնությունները նկատելու ու գնահատելու սովորությունը ապացուցված է, որ լավացնում է թե՛ սեփական ինքնազգացողությունը, թե՛ հարաբերությունները հարազատների հետ:
Նպատակադրում
Անգամ փոքր նպատակներ սահմանելը ու դրանց հասնելը էապես կբարձրացնեն ինքնագնահատականը: Ժամանակի ընթացքում կարելի է բարձրացնել նշաձողը ու ավելի մեծ նպատակների հասնել: Կարևորը ձեռք բերած վերահսկողության զգացումն է ու նվաճումներով բավարարված լինելը, որ ավելանում են յուրաքանչյուր հաղթանակի հետ: Անօգնականության մտածելակերպը հետզհետե կփոխարինվի կարողության ու բավարար ուժ ունենալու վստահությամբ:
«Մեր ամենամեծ թուլությունը հանձնվելու մեջ է: Հաջողելու ամենահստակ ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է»:
Թոմաս Էդիսոն
Մեկնաբանություններ