loader
< Վերադառնալ
img

12.04.2025

Ծուլությունն էմոցիոնալ տրամադրվածությունն է չանելու որևէ գործողություն, որը անձը ճիշտ է համարում կատարել և ի վիճակի է կատարել, բայց չնայած ֆիզիկական կարողության ու գործողության կարևորության անձի համար, խուսափում է այն իրականացնելուց։ Ծուլության ընկալումը սուբյեկտիվ է․ այն, ինչ մի անձի համար բազմազբաղ օր է համարվում, ուրիշի համար ծուլության արտահայտում է։ Ծուլությունը քննարկվել է փիլիսոփայության ու կրոնի մեջ։ Քրիստոնեության արժեհամակարգում այն դասված է յոթ մահացու մեղքերի շարքին։

Ժամանակակից հասարակությունն ընդունում ու գովերգում է նվաճողներին, հաղթողներին, ակտիվ գործունեության մեջ գտնվողներին։ Բազմազբաղությունն օրինակելի է՝ ի տարբերություն ծուլության, որը լավագույն դեպքում փորձում են արդարացնել կամ համարել ժամանակավոր, անցողիկ երևույթ, որին պետք է հաջորդի մոտիվացված, ջանասեր աշխատանքը։

Ծուլությունը, բացի սուբյեկտիվ ընկալումից, կարող է ունենալ տարբեր արտահայտումներ, երեսներ․

  1. Շփոթմունք՝ «Ես չգիտեմ ինչ անել»։
  2. Նյարդային վախ՝ «Ես ուղղակի չեմ կարող»։
  3. Անփոփոխ մտածելակերպ՝ «Ես վախենում եմ ձախողել կամ հիմար երևալ»։
  4. Էմոցիոնալ հոգնածություն՝ «Ես չափազանց հոգնած եմ։ Չունեմ բավարար ուժ»։
  5. Անտարբերություն՝ «Ինձ ամենը միևնույն է»։
  6. Զղջում՝ « Ինձ համար ուշ է։ Չափազանց ծեր եմ նոր բան սկսելու համար»։
  7. Նույնականացում՝ « Ես պարզապես ծույլ եմ»։
  8. Ափսոսանք՝ « Չի կարելի այդքան ծույլ լինել»։

Վախը ու ծուլությունը

Վախը առհասարակ վճռորոշ դեր է խաղում ծուլության սնուցման պրոցեսում։ Մեծամասնությունը վախենում է տապալել ու ձախողել ավելի շատ, քան բաց թողնել իր կյանքում առկա հնարավորությունները։ Ավելի հեշտ է արդարացնել սեփական անարդյունավետությունը ցանկության բացակայությամբ, որևէ բան չանելու որոշմամբ քան ընդունել, որ ցանկացել ես, նախաձեռնել ես, փորձել ես ու միևնույն է չի ստացվել։ Անել չցանկացողի դիրքորոշումը ավելի նախընտրելի է, քան ցանկացողի, փորձողի ու ի վերջո տապալողի։

Չարաբաստիկ հարմարավետության գոտին

Տհաճ ու անհարմարավետ է ջանք գործադրել երկարաժամկետ նպատակներ իրականացնելու համար, որոնք չեն պարգևում անմիջական բավարարվածություն։ Որևէ նախաձեռնություն սկսելու համար հարկավոր է, որ անձը արժևորի ու կարևորի իր գործադրած ջանքի արդյունքում ստացածը ավելի շատ, քան հարմարավետության կորուստը։ Երկարաժամկետ ու ոչ անմիջական արդյունք ու բավարարվածություն պարգևող, հնարավոր, բայց չերաշխավորված առավելություն ընձեռող նպատակների իրականացման համար հարկավոր է ունենալ նպատակի տեսլական ու ավելին ունենալու ձգտումներ, անձնական տոկունություն հնարավոր անհարմարավետությունը հաղթահարելու համար ու հավատք սեփական հաջողության հնարավորության նկատմամբ։ Նպատակի վիզուալացումը, տեսլականը ու ամբիցիաները մոտիվացնում են դուրս գալ հարմարավետության գոտուց, դրական տրամադրվածությունն ու ինքնավստահությունը սնուցում են պրոցեսը, բայց հենց տոկունությունն է քանդում հարմարավետության քաղցր շղթան։ Իսկ առանց այն ժամանակ առ ժամանակ քանդելու դժվար է անձնական աճ գրանցել կամ իմաստալից կյանք վարել։ Չընդհատվող հարմարավետության գոտին ծնում է լճացում ու հետաճ։ Սա իհարկե չի վերաբերում այն տարրական հարմարավետության պայմաններին, որին բոլորս ձգտում ենք առօրյայում։ Հարմարավետության կարիք ունեն բոլորը, բայց այն դառնում է կախում, կախվածություն, երբ մենք հրաժարվում ենք ընդունել ու ժամանակավորապես ապրել անգամ աննշան անհարմարավետությունը, հատկապես եթե այն մեզ հույժ հարկավոր է անձնական կամ գործնական ոլորտում հաջողություն ու աճ գրանցելու համար։

Ինչպե՞ս գործնականում հաղթահարել ծուլությունը։

1․ Դարձրեք ձեր նպատակները իրականանալի

Ընտրեք կամ ձևափոխեք ձեր նպատակները՝ դարձնելով դրանք իրականանալի՝ ելնելով եղած ռեսուրսներից ու հանգամանքներից։ Եթե ընտրությունը մեծ է, նախընտրեք բավարար լավ տարբերակը հնարավոր լավագույնից այն դեպքում, եթե վերջինս անհասանելի նշաձող է։ Երբեմն չափազանց մեծ ընտրության հնարավորությունը կամ սեփական աշխատանքից կատարելության ակնկալումը նույնպես բերում է մոտիվացիայի ու գործողության սառեցման։ Շարունակ ընտրում եք լավագույն տարբերակը, ամիսներ շարունակ վերլուծում, իսկ իրականում մատնված եք անգործության։ Ակնկալում եք, որ կկատարեք որևէ գործողություն կատարյալ կերպով ու հետաձգում եք, քանի որ դա ավելի մեծ ջանք ու ժամանակ է պահանջում, քան այն պարզապես բավարար լավ, բայց ոչ իդեալական կատարելը։

2․ Հավատացե՛ք սեփական ուժերին։ Բացասական ներքին մենախոսությունը մեր վատթարագույն թշնամին է ու ցանկացած նախաձեռնության խափանողը։ Իսկ մտքերը իրականանում են։ Հավատում եք, որ կստացվի, թե ոչ, դուք իրավացի եք․ երկու դեպքում էլ կունենաք այն, ինչին հավատացել եք։

3․ Ցանկացած երկարատև գործ սկսվում է առաջին քայլից։ Պլանավորեք։ Բաժանեք աշխատանքը։ Մեծածավալ ծրագիրը բաժանեք փոքր հանձնարարականների։ Պարգևատրեք ինքներդ ձեզ յուրաքանչյուր օրվա լավ կատարված աշխատանքի համար։ Շնորհավորեք ինքներդ ձեզ ամեն անգամ, երբ կհաջողվի հաղթահարել ծուլությունն ու ավարտին հասնել տվյալ օրվա պլանները։ Նշեք այն օրերը, երբ ծուլությունը փոխարինվել է արդյունավետ աշխատանքով։ Մի մոռացեք ընդմիջումների մասին։ Օրվա պլանավորածը կատարեք՝ զուգորդելով հաճելի ժամանցի հետ, օրինակ՝ սնվելուն տրամադրած ժամանակ, սիրված երգ կամ հանգստացնող, լիցքավորող այլ զբաղմունք, որը կօգնի հանգստացած շարունակել աշխատանքը։

4․ Դիմեք օգնության, երբ հարկավոր է ու երբ հնարավոր է։

Օգնությունը կարող է արտահայտվել տվյալ աշխատանքի մեջ՝ փոխլրացնելով ձեր ներդրումը կամ կիսվելով սեփական փորձով նույն ոլորտում։ Իսկ կարող է լինել օգնություն ձեր այլ պարտականությունները ձեր փոխարեն կատարելու տեսքով։ Երբ գիտեք, որ միայնակ չենք աշխատանքի ողջ ծավալը ավարտին հասցնելու գործընթացում, ավելի հեշտ է տրամադրվել ու անցնել գործողության։

5․ Խուսափեք ուշադրության շեղումներից։ Ուշադրությունը կարող է շեղել հեռուստացույցը, հեռախոսը, տան կենդանին, ընկերոջ զանգը և շատ այլ բաներ։ Փորձեք ֆիզիկապես հեռվանալ շեղումից։ Հնարավորինս առանձնացեք աշխատանք կատարելիս։ Աշխատելիս ժամանակավորապես անհասանելի դարձեք շփման համար։

Առողջ ապրելակերպի ազդեցությունը

Առողջ ապրելակերպը նպաստում է ծուլության հաղթահարմանը։ Նախ սնունդը, որ սնուցող է ու հարուստ վիտամիններով, կտա անհրաժեշտ էներգիայի պաշարը, որի բացակայությունը հաճախ սննդի կարևորագույն տարրերի պակասից է ու շաքար պարունակող սննդի ավելցուկից։ Մարզումները լավագույն միջոցներից են ծուլության դեմ պայքարում։ Մարզումային կարգապահությունն ու դրանից բխող կամքի ուժի զարգացումը կանխարգելող միջոց է ծուլության դեմ։ Բավարար քունը պարտադիր պայման է էներգիայի անհրաժեշտ պաշար ունենալու ու օրվա մեջ ֆիզիկապես ու մտավորապես արդյունավետ լինելու համար։

Որոշ մարդիկ ավելի հակված են ծուլության, քան ուրիշները։ Բայց անգամ եթե դուք ունեք նման հակվածություն, այն հնարավոր է նվազեցնել ժամանակի ընթացքում։ Յուրաքանչյուր հաղթահարումից հետո հաջորդ ծուլության զգացումը ավելի հեշտ է անտեսել ու փոխարինել անհրաժեշտ գործողությամբ։ Առանց ծուլության հաղթահարման հնարավոր չէ իրականացնել ներքին պոտենցիալի, ամբողջ ներուժի բացահայտում ու ունենալ կյանքի որակից բավարարվածություն ու գոհունակութուն։

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan4104
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող