
27.12.2024
Ամանորին մնացին հաշված օրեր: Տոնական եռուզեռին պատրաստվելիս հասցնում ենք անել ամեն ինչ՝ զարդարել տունը, գնել նվերներ, ամփոփել աշխատանքային տարին, ներկա գտնվել երեխաների ամանորյա ելույթներին, լավագույնս ներկայանալ գործընկերների հետ ամանորյա խնջույքին և այդպես շարունակ: Գործերի անվերջանալի ցանկը կատարելիս կարևոր է չմոռանալ տոների էության մասին, ուրախանալու ու ուրախությունը սիրելիների հետ կիսելու մասին: Ամանորը տարվա լավագույն շրջաններից է անփոխարինելի մարդկանց գնահատելու համար ու ցույց տալու նրանց մեր սերն ու երախտագիտությունը:
Տոնական տրամադրություն ստեղծելու համար լցնենք այս հանգստյան օրերը մեր սիրով ու սիրո խոստովանությամբ ամուսիններին, երեխաներին, ծնողներին, ընկերներին ու բոլոր նրանց, ում հարազատ ենք համարում: Լավ ժամանակ կարելի է անցկացնել հանգստյան վայրերում, ժամանցի կենտրոններում՝ այցելելով թատրոններ ու համերգներ, հյուրընկալելով ու պարզապես զբոսնելով զարդարված քաղաքում, մի գավաթ տաք շոկոլադ խմելիս «Christmas market»-ում կամ տանը լավ ֆիլմ դիտելիս: Շատ ավելի կարևոր է՝ ում հետ ու ինչ տրամադրվածությամբ, քան որտեղ:
Շատերս, որպես քրիստոնյաներ, Սուրբ Ծնունդը կնշենք եկեղեցում մինչև տոնական սեղանի շուրջ հավաքվելը: Սուրբ Ծննդյան տոները լավագույն կոչն են նկատելու ավելին, քան սեփական կարիքներն ու ցանկությունները: Տոնին իմաստալից մասնակցություն ունենալու համար նկատենք նաև մեր կողքին ապրող կարիքի մեջ գտնվողներին. լինի դա մանկատան երեխա, թե տարեց հարևան, որ սննդի կարիք ունի: Ծանոթների միջոցով, եթե ոչ անձամբ, հնարավոր է փոքր, բայց շատ անհրաժեշտ օգնություն փոխանցել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին՝ թե՛ Երևանում, թե՛ այլ քաղաքներում: Երբ կա ցանկություն, կլինի հնարավորություն: Ներգավե՛ք նաև ծանոթներին. փոքրիկ բարի գործերը կարող են շատ վարակիչ լինել: Ի վերջո որևէ մեկ անձի, առավել ևս երեխայի ուրախություն պարգևելը, սուրբծննդյան հրաշք է, որ ստեղծում եք ինքներդ:
Իսկ ի՞նչ նվիրել հարազատներին ու ընկերներին: Շուկայում եղած առաջարկը այնքան մեծ է, որ դժվարացնում է արագ ընտրություն կատարելը: Ընտրությունը հստակեցնելու համար նախ սահմանեք բյուջե յուրաքանչյուր նվերի համար ու դուրս մի եկեք դրա սահմանից: Սա նաև կօգնի ավելի խնայողաբար կառավարել առկա ֆինանսական ռեսուրսները ու հավասարաչափ գումար բաշխել բոլոր անհրաժեշտ գնումների վրա:
Գոյություն ունեն հուշող կանոններ նվերներ կատարելիս, որ կոչվում է նվերի 5 կանոնը: Այն խորհուրդ է տալիս ընտրել այն ամենի միջից, ինչ ձեր հարազատը կամ ընկերը
Ցանկանում է
Մոտ մարդու ցանկության ու նախընտրության մասին միշտ կարելի է նախապես տեղեկանալ: Բայց եթե որոշել եք ինքնուրույն գործել ու չունեք պատկերացում հստակ ցանկության մասին, նվեր քարտերը կամ պարզապես գումարը նույնպես գործող ու պրակտիկ տարբերակ է: Նվերը անձնականացնելու համար կարելի է այն գեղեցիկ փաթեթավորել, ավելացնել երկտող, շոկոլադ կամ ծաղիկներ:
Կարիք ունի
Սա աշխատող տարբերակ է, եթե մտերիմ եք ու կարող եք ձեզ թույլ տալ գնահել դիմացինի համար անհրաժեշտությունը: Ընտանիքի անդամների ու ընկերների կարիքներին, որպես կանոն, քաջատեղյակ եք և գիտեք՝ ինչ կարելի է նվիրել՝ հեշտացնելու կամ գեղեցկացնելու նրանց կենցաղը, տունը, աշխատանքային սենյակը և այլն: Հենց մտերիմներին արտոնված ենք պարգևել այն, ինչ նրանց իսկապես պետք է, այլ ոչ թե ինչը ժամանակավորապես ցանկալի է թվում:
Կրում կամ օգտագործում է
Հագուստի, խնամքի միջոցների ու զարդերի մեջ շուկայում պակաս չկա: Ընտրեք ձեր բյուջեին հասանելի ու դիմացինի համար ցանկալի լավագույն համադրությունը:
Կարդում է
Գրքերը՝ մասնագիտական թե գեղարվեստական, դասական լավ նվեր են, եթե տեղյակ եք հստակ նախընտրության մասին:
Ինչին մասնակցում է
Սա վստահաբար իմ սիրած բաժինն է, քանի որ զգացումները ավելի շատ ուրախություն են պարգևում, քան իրերը: Խոսքս վերաբերում է համերգների, ներկայացումների հրավերներին, պատկերասրահների, թատրոնների տոմսերին, ավիատոմսերին, սպորտային ակումբների անդամակցության քարտերին, սպա կենտրոնների առաջարկներին և այն ամենին, ինչ պարգևում է զգացումներ, ապրումներ ու տպավորություններ:
Բայց անգամ եթե չեք հասցրել նվերներ գնել, պարգևեք սիրելիներին ձեր տոնական ներկայությունը՝ կիսվեք անցած տարվա լավագույն հուշերով, փոխանակվեք գալիք տարվա սպասումներով, ստեղծեք ձեր տոնը սեփական մտքերով ու գործերով ու վայելեք միասին: Մեր սրտերում եղած տոնն է, որ ստեղծում է տոնական մթնոլորտ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Մեկնաբանություններ