loader
< Վերադառնալ
img

27.11.2024

Երջանկությունը կարելի է նկարագրել որպես հոգեվիճակ, որին բնորոշ է գոհունակության ու բավարարվածության զգացումների ամբողջականությունը՝ պայմանավորված իրավիճակով ու առհասարակ կյանքով: Երջանկության որոնումները բնորոշ են բոլոր ազգերին ու մշակույթներին: Ի՞նչն է բերում երջանկության: Եվ արդյոք հնարավո՞ր է գնել երջանկություն:

Գումարի առկայությունը անհերքելիորեն տալիս է շատ հնարավորություններ ու ստեղծում իրավիճակներ, որոնք բազմիցս ավելացնում են երջանիկ լինելու հավանականությունը: Գումարի առկայության շնորհիվ ստանում ենք ոչ միայն իրեր, որոնք անցողիկ ուրախություն են պարգևում, այլ նաև ոչ նյութական ձեռքբերումներ՝ լավացնում առողջությունը, առանց որի դժվար է երջանիկ լինել, կրթություն ստանում, ճանապարհորդում ու առհասարակ բարձրացնում կյանքի որակը: Բացի այդ, ֆինանսական միջոցները հարազատների համար ծախսելը (երեխաների ու ընտանիքի այլ անդամների), ծնում է երջանկության զգացում, որն ավելի մնայուն է, քան եթե հոգում ենք միայն սեփական անձի կարիքները:

Առողջությունը, բավարար եկամուտի առկայությունը, սիրված աշխատանքը, սիրող ընտանիքը, դրական սոցիալական շփումները․ այս ամենը մեզ մոտեցնում են երջանկությանը: Մարդը սոցիալական էակ է և առանց այլ մարդկանց հետ կոնտակտի չի կարող երջանիկ լինել: Ու հենց հարաբերությունները հարազատների ու ընկերների հետ կազմում են երջանկության ամենամեծ բաժինը[i]։

Ավելին՝ բոլոր այն ձեռքբերումները, որ ունենում ենք կյանքում՝ նյութական ու ոչ նյութական, առավել շատ երջանկության զգացում են պարգևում, երբ կիսվում ենք սիրող անձանց հետ: Առաջին հայացքից ստանում ենք հասկանալի բանաձև՝ ունենալ բավականաչափ եկամուտ, կայանալ սիրված մասնագիտության մեջ, լինել առողջ, ուրախությունը կիսել սիրելիների հետ ու լավացնել նրանց կյանքի որակը: 

Այնուամենայնիվ, դժվար է հերքել այն ակնհայտ իրականությունը, որ շատ մարդիկ, լինելով կայացած ու հարուստ, առողջ ու սիրված ընտանիքում, չեն զգում իրենց լիարժեք բավարարված կյանքով ու չեն գտնում իրենց երջանկությունը: Ու պատճառը որևէ ակնհայտ երևույթի կամ իրի պակասը չէ:

Երջանկությունը բացահայտում ենք երկու տեսակով՝ հեդոնիկ և եվդայմոնիկ: Երկու բառերի ծագումն էլ հունական է: Հեդոնիկը ներառում է այն երջանկությունը, որ մեզ պարգևում են զգայարանները ու ժամանակավոր ուրախություններն ու հաճույքները՝ համեղ ուտելիքի ճաշակումից սկսած մինչև թանկարժեք իրերի ձեռքբերում, բարձր վարձատրվող աշխատանքից մինչև ճանաչում ու հանրային փառք: Սնուցելով մեր բնազդները, պահանջները, զգացմունքները, սնափառությունը, ամբիցիաները՝ երջանկության այս տեսակը նման է հրավառության, այն ինտենսիվ է ու հագեցած ոգևորությամբ, բայց ամեն հաջորդ հրավառություն պետք է ավելի ու ավելի տեսարժան լինի, որպեսզի մեզ պահի հրճվանքի նույն մակարդակի վրա: Հեդոնիկ երջանկության պոռթկումները այդ պահին թվում են անհատակ, բայց իրենց տևողությամբ կարճաժամկետ են ու միշտ առաջացնում են ավելին տենչալու ցանկություն: Նույն իրը կամ իրադարձությունը մեզ երկար չի երջանկացնում, ու հեդոնիկ երջանկության ցնծությունը կրկին վերապրելու համար ստիպված ենք կրկնապատկել, քանակապես կամ որակապես ավելացնել այն ամենը, ինչը հանդիսանում էր այդ երջանկության աղբյուր: Այդ է պատճառը, որ այն ամենը, ինչ հնարավոր է գնել, մեզ կարող է ուրախության ու գոհունակության զգացում պարգևել, բայց այն մնայուն չէ, եթե չենք բացահայտել տևական երջանկության աղբյուրը:

Եվդայմոնիկ երջանկությունը կյանքի իմաստը գտնելու, սեփական արժեքներին համապատասխան ապրելու ու հարազատներին սիրով ծառայելու մասին է: Այն կյանքի տեսլական ունենալու ու դրան համապատասխան ապրելու մասին է: Ու եթե հեդոնիկ երջանկության աղբյուրները բավականացնում են մեր անձը ու մեր էգոն, եվդայմոնիկ երջանկության աղբյուրը մեր անձից ավելի մեծ գաղափարին ծառայելու մեջ է: Այն ինտենսիվ ու խիտ չէ իր ոգևորությամբ, բայց խորին է, մնայուն ու անփոփոխ հանգամանքներից: Եվդայմոնիկ երջանկության բացակայությունն է դեպրեսիայի, ընկճախտի ու հուլության (ապատյա, անտարբերություն) պատճառ դառնում թվացյալ կատարյալ կյանք վայելող մարդկանց մոտ: Եթե հեդոնիկ ու եվդայմոնիկ երջանկության տեսակները առարկայացնենք ու վիզուալացնենք սննդի օրինակով, ապա հեդոնիկ երջանկությունը համեղ աղանդերն է, սուրճը կամ ալկոհոլային խմիչքը, իսկ մնայուն երջանկությունը՝ սննդարար ու բալանսավորված ընթրիքը, առանց որի հնարավոր չէ առողջ մնալ կամ լիարժեք հագենալ:

Իսկապես երջանիկ լինելու համար հետապնդեք երազանքներ, որոնք ոչ միայն ցնծության պահեր են պարգևում, երբ ստանում եք ցանկալին, այլ խորապես իմաստավորում են կյանքը:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan2519
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող