loader
< Վերադառնալ
img

29.04.2025

Ներողամտությունը քննարկել ու ուսումնասիրել են դարեր շարունակ։ Ներողամիտ լինելու կարողությունը կրոնական ու փիլիսոփայական շրջանակներում դիտարկվել է որպես անձի լավագույն հատկանիշ ու բարոյական պարտավորություն։ Քրիստոնեության մեջ այն առանցքային առաքինություն է ու անհնար է նկարագրել օրինակելի քրիստոնյայի, որ զուրկ է ներողամտությունից։

Ներողամտությունը միայն հոգևոր ու բարոյական հասկացություն չէ։ Այն նաև հոգեբանական գործընթաց է, որ կարող է խորապես ազդել մեր ինքնազգացողության վրա։ Հոգեբանության մեջ ներել ասելիս հասկանում ենք այլ անձի հանդեպ տածած վրդովմունքի, զայրույթի, դառնության, վրեժխնդրության զգացումները բաց թողնելու ներքին կամավոր պրոցեսը։ Այն գիտակցված ընտրություն է ազատվելու այն բացասական ապրումներից ու մտքերից, որոնք ասոցացվում են մեր անձի նկատմամբ վիրավորական կամ անարդար իրադարձության, եղելության հետ։ Ներողամտությունը ենթադրում է հուզական ինտելեկտ, սեփական զգացմունքները ճանաչելու ու կառավարելու հմտություն, ինչպես նաև ուրիշներին կարեկցելու կարողություն։ Այն գործածելը օգնում է հասնել ներքին խաղաղության ու զգացմունքային բեռնաթափման։

Ընտանիքը՝ նեղացված լինելու պատճառ

Բոլորս էլ կյանքում հայտնվել ենք իրավիճակներում, որոնք համարել ենք անարդարացի մեր անձի հանդեպ։ Վիրավորված, նեղացած, զայրացած ենք հայտնվել դրանում երբեմն արդարացիորեն, երբեմն ոչ` մեղադրելով ծանոթներին, կոլեգաներին, ընկերներին, հեռու բարեկամներին ու անգամ ամենահարազատներին։ Ու հենց ամենամտերիմների, ընտանիքի անդամների մեր հանդեպ ունեցած վերաբերմունքը, դրսևորած վարքը կամ խոսքը մեզ ամենացավոտն է խոցում։ Ընտանիքը ընկալվում է որպես ապահով ու անվտանգ, կայուն միջավայր, որտեղ մեզ ընդունում ու սիրում են։ Իսկ երբ այդ ընկալումը խախտվում է, ու հենց հարազատներն են վարվում անարդարացի կամ վիրավորական ձևով, հիասթափությունը շատ ավելի խորքային է դառնում, նեղացած լինելու չափը ավելի շատ ու ներելը ավելի դժվար։ Մեր զայրույթը միայն աճում է ու վրդովմունքը ավելանում, երբ մեզ հետ սխալ վարված անձը չի համաձայնում մեր ընկալման հետ, պնդում է իր անսխալական լինելը, չի փորձում ո՛չ արդարացնել իր արարքը ու բացատրվել, ո՛չ ներողություն է խնդրում։ Ու մենք արդարացիորեն համոզվում ենք, որ չենք ների սխալ գործած անձին, մինչև վերջինս առնվազն չընդունի իր սխալմունքները մեր հանդեպ։ Սովորաբար նման որոշմանը չեն հետևում հստակ ու անպայմանական արտահայտված ներողություններ, արարքը մեղմացնելու փորձեր, կամ դրանք արվում են այնպիսի ձևով, որ նեղացած անձի ինքնասիրությունը չի բավարարվում։ Ու վիրավորված անհատը շարունակում է մնալ զայրացած, անարդարացիորեն նեղացված, անհանգստացած, սթրեսավորված։

Չներելու հետևանքները

Զայրացած, վրդոված, անհանգստացած, վրեժխնդիր լինելու զգացումների համար մենք վճարում ենք վատթարացած առողջությամբ։ Ապացուցված փաստ է, որ զայրույթը, կուտակված դժգոհությունը, վրդովմունքը, անարդարացի վերաբերմունքի զոհ համարվելը առաջացնում են խրոնիկ հիվանդություններ։[1] Նախևառաջ մշտապես գտնվելով սթրեսի մեջ՝ դուք արտադրում եք կորտիզոլ, բացասական հորմոններ, վատթարանում է սրտի աշխատանքը, խանգարվում է քունը։ Եղած դեպքերը անընդհատ վերհիշելով, վերապրելով՝ միայն կուտակում եք ամբողջ բացասական էմոցիաների փունջը օրգանիզմում՝ խաթարելով ներքին հանգստությունը ու էմոցիոնալ առողջ հոգեվիճակը։ Յուրաքանչյուր ավել օր, որ անց եք կացնում կառչելով նախկինում պատահած դեպքերից ու շարունակելով մնալ նեղացած՝ վճարում եք ձեր առողջությամբ։

Պարգև ինքներս մեզ

Հակառակ տարածված կարծիքի՝ ներողամտությունը դիմացինի ու նրա արարքների մասին չէ, այլ մեր։ Ներելով դիմացինին՝ մենք ավելի շատ մեզ ենք պարգևում, քան նրան։ Սխալ գործած անձինք երբեմն ընդունում են իրենց սխալները ու ներողություն խնդրում, իսկ երբեմն շարունակում են պնդել իրենց դիրքորոշումը ու հրաժարվում պատասխանատվություն կրել կամ այն ուղղել։ Բայց մենք չենք կարող թողնել սեփական հոգեվիճակը ու բարեկեցությունը նրանց քմահաճույքին ու մեր լավ զգացողության համար մենք ենք պատասխանատու։ Արդարացի կլինի, եթե ձեզ նեղացրած անձը ներողություն խնդրի ու հարաբերությունները վերականգնվեն, ու դուք հաշտվեք ու շարունկեք լավ ընկերներ մնալ։ Բայց եթե անգամ դա տեղի չի ունեցել հանուն սեփական առողջության արժե ազատվել այդ անձի հանդեպ զայրույթից ու ատելությունից։ Միգուցե որոշում ընդունեք այլևս ընդհանրապես չշփվել որոշակի մարդկանց հետ, որոնք ձեզ վնասում կամ տհաճություն են պատճառում։ Միգուցե որոշեք խիստ սահմանափակել շփումը, իսկ այդ կարճատև շփման ընթացքում անտեսեք տվյալ անձին կամ հումորով ու կատակով վերաբերվեք նրա պահվածքին։ Միգուցե քայլել ձեռնարկեք՝ զրկելով ձեզ նեղացրած անձին ձեզ հետագայում նեղացնելու որևէ հնարավորությունից ու ցույց տաք սեփական ուժը։ Կարևորը այստեղ ազատվել բացասական ապրումներից, ատելության ու վատը ցանկանալու մտքերից, զայրույթից ու վրդորվմունքից, քանի որ բոլոր այս մտքերն ու ցանկությունները, որ հղելու եք ձեզ նեղացրած անձին, առաջին հերթին թունավորելու ու վնասելու են ձեզ։

Միֆեր ներողամտության մասին

# 1 Ներողամտությունը թուլության կամ արդարության զգացումի պակասի նշան է։

Չկա քայքայիչ բան, քան ամբողջ կյանքում հիշել՝ ով ինչ սխալ է թուլ տվել ձեր անձի հանդեպ, սնուցվել նրանց հանդեպ չարյացակամությամբ ու ատելությամբ, մնալ չարացած, զայրացած ու համոզել շրջապատող մարդկանց, որ կյանքը անարդար է վարվել ձեր հանդեպ։ Ուժ ու կարողություն է հարկավոր ազատվելու բացասական ապրումների շղթայից ու փոխելու ձեր կյանքը այնպես, որ նման իրավիճակում այլևս չհայտնվեք։

# 2 Ներելուց արդարացնում եք մեղավորին։

Ներողամտությունը ձեր մասին է, ոչ թե դիմացինի արարքի։ Ներել ամենևին չի նշանակում արդարացնել մեղավորին կամ փոքրացնել նրա մեղավորության չափը։ Ներելուց դուք չեք համաձայնում նրա արածի հետ կամ համարում, որ այն կարելի է կրկնել։ Հանցանքներն ու մեղքերը շարունակում են մնալ այդպիսին, անկախ այն փաստից, որ դուք որոշել եք չցանկանալ վատը դրանց գործողներին։ Ներելը անգամ չի նշանակում, որ դուք դիմացինի մասին լավ կարծիքի եք։ Դա պարզապես ձեր որոշումն է զերծ մնալ նրանց արարքների ու վերաբերմունքի բացասական ազդեցությունից։ Ներողամտությունը ձեր վերաբերմունքն է կյանքին ու ձեր անձի մեծահոգության ցուցանիշը։

# 3 Մինչև չպատժեմ նեղացնողիս, չեմ հանգստանա։

Եթե սպասում եք դիմացինի դժբախտությանը սեփական խաղաղությունը գտնելու համար, ապա միշտ կախման մեջ եք ուրիշի կյանքի հանգամանքներից։ Եթե ձեզ նեղացրած անձը չի սխալվել պատահմամբ կամ զղջացել իր արարքի համար, եթե նա շարունակում է մնալ ձեր իրական թշնամին, ապա հիասթափեցրեք նրան․ ձեր հաջողված ու երջանիկ կյանքը լավագույն վրեժն է ձեր թշնամիներից։ Պարզապես երջանիկ եղեք ու հաջողեք գործում ու անձնականում։ Հղեք ձեր ամբողջ ներքին զայրույթը, վրդովմունքը ու ուժեղ էմոցիաները հենց սեփական կյանքը բարելավելու ու կատարելագործելու վրա։ Ոչինչ այդքան չի տխրեցնի ձեզ վատը կամեցողներին, որքան տեսնել ձեզ երջանիկ ու բավարարված։

Գործնական քայլեր ներելու գործընթացում

  • Ընդունեք ձեր զգացումները։ Բոլոր զգացումները, որ ապրել եք, երբ ձեզ նեղացրել են՝ անարդարության, դավաճանության, ատելության, զայրույթի, վրդովմունքի։ Մի ձևացրեք կամ թաքցրեք ինքներդ ձեզանից, որ եղածը ձեզ չի նեղացրել, եթե դա այդպես չէ։ Վերլուծեք ձեր զգացումները, հասկացեք, թե ինչն է ձեզ հատկապես խոցել եղած հանգամանքներում։ Այն, ինչից դուք վիրավորվում եք ու ինչը ձեզ վրդովեցնում է, ցուցանիշ է, որ կօգնի ավելի լավ հասկանալ սեփական անձը, նրա առավել խոցելի կողմերը ու այն, ինչ հատկապես շատ եք կարևորում լավ ինքնազգացողության համար։
  • Փորձեք եղածին նայել ձեզ նեղացնողի աչքերով ու նրա տեսանկյունից՝ փորձելով հասկանալ նրա շարժառիթներն ու նպատակները։ Այո, միանշանակ, կարող են լինել մարդիկ, որ ձեզ ցավեցնում են դիտավորյալ ու վերաբերվում թշնամաբար։ Բայց կան նաև շատ այլ դեպքեր, երբ նեղացված լինելու պատճառը թյուրըմբռման մեջ է։ Երբ դիմացինը ձեզ համար ավելի հասկանալի կլինի ու ավելի պարզ ու ակնհայտ նրա շարժառիթները, ավելի հավանական է գալ ընդհանուր փոխընդունման։ Ինչու՞ չէ, հնարավոր կլինի նաև կառավարել մի մարդու վարքագիծը, որին լավ եք հասկանում։ Դեպքերի մեծամասնությամբ բոլորիս արարքներն ու ասածները ավելի շատ կապ ունեն մեր ներքին էմոցիաների ու հոգեբանական պահանջմունքների հետ, քան այլ անձանց հետ հարաբերություններ կառուցելու կամ դրանք քանդելու ցանկության հետ։

Ներողամիտ լինելու կարողությունը կարելի է ձեռք բերել ու զարգացնել անգամ եթե կարծում ենք, որ զուրկ ենք դրանից։ Այն մեզ անհրաժեշտ է առողջ ու խաղաղված հոգեվիճակում ապրելու համար։

«Ներել չի նշանակում հավանություն տալ կատարվածին։Այն մեր գիտակցված ընտրությունն է վեր բարձրանալ դրանից»։

 Ռոբին Շարմա


https://www.health.harvard.edu/mind-and-mood/the-power-of-forgiveness

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan3179
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող