loader
< Վերադառնալ
img

11.06.2024

Բավական ժամանակ է արդեն, որ մտածում եմ, թե ուր է գնալու կրթությունը, քանի որ մեր՝ ավելի քան հարյուրամյա համակարգերը սպառել են իրենց։ Բնականաբար ես միակը չեմ․ համալսարաններ, գիտնականներ և հետազոտողներ են մտածում այս թեմայի շուրջ։ Եվ հնարավոր լուծումը գալիս է տեխնոլոգիաներից, ոչ թե գիտական միջավայրից։ Այս թեմայով բոլորովին վերջերս շատ պարզ և հեշտ ընթերցվող գիրք է գրել կրթական ամենամեծ պլատֆորմի` Քան Ակադեմիայի հիմնադիր, կրթությամբ ինժեներ Սալման Քանը, որն արդեն 20 տարի զբաղվում է աշխարհին անվճար կրթական բովանդակություն ապահովելով (100 միլիոնից ավելի օգտագործող, 50 լեզուներով)։ Հայաստանում այն ևս ներկայացված է հայերեն բովանդակությամբ՝ Այբ կրթական հիմնադրամի ջանքերով (https://hy.khanacademy.org/

Քանը պատմում է, թե ինչպես են 2022-ից սկսած ներդնում արհեստական բանականության (ԱԲ) GPT տեխնոլոգիաներն իրենց նոր համակարգի մեջ (https://www.khanmigo.ai/), որը 24 ժամ հասանելի ԱԲ ուսուցիչ է, և ինչպես կարելի է համակարգի օգնությամբ սովորել գրել, կարդալ, պատմություն (հենց պատմական դեմքերից), մաթեմատիկա, ծրագրավորում, ստեղծագործական առարկաներ և այլն։ Այն նախատեսված է սովորողների, սովորեցնողների և ծնողների համար։ Եթե ձեր երեխաներին ապագայի հմտություններ եք ուզում տալ, անպայման կարդացեք այս գիրքը։ Եթե դասախոս եք, և ուզում եք արհեստական բանականությամբ ձեզ չփոխարինեն, գրքում օգտակար մտքեր կգտնենք։ Եթե հասկացել եք, որ դպրոցում և համալսարանում սովորածն արդեն հին է, կարդացեք գիրքը՝ արհեստական բանականության օգնությամբ ձեր կրթությունը շարունակելու համար։

Վերջերս մի տեղ նկատեցի Շիմոն Պերեսի խոսքերը, որ մենք պետք է օգտագործենք ուղեղը ավելի շատ երևակայելու, քան հիշելու համար, այս գիրքը մոտավորապես նույն տրամաբանության մեջ է դիտարկում կրթության ապագան։ Կրթությունը հիմնովին վերանայման կարիք ունի՝ ձեռներեցություն, կարդալ, գրել, հաշվել, փափուկ հմտություններ․ սրանք այն հիմքերն են, որոնց հետ սովորելով՝ ինչպես սովորել, կարելի է մշտապես արդիականացնել գիտելիքը և նոր բաներ սովորել։ Մեր կրթական համակարգերը խրախուսում են կարգապահություն (ակադեմիական և վարք) և դրանով սպանում երեխաների մեջ ձեռներեցությունը, ռիսկի դիմելը, կանոններից դուրս մտածելը, հետևաբար ենթակա են վերանայման։

Ամենաարդյունավետ սովորելը տեղի է ունենում մեկին մեկ (այստեղից կրկնուսույցների արդյունավետությունը), քանի որ երեխաները տարբեր արագությամբ են ընկալում նյութը, հետ մնացողները կտրվում են ամբողջ առարկայից։ Ֆիզիկապես հնարավոր չէ ամեն աշակերտին մեկ ուսուցիչ կցել, այդ պատճառով ունենք 20-30 հոգանոց դասարաններ։ Հարկ է նշել, որ լավ կրթական համակարգերում, օրինակ Ֆինլանդիայում, հետ մնացող աշակերտի հետ անհատական աշխատանք է տանում ուսուցիչը, որպեսզի երեխան հասնի իր ընկերներին և ետ չմնա, նրանք նույն դասարանում չեն թողնում երեխային։ 24 ժամ հասանելի ԱԲ ուսուցիչը հենց այս խնդիրն է լուծում՝ անհատականացված ուսուցում։

Այս գիրքը լավ մտածելու առիթ է, թե Հայաստանի պես փոքր երկրում նոր որակի ուսում ունենալու համար ինչի վրա պետք է կենտրոնանանք։ Հին սովետական (նույնիսկ լավ ամրացված կախիչներով և ցնցուղներով) դպրոցը վերանորոգելու փոխարեն առաջին հերթին պետք է հասկանանք՝ ինչպիսի քաղաքացի ենք ցանկանում կրթել և ինչպես այսօրվա արդի տեխնոլոգիան կարող է օգնել հաղթահարելու խնդիրները (օրինակ քիչ թվով աշակերտներ հեռավոր գյուղերում) և հասնելու այդ նպատակին։ Ակադեմիական քաղաքների վրա ծախսվող գումարները պետք է ուղղել աշխարհի առաջավոր ուղեղների հետ համագործակցությանը՝ չվախենալով փորձարարական նորարարություններից։

---------------

Գիրքն առայժմ հասանելի է միայն անգլերենով։

Արա Չալաբյան

cYerevan1583
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող