loader
< Վերադառնալ
img

13.11.2025

Երբևէ կարծե՞լ եք, որ ձեր մարմնի կառուցվածքը կարող է կապ ունենալ բնավորության ու խառնվածքի հետ։ Որքան էլ անհավանական թվա, այս գաղափարը անկյունային էր 20-րդ դարի ամերիկացի հոգեբան Ուիլյամ Շելդոնի տեսության մեջ, որ առաջարկում էլ կապել արտաքին տեսքը բնավորության գծերի հետ։ Շելդոնը առանձնացնում էր մարմնի երեք հիմնական կառուցվածք՝ էնդոմորֆ, մեզոմորֆ և էկտոմորֆ։ Մարմնի այս երեք տեսակը գիտնականը կապում էր խառնվածքի ու բնավորության դրսևորումների հետ։ Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրը։

Էնդոմորֆ

Էնդոմորֆներին բնորոշ է կլորավուն, փափուկ մարմնի կառուցվածք մարմնի ճարպի համեմատաբար բարձր տոկոսով, թույլ արտահայտված մկանային կառուցվածքով, լայն գոտկատեղով։ Էնդոմորֆները ակնհայտորեն ունեն ավելորդ քաշի խնդիր։ Նման կառուցվածք ունեցող մարդիկ նախընտրում են սոցիալական շփումներ, հաճելի ժամանց, համեղ ուտելիք, կարևորում են հարմարավետությունը։ Ունեն թեթև բնավորություն, ընկերասեր են, հեշտ են կապեր հաստատում այլ մարդկանց հետ։ Մարդաշատ հավաքույթներին իրենց զգում են տարերքի մեջ։ Շելդոնը նման մարդկանց համարում է կյանքի հաճույքների ու վայելքների սիրահար՝ սկսած համեղ ուտելիքից մինչև սոցիալական շփումներ ու ընկերակցումներ։ Հեդոնիստական ապրելակերպը նրանց նախընտրած ապրելաոճն է։ Այս անձինք հազվադեպ են ունենում մրցակցային ոգի կամ բարձր ամբիցիաներ։ Նրանք միշտ նախընտրում են հարմարավետ կյանքը և հազվադեպ են մարտահրավերներ ընդունում աճելու նպատակով։ Խնդիրների բախվելիս դիմում են այլ անձանց օգնությանը։

Մեզոմորֆ

Մեզոմորֆներին բնորոշ է մկանային արտահայտիչ զարգացվածությունն ու աթլետիկ կազմվածքը։ Մարմինը բնականից ամուր է, համաչափ ու առողջ։ Նրանք սովորաբար ունեն բնականից մարզված և համաչափ մարմին՝ ուժեղ կազմվածքով։ Մարմնի նման կառուցվածքը հաճախ ասոցացնում են էներգիայով լի ու գործունյա անձանց հետ։ Ըստ Շելդոնի՝ մեզոմորֆները հաստատակամ են, ինքնավստահ, սիրում են ֆիզիկական ակտիվությունը։ Նրանց հաճախ ընկալում են որպես առաջատարների, որոնք պատրաստ են ռիսկի գնալ։ Մեզոմորֆ անձը որպես կանոն մրցակցային է, գործունյա ու հակված ներգրավվելու ու ծաղկելու այնպիսի միջավայրներում, որոնք պահանջում են ֆիզիկական ու մենթալ ուժի դրսևորում։ Նրանք սիրում են ցուցադրել իրենց ուժեղ կողմերը ու փորձարկել սեփական հնարավորությունների սահմանները։ Ունեն հավակնոտության վառ արտահայտում ու խոչընդոտներ հաղթահարելու պատրաստակամություն։ Մեզոմորֆներին կգտնեք մարզասրահներում, աշխատանքային խմբերում՝ վստահորեն տանելով խումբը իրենց հետևից դեպի հաղթանակներ ու հաջողություններ։ Խնդիրներին բախվելիս տալիս են արագ լուծումներ, անցնում են գործողության առանց կողմնակի օգնության ու առանց նախապես շատ մտածելու։

Էկտոմորֆներ

Էկտոմորֆներին հատուկ է նիհար, երկարավուն մարմնի կառուցվածք՝ նեղ ուսերով, նեղ գոտկատեղով ու երկար վերջույթներով։ Դժվար են ճարպային կամ մկանային զանգված հավաքում։ Նրանք ինքնամփոփ են ու զուսպ, զգայուն ու ամաչկոտ։ Նախընտրում են մեկուսացված գործունեություն, խուսափում են մարդաշատ վայրերից ու ակտիվությունից։ Նրանց հեշտ է տրվում ուշադրություն ու կենտրոնացում պահանջող մտավոր հանձնարարականներ։ Փայլում են ակադեմիական միջավայրում։ Կարող են որոշ մարդկանց կողմից ընկալվել որպես անտարբեր ու մեկուսացված։ Բայց էկտոմորֆներին բնորոշ է խոր ու իմաստալից կապեր կազմել, երբ հասկացված ու ընդունված են դիմացինի կողմից։ Ունեն հարուստ ներաշխարհ, որ չեն ցուցադրում։ Արտահայտվում են հարազատների շրջանակում, խուսափում են կոնֆլիկտներից ու վիճաբանություններից։ Այս կազմվածքով անձանց կարող է անհանգստացնել տագնապի զգացումը, նյարդայնությունը։ Խնդիրներին բախվելիս ինքնուրույն շատ են վերլուծում ու մտահոգվում։

Շելդոնի տեսությունը հետաքրքրություն առաջացրեց իր ժամանակշրջանում ոչ միայն գիտական շրջանակներում, այլ նաև գիտությամբ չհետաքրքրվող լայն զանգվածների մոտ։ Սակայն ժամանակակից հոգեբանությունը այն քննադատում է չափազանց պարզունակության ու սուբյեկտիվության համար։ Անձի խառնվածքն ու բնավորությունը կրում են մի շարք գործոնների ազդեցությունը՝ ժառանգականություն, շրջակա միջավայր, անձնական կյանքի փորձառություն և այլն։ Այն կապել միայն մարմնի կազմվածքի հետ շատ սահմանափակող է։ Բացի այդ, ավելի շատ կհանդիպենք մարմնի կառուցվածքի խառը տեսակներ, որ կներառեն մեկից ավելի կազմվածքի ու բնավորության դասակարգում։ Այնուամենայնիվ որոշակի կապ մարմնի կազմվածքի ու անձի բնավորության միջև կարելի է նկատել շատ մարդկանց մոտ։ Շելդոնի առաջարկած ո՞ր խմբին կդասեիք ինքներդ ձեզ։

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan1226
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող