loader
< Վերադառնալ
img

02.06.2024

Հավանաբար լսել եք «սեր առաջին հայացքից» արտահայտությունը: Այն նշանակում է, որ կարող եք սիրահարվել` պարզապես առաջին անգամ հայացք գցելով անծանոթի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախ այն, ինչ անվանում ենք սեր առաջին հայացքից, ֆիզիկական գրավչության ընդգծված արտահայտումն է: Երբ մենք նկատում ենք դիմացինի մեջ այն ամենը, ինչ ֆիզիկապես գրավիչ ենք համարում, անվանում ենք դա սեր առաջին հայացքից: Ու սովորաբար վայրկյաններն անգամ բավական են, որ մենք գնահատենք այլոց արտաքինի բավարար գրավիչ լինելը մեզ համար: Սերը հաճախ, թեպետ ոչ միշտ, սկսում է հենց ֆիզիկական գրավչությունից: Բայց յուրաքանչյուր գրավչություն չէ, որ հանգեցնում է սիրահարվածության կամ երկարատև հարաբերությունների:

Ֆիզիկական գրավչությունը կապ չունի դիմացինի բնավորության կամ արժեքների հետ: Մենք հրապուրվում ենք արտաքին տեսքով՝ դմագծերով, մարմնի կառուցվածքով, դեմքի արտահայտությամբ, կեցվածքով, շարժումներով: Հավանում ենք այն, ինչ մեր աչքին դուր է գալիս (ենթագիտակցորեն, բնազդի մակարդակով): Եվ այս երևույթը բավականին սուբյեկտիվ է ու կողմնակալ:

Մեր ընտրության վրա ազդում են շատ չգիտակցված գործոններ՝ մշակույթը (ձևավորելով գեցղեցկության նշաձող մեդիա դաշտի միջով), մեր ժառանգականությունը (ծնողների կերպարը՝ հայր-աղջիկ ու մայր-որդի հարաբերությունները հետագայում անգիտակցաբար ազդում են մեր ընտրության վրա), շրջապատի կարծիքը (սա հատկապես արդի է դեռահասների շրջանում): Տղամարդիկ ավելի շատ են նշանակություն տալիս արտաքին տվյալներին, քան կանայք:

Բայց, ի վերջո, ի՞նչն է գրավում տղամարդկանց ու կանանց միմյանց մեջ:

Դիմացինի արտաքինը գնահատելիս ուշադրություն ենք դարձնում հետևյալին․

Դիմագծեր

Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ նախընտրում են սիմետրիկ, հավասարաչափ դեմքեր ու դիմագծեր: Իհարկե յուրաքանչյուրս ունի նախընտրություն ու նախընտրած կերպար, որ տարբերվում է մաշկի ու մազերի գույնով (շիկահեր, թխահեր), դիմագծերի առանձնահատկությամբ (նուրբ, զգացմունքային, վառ արտահայտված, ավելի կոպիտ): Ու հաճախ գրավիչ ենք համարում նույն կերպարի ներկայացուցիչներին:

Մարմնի կառուցվածք

Նորություն չէ, որ տղամարդիկ նախընտրում են ընդգծված գոտկատեղ, կոնքեր ունեցող մարմիններ, որ բնազդորեն դարեր ի վեր կապում են կնոջ վերարտադրողականության կարողության հետ: Ոտքերի երկարությունը մարմնի համեմատ նույնպես կարևոր ցուցանիշ է: Բարձրահասակ տղամարդիկ և կանայք առհասարակ ավելի գրավիչ են համարվում:Կանայք նույնպես անգիտակցաբար նախընտրում են թիկնեղ տղամարդկանց՝ ուսերի լայնությունը ասոցացնելով ուժի, ապահովության հետ: Ստացվում է, որ անգամ մեր նախնիներից դարեր անց մենք գրավիչ ենք համարում այն, ինչ անհրաժեշտ է ապագա սերնդի գոյատևման համար՝ առողջ, բարձր վերարտադրողականությամբ կին ու ուժեղ տղամարդ այդ կնոջը ու իր սերունդը պաշտպանելու, ապահովելու համար:

Կեցվածք, շարժումներ

Ֆիզիկական գրավչությունը ամենևին չի սահմանափակվում մարմնի կամ դեմքի բնական տվյալներով ստատիկ, անշարժ դիրքում: Այն, թե ինչպես ենք օգտագործում մեզ տրվածը, պակաս կարևոր չէ: Դեմքի արտահայտությունը, քայլվածքը, շարժումները, կեցվածքը, ինքնավստահությունը խոսքի ու դինամիկ շարժման մեջ, շպարվելու ու հագուստը կրելու ոճը գրավչության ազդեցիկ աղբյուր կարող են լինել:

Ձայնն ու հոտը նույնպես ակտիվ գործոններ են մեր ընտրության մեջ: Կանայք նախընտրում են ցածր, խորը ու խռպոտ ձայներ, իսկ տղամարդիկ՝ բարձր ու բարակ: Այս ընտրությունը նույնպես պայմանավորնած է բնությամբ: Տղամարդկանց հորմոն տեստոստերոնը, որ շատ է արտադրվում պատանիների մոտ հասունացման շրջանում, պատասխանատու է ձայնի ցածրացման, խորացման ու խռպոտության համար: Հենց նույն տեստոստերոնն է, որ պատասխանատու է տղամարդկանց մազածածկի ու լայն ուսերի համար:

Հոտը, որ յուրաքնչյուր մարդ արտադրում է, իր հերթին, ունի անտեսանելի ազդեցություն մեր ընտրության վրա: Անգիտակցաբար ու անկառավարելի կերպով դիմացինի հոտը մեզ կարող է դրդել հրապուրվել:

Այն, ինչ մենք գրավիչ ենք համարում դիմացինի մեջ, բացահայտում է ոչ միայն նրան, այլ ինքներս մեզ: Ու թեպետ գրավիչ համարվելու պատճառները խորքային են, բնազդային ու շատ անհատական, կան որոշակի առանձհատկություններ, որ մեծամասնության կողմից կընդունվեն որպես գրավչության անվիճելի ապացույց: Ամենագրավիչ հատկանիշներից են ուղիղ, ճկուն կեցվածքը, նկատելի խնամվածությունը (հիմնականում կանանց պարագայում), ճիշտ ընտրած հագուստը, մարմնի առողջ քաշը, երիտասարդ տեսքը, հետաքրքրված (չմարած ու չհոգնած) հայացքը, ինքնավստահ պահվածքը: Եվ ամենավերջում ամենակարևորի մասին: Կանանց մեջ գրավում է կանացի էներգետիկան, տղամարդկանց մեջ՝ առնականը: Եթե այն կա, ապա անպայման կգտնի իր արտահայտումն ու դրսևորումը արտաքինի մեջ, լինի դա դեմքի արտահայտություն, մարմնի կառուցվածք թե շարժուձև:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan1578
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող