loader
< Վերադառնալ
img

25.03.2024

Զայրույթը մարդկային հիմնական զգացմունքներից է, որ բոլորը վերապրում են կյանքի ընթացքում: Անհանգստության ու վախի հետ միասին այն նպաստել է մարդու սկզբնական գոյատևմանը: Զայրույթի առաջացման պատճառ կարող է լինել մեր գործընկերների, բարեկամների ու ոչ պակաս սիրելի զավակների պահվածքը: Նյարդայնացնող իրավիճակները՝ ճանապարհային խցանումները, երկար հերթերը, վատ սպասարկումը, ևս նպաստում են զայրույթի պոռթկմանը: Զայրույթը, ինչպես և ցանկացած այլ զգացմունք, իր մեջ ունի մեսիջ (հաղորդագրություն)՝ հուշելով, որ իրավիճակը անարդար է, սպառնացող կամ վրդովեցուցիչ: Մինչդեռ առավել քան նորմալ է զայրանալ, երբ հայտնվում ենք նման իրավիճակներում, բայց զայրույթը վերածվում է խնդրի, երբ այն արտահայտելիս վնասում ենք դիմացինին կամ ինքներս մեզ: 

Ստորև ներկայացնում ենք ամենատարածված մոլորությունները զայրույթի մասին:

Միֆեր և փաստեր զայրույթի մասին

Միֆ #1 Զայրույթը վնասակար է զսպել ու «ներս պահել», այն պետք է ազատ արձակել:

Փաստ #1 Չնայած առողջությանը վնաս է ճնշել ու անտեսել զայրույթը, բայց այն բացարձակ բաց թողնելը ագրեսիվ ձևով չի հանգստացնի ձեզ: Իրականում անկառավարելի պոռթկումները միայն սնուցում են զայրույթը ու էլ ավելի խորացնում զայրանալու ձեր հակումը:

Միֆ #2 Զայրույթը, ագրեսիան ու ահաբեկումը կստիպեն դիմացինին հարգել ինձ:

Փաստ #2 Մարդիկ հավանաբար կվախենան ձեզանից ու կխուսափեն ձեզ հետ շփվելուց՝ համարելով ձեզ անկանխատեսելի ու էմոցիոնալ ոչ ստաբիլ մարդ: Բայց հարգանք ձեռք չեք բերի, եթե չեք կառավարում սեփական անձը:

Միֆ #3 Զայրույթը հնարավոր չէ կառավարել, այն մեզանից անկախ է, ու զայրույթի պատճառը շրջապատի մարդիկ են:

Փաստ #3 Դուք հաճախ պատասխանատու չեք ստեղծված իրավիճակների համար, բայց պատասխանատու եք ձեր արձագանքի համար: Զայրույթի արդարացի զգացումը կարելի է արտահայտել առանց ագրեսիայի ու վիրավորանքի: Անգամ եթե ձեզ միտումնավոր հրահրում են, ձեր պատասխանը ձեր ընտրության տիրույթում է: Հիստերիան, բարձր տոնայնությունը ներքին ուժի բացակայության, այլ ոչ թե առկայության նշան են:

Այսպիսով, խնդիրը ոչ թե զայրույթի զգացումն է, այլ նրա արտահայտման ձևը: Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերահսկել էմոցիաները ու խուսափել բղավելուց: 

  1. Դադարեցրե՛ք ձեր խոսքը, եթե սկսել եք բղավել: Կշարունակեք, երբ կանցնեք հանգիստ տոնայնության: Դրա շնորհիվ կխուսափեք շատ ավելորդ բառերից, որոնց համար հետո կարող եք զղջալ:
  2. Խորը շունչ քաշեք, մտովի հաշվեք մինչև տասը: Քայլեք սենյակում, եթե հարմար է: Շրջվեք մեջքով դեպի այն անձը, ում վրա ուզում եք գոռալ այդ պահին, կամ պարզապես շրջեք հայացքը այնպես, որ մի քանի րոպե չլինի ձեր տեսադաշտում: Գոռալու ամենասուր պահանջը լինում է առաջին վայրկյանների ընթացքում ու հետզհետե մարում:
  3. Փորձեք լքել սենյակը, առանձնանալ թեկուզ մի քանի րոպեով: Եթե տանն եք, գնացեք այլ սենյակ: Եթե հասարակական վայրում եք, դուրս եկեք մաքուր օդի, լվացեք դեմքը․ ջուրը հանգստացնող ազդեցություն ունի:
  4. Իրավիճակից մտովի հեռացրեք ձեր անձը: Պատկերացրեք, որ դիտորդ եք, այլ ոչ թե մասնակից: Պատկերացրեք, որ այս ամենը կատարվում է ձեր ընկերների հետ, իսկ դուք ականատես եք: Կատարվածին նայեք կողքից, ինչպես մեկը, ում խորհուրդը կհարցնեին: Հաճախ լավագույն խորհուրդները, որ տալիս ենք ուրիշներին, ամենաշատը մեզ են անհրաժեշտ:
  5. Երբ խաղաղվեք, հստակեցրեք այն հրահրող գործոնները/իրավիճակները, որոնք առաջացնում են զայրույթի զգացում: Եթե չեք կարող այդ գործոնները չեզոքացնել, խուսափեք դրանցից: Հնարավորինս բացառեք նույն իրավիճակի կրկնվելը՝ մեղմելով գրգռող ու հրահրող գործոնների ազդեցությունը: Ցուցաբերեք խնդրի արմատական լուծմանը ուղղորդված մոտեցում:

Զայրանալիս կառավարեք ձեր զգացումը, քանի դեռ այն չի կառավարել ձեզ: Ձեր արդարացի զայրույթը արտահայտեք հաստատակամ ու մտածված կերպով՝ չկորցնելով ինքնատիրապետումը: Դժվարը առաջին անգամ սեփական անձին հաղթելն է:

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan3810

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող